Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մինչեւ հաջորդ պատերազմը ամիսներ ունենք եւ ոչ թե տարիներ». Արա Պապյան

Ապրիլ 22,2016 19:05

«Այն, ինչ տարիներ շարունակ ասում էինք, որ տարածաշրջանը լուրջ փոփոխությունների առջեւ է կանգնած, որ լուրջ մարտահրավերներ կան, որ կոռուպցիան անվտանգությանը սպառնացող լուրջ գործոններից մեկն է,  մեր աչքի առջեւ երեւաց: Բանակի ներսում թերությունների մասին էլ շատ բան գիտեինք, բայց չէինք ուզում շատ բաների հավատալ: Հիմա հասկացանք մի բան, որ բոլոր այդ հերոսություններով հանդերձ, լուրջ խնդիրներ կային պաշտպանության կազմակերպչական, մատակարարման խնդիրներ կային, հրամանի արձակման վերաբերյալ լուրջ խնդիրներ, ով պետք է հրաման տար ճիշտ ժամանակին, ինչու չտվեցին, ինչու կասեցվեց: Մեր իշխանությունները հստակ պետք է իմանան, որ մեզ շատ ժամանակ տրված չէ, լրջագույն փոփոխությունների ենք սպասում: Առայժմ չենք տեսել, բայց այդ փոփոխությունները պետք է սկսեն ԱԳՆ-ից ու ՊՆ-ից:

Եթե ՊՆ-ի մարտունակ զորամիավորումներն իրենց լավագույն կողմից ցույց տվեցին, ապա ԱԳՆ-ի աշխատանքը բացարձակ ձախողում էր: Այն, որ պատերազմը սկսեց, արդեն իսկ դիվանագիտության ձախողում է: Երկրի պաշտպանության առաջին գիծը դիվանագիտությունն է»,- այսօր «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում ասաց Արա Պապյանը:

Պարոն Պապյանի խոսքով, հրատապ փոփոխությունների շարքում ինքը նկատի ունի նաեւ մեր պետությունը շտապ կարգի բերելը, որովհետեւ ըստ նրա, պատերազմում ոչ թե բանակները, այլ պետություններն են կռվում. «Կարգի բերվի ամեն ինչով՝ վերեւից ներքեւ, որովհետեւ նրանք, որ կարծում են վերեւներում են, ընտանեկան հարցով լավ  են, այդպես չէ, մենք բոլորս նույն նավի մեջ ենք, ու վտանգը բոլորիս է սպառնում: Բոլոր զոհերը, որ անկախությունից հետո անընդհատ ունենում ենք, պետք է իմաստավորվեն: Իսկ  մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ ինչ-որ մի թերթի հրապարակում՝ հողերը պետք է հանձնենք, չհանձնենք, ժողովրդին գցում է ցնցումների մեջ: Այսինքն, այնքան թույլ ենք մեզ զգում, որ մտածում ենք՝ ինչ-որ մեկը կգա ու կասի՝ հողերը տվեք, ու կտան»:

Ըստ Արա Պապյանի, բյուջեի սխալ բաշխում կա ոստիկանության ու պաշտպանության նախարարությունների դեպքում. «Մի տարվա կտրվածքով ոստիկանության բյուջեն աճել է 13,7 տոկոսով, իսկ պաշտպանության նախարարությանը՝ 4,2 տոկոսով: Այսինքն, ոստիկանության դերն ավելի մե՞ծ էր, քան բանակինը, այն դեպքում, որ Ալիեւն արդեն երեք տարի է՝ խոսում է  Երեւանը գրավելու մասին»:

Պարոն Պապյանը եզրափակեց կանխատեսմամբ՝ լայնամասշտաբ պատերազմական հաջորդ գործողությունները առաջիկա ամիսների հարց է. «Մենք մինչեւ հաջորդ պատերազմը ամիսներ ունենք եւ ոչ թե տարիներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930