Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն առաջիկայում նոր գրոհ է փորձելու». Երվանդ Բոզոյան

Ապրիլ 18,2016 20:13

«Ռուսաստանը ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման հարցում միակողմանի Հայաստանին պաշտպանելու պարտավորություն չէր  վերցրել, այլ հարց է՝ Հայաստանի իշխանություններն այդպես էին ներկայացրել հասարակությանը». քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի մեկնաբանմամբ, չորսօրյա պատերազմը զգալի փոփոխություններ մտցրեց մեր հասարակական գիտակցության մեջ, եւ բոլորս հասկացանք՝  անվտանգությունը մեր պետության գլխավոր խնդիրն է:

«Լուրջ անելիքներ ունենք պաշտպանության համակարգի արդիականացման առումով՝ զենք, զինամթերքի ձեռք բերման հարցում: Լուրջ խնդիրներ պետք է դնենք բանակի առջեւ, որ արդիական կառավարում ունենա, որովհետեւ այն ադրբեջանական բանակը, որը կար 90-ականներին, այսօր այլ բանակ է՝ հագեցած նոր կառավարման մոդելով ու գերժամանակակից սպառազինությամբ:

Այս պատերազմը արթնացրեց մեզ, մինչ այդ քնած վիճակում էինք՝ հակառակ Ադրբեջանի, որը բոլոր իմաստներով պատրաստվում էր պատերազմի»,- ասաց քաղաքագետը:

Մեր հարցին ի պատասխան, իսկ քառօրյա պատերազմում Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակից, գործընկեր Հայաստանը նորովի բացահայտե՞ց, քաղաքագետը շարունակեց. «Ուռճացված է Ռուսաստանի նկատմամբ հասարակության քննադատությունը, հասարակությունը բացահայտեց, որ Ռուսաստանը միանշանակ չի պաշտպանելու ՀՀ-ին ԼՂՀ հարցում: Ռուսաստանն այդ հարցում պարտավորություն չէր էլ վերցրել, այլ հարց է՝ Հայաստանի իշխանություններն այդպես էին ներկայացրել հասարակությանը: Հաշվի առնելով Թուրքիայի գործոնը՝ ՌԴ-ն որոշակի զսպիչ գործողություն իրականացնում է: Որովհետեւ, եթե պատերազմի ընթացքում Թուրքիան բացահայտ ներխուժեր Նախիջեւանի տարածքով, ապա բալանսը կխախտվեր հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի:

Հայաստանն այսօր ինքնուրույն ի զորու չէ զսպել թուրքական վտանգը, իսկ Ռուսաստանն իր բոլոր կառույցներով՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, հայ-ռուսական տարբեր համաձայնություններով ապահովում է  ՀՀ անվտանգությունը Թուրքիայի կողմից, բայց ՌԴ իշխանությունները մշտապես ասել են, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պարագայում չեզոքություն են պահելու:

ՌԴ-ն չի կարող ԼՂՀ կոնֆլիկտում միակողմանի պաշտպանել Հայաստանին, սա շատ լավ գիտեին Հայաստանի իշխանությունները, պարզապես, երբ բացահայտ ցուցաբերեցին բոլոր իմաստներով իրենց ոչ պատրաստվածությունը, ակամայից, որ քննադատության թիրախը չգա իրենց վրա, իշխանությունները ուղղորդեցին մեղադրանքները դեպի ՌԴ, որ իրենք քավության նոխազ չդառնան»:

Պարոն Բոզոյանի կարծիքով, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հայկական կողմը պիտի դժգոհեր տարիներ առաջ, ոչ թե հիմա. «Իսրայելի նկատմամբ էլ կա դժգոհություն, թե զենք  են վաճառել Ադրբեջանին, բայց Իսրայելը պաշտոնապես հայտարարել է, որ այդ նույն զենքը առաջարկել են նաեւ Հայաստանին, իսկ Հայաստանը հրաժարվել է գնել. «Եթե հրաժարվում ես զենք գնել Իսրայելից եւ միաժամանակ քո հասարակությանը տրամադրում ես Իսրայելի դեմ, երկու բան կա այստեղ՝ կամ անմեղսունակություն, կամ անբարոյականություն»:

Ըստ նրա, ադրբեջանցիները մեծ պատերազմ անելու նպատակ չունեին, փորձում էին պարզապես բլից կրիգով տարածքներ գրավել, որոշակի հաջողություններ արձանագրել, որ դիվանագիտական ճանապարհով զիջումներ կորզեին: Պարոն Բոզոյանի համոզմամբ, Ադրբեջանն առաջիկայում նոր գրոհ է փորձելու, որ կարողանա վերջապես մի զգալի տարածք վերցնի, որ կարողանա Հայաստանին պարտադրել զիջումների գնալ. «Ամիսներ անց փորձելու են նույն բանը կրկնել, գուցե ավելի մեծ մասշտաբներով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Եթե ամիսներ անց Անդրբեջանը չհարձակվի, ապա անձամբ ես պրն․ Բոզոյանին կհիշեցնեմ իր քաղաքագիտական վերլուծությունները։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930