Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. ՌԴ-ն ՀՀ-ին պետք է այնքան, որքան ՀՀ-ն ՌԴ-ին

Ապրիլ 18,2016 14:05

«Ի տարբերություն նախորդ դարի, մեր շերեփն այսօր թղթե չէ: Այլ հարց` նրա ամրության աստիճանը, որը կստիպի մեզ հետ հաշվի նստեն: Միջպետական հարաբերություններում, հաշվի են նստում ուժեղի շահերի, հնարավորությունների ու ցանկությունների հետ: Մենք դատապարտված ենք ուժեղ լինել ու ոչ միայն ռազմական առումով»,- «Դեբատ» մամուլի ակումբում հրավիրված քառօրյա պատերազմին եւ այդ առիթով ստեղծված իրավիճակին վերաբերվող քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Բանախոսը համոզված է` պետք է վերանայվեն սպառազինության մակարդակը, չափը, ձեւը, բայց նաեւ տնտեսապես պիտի ուժեղ լինենք:

«Եթե ԵԱՏՄ վարչապետների համաժողովը Երեւանից տեղափոխվում է իբր այս կոնֆլիկտում որեւէ մեկին չսատարելու համար, սա խոսում է այն մասին, որ այդ առաջարկությունն անողի համար Հայաստանը որպես տնտեսական եւ քաղաքական գործընկեր ավելի պակաս կարեւոր է, քան ոչ ԵԱՏՄ անդամ Ադրբեջանը: Նա համաձայն է հանրապետության նախագահի հետ` հարց է, այդ քայլով նրանք օգնեցի՞ն Ադրբեջանին, թե՞ վարկաբեկեցին ԵԱՏՄ-ն»,- ասաց Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ այս պատերազմը լակմուսի թուղթ էր եւ ցույց տվեց մեր անելիքները քաղաքական, տնտեսական, ռազմական հարթություններում, որոնք քիչ չեն:

Խոսրով Հարությունյանը գտնում է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է, քանի որ այս ավանտյուրայով Ադրբեջանն իր համար որեւէ խնդիր չլուծեց. «Նոր հնարավորություններ ձեռք չբերեց, փոխարենը նաեւ Ալիեւն իր քաղաքական դեմքը փրկելու խնդիր ունի ոչ միայն իր ժողովրդի առջեւ, այլ միջազգային հանրության առջեւ, քանի որ ասում էր 24 ժամը բավարար է, բայց պարզվեց, որ 72 ժամն էլ ոչինչ չտվեց իրեն»:

Նա առաջարկում է պատրաստվել`արդեն ռազմական ներուժն ու ռազմավարական մարտավարությունն իմանալով: Իշխող ուժի խմբակցության պատգամավորը վստահեցնում է`քայլեր արվում են, ՀՀԿ խորհրդի նիստում նախագահն ու պաշտպանության նախարարը ներկայացրել են որոշ բաներ:

Ըստ Խոսրով Հարությունյանի, մեր երկարաժամկետ ծրագիրը տնտեսական զարգացումն է, մյուսը`պատերազմական գործողությունների կանխումը, որը ոչինչ չի տա ոչ միայն կողմերին, այլ նաեւ տարածաշրջանին:

Նա նաեւ փաստում է`Հարավային Կովկասում իր բնական անվտանգությունը ապահովելու այլ դաշնակից, քան ՌԴ-ն է, Հայաստանը չունի: Մեր հետաքրքրությունները համընկնում են: «Այլ հարց է, որ մեր ռուս գործընկերները գիտակցեն, որ քաղաքականության մեջ բարեգործություն չկա`բոլորս, այդ թվում նաեւ ՌԴ քաղաքական վերնախավը, պետք է արձանագրի, որ Հայաստանը ՌԴ-ին պետք է ճիշտ այնքան, որքան ՌԴ-ն Հայաստանին: 102-րդ բազան ՀՀ-ում է, քանի որ այն ապահովում է ՌԴ-ի հարավային ուղղությամբ անվտանգությունը, ինչը համընկնում է Հայաստանի շահի հետ»,-ասաց նա` հավելելով, որ ՌԴ-Ադրբեջան հարաբերություններից մենք խանդ չենք ապրում, բայց դրանց խորացումը չի կարող ի հաշիվ ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության լինել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930