Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստը

Ապրիլ 21,2016 19:30

Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստը, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նիստը վարում էր Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:

Նիստին մասնակցում էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ԱՄՆ-ի «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, ԱՄՆ-ից լրագրողներ Հակոբ Վարդիվառյանը և Պայծիկ Գալաջյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ ՍՆ տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը, նախարարության այլ աշխատակիցներ: Հեռակապի միջոցով մասնակցում էին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, Ֆրանսիայի Նոր Յառաջ» թերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Չոլաքյանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարարը նախ անդրադարձավ ապրիլի 2-6-ը Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իրականացրած լայնամասշտաբ ռազմական ագրեսիային: «Մեզ համար այդ ծանրագույն օրերին Սփյուռքի հայկական համայնքները համախմբվեցին և ամենատարբեր, մեծածավալ օգնություն ցուցաբերեցին Արցախին: Մինչ օրս Լեռնային Ղարաբաղում բացված պաշտոնական հաշվեհամարին են փոխանցվում գումարներ, կազմակերպվում են դրամահավաքներ, Արցախ են առաքվում հումանիտար բեռներ, Ռուսաստանից ուղարկվում են տարբեր մեքենաներ: Շնորհակալ ենք բոլորին: Հարկ է շեշտել, որ Սփյուռքում գործող մեր լրատվամիջոցների արագ արձագանքման շնորհիվ էր, որ մեր հայրենակիցներն անմիջապես տեղեկացվեցին, համախմբվեցին և 50-ից ավելի երկրներում անցկացրին Արցախի պաշտպանությանը նվիրված ու Ադրբեջանի ագրեսիան դատապարտող ցույցեր, բողոքի երթեր, դատապարտող վերաբերմունք դրսևորելու համար նամակներով դիմեցին իրենց բնակության երկրների իշխանություններին, – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – Ադրբեջանն իրականացրել է ռազմական հանցագործություն և այդ մասին մենք պետք է կարողանանք հնարավորինս շատ գրել՝ իրականությունը ներկայացնելով համաշխարհային հանրությանը, ձևավորելով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ճիշտ պատկերացում և մոտեցում: Հայ ժողովուրդը 10 միլիոնանոց բանակ դարձավ: Մենք պետք է առաջ տանենք Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացը: Միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ և մեկ բռունցք դարձած մենք կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները»:

Համաժողովի մասնակիցները ներկայացրեցին իրենց համայնքներում տեղի ունեցած զարգացումները և լրատվամիջոցներում տեղ գտած արձագանքները:

Օրակարգում էին հետևյալ հարցերը՝ «Ադրբեջանական ագրեսիայի լուսաբանման խնդիրները տարածաշրջանի երկրների պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցներում», «Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ծրագրերը Սփյուռքի համայնքներում», «Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի նիստերի թեմատիկան»:

Անդրադառնալով «Ադրբեջանական ագրեսիայի լուսաբանման խնդիրները տարածաշրջանի երկրների լրատվամիջոցներում» հարցին՝ նիստի մասնակիցները կարևորեցին հարցի քարոզչությունը օտար լեզուներով կազմակերպելու, ռազմական ագրեսիայի օրերին հայկական և Սփյուռքի լրատվամիջոցների համախմբված աշխատանքի շնորհիվ Ադրբեջանի կողմից իրականացվող ապատեղեկատվական հոսքերի մեջ չներքաշվելու և ի վերջո՝ Սփյուռքի համայնքներում ազգային տուրք իրականացնելուն վերաբերող հարցերը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Պատերազմից 21 օր հետո է <> տուրիստական կազմակերպությունը որոշում Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նիստը հրավիրել???? Հասկանում եք, որ պատերազմ է, որ հարյուրից ավելի երիտասարդ տղաներ են զոհվել ու դեռ շարունակում են: Քնած եք, թե մեռած?????

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930