Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնում. Պատգամավորները մեղադրում են մեկմեկու (Տեսանյութ)

Ապրիլ 25,2016 14:25

Այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ չնայած ԼՂՀ-ում փակ եւ բաց ռեժիմներով հանդիպումներ, քննարկումներ են ունեցել, բայց ավելի շատ հարցեր են հիմա իրենց մոտ առաջացել:

Նա հորդորեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, որ ԱԺ-ում հանդիպում կազմակերպի, որին կմասնակցեն ՀՀ եւ ԼՂՀ կառավարության ներկայացուցիչները. «Հիմա նոր իրողություններ են: Մենք նախկինում տեղի ունեցած բանակցային գործընթացից դուրս ենք, պետք է խոսենք, այլ ռազմական իրավիճակում ենք: Պետք է խոսենք, թե ինչպես ենք կանխելու նոր պատերազմը»:

Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ բազում պատգամավորներ ուղիղ կապի մեջ են եղել Արցախի իշխանությունների հետ. «Եթե ձեր ելույթը լսեր մի մարդ, որը վերջին 25 օրվա ընթացքում ոչ թերթ է կարդացել, ոչ էլ տեղեկատվություն է ստացել, այդ մարդուն կթվար, թե Արցախի նկատմամբ եղել է ագրեսիա եւ ԱԺ-ն պարապ-սարապ նստած է եղել: Այդպես չի՛: Օպերատիվ կերպով մենք աշխատել ենք: Իմ անձնական տեսակետն այս է՝ ես նպատակահարմար չեմ գտնում, որ Արցախի վարչապետը, ԱԺ նախագահը գա կանգնի ստեղ եւ հաշվետվություն տա: Ուզում եք՝ գնացեք Արցախ եւ այնտեղ լսեք»:

Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց. «Նոր իրողություն ստեղծելը Ադրբեջանի երազանքն էր, իրենք Կազանից հետո շուրջ 5 տարի փորձում էին իրականացնել՝ ռմբակոծելով Մինսկի խմբի գործընթացները, նաեւ նախաձեռնելով այս աննախադեպ ագրեսիան: Պատասխանը այս ամենի եղավ շատ հստակ, ինչպես ՀՀ-ի կողմից, այնպես էլ միջազգային հանրության կողմից եղավ ծավալուն պատասխան՝ Ադրբեջանին, որ որեւէ նոր քաղաքական իրավիճակ, որեւէ նոր իրողություն չի հանդուրժվում: Գոյություն ունի 94-ի զինադադարի պայմանագիրը, այն անժամկետ է եւ պարտադիր է կատարման համար: Մինսկի խմբի ձեւաչափ կա, որը պետք է շարունակի գործընթացով զբաղվել: Խոսել նոր իրողության մասին, սա շատ նման է…ես չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, ոչ էլ մեկին ավել կամ պակաս հայրենասեր եմ համարում, բայց այս մտքերը ջուր են Ադրբեջանի ջրաղացին, խնդրում եմ ավելի զգուշավոր լինել այս թեմաների հետ կապված»:

Զարուհի Փոստանջյանը բարկացավ եւ ավելի բարձր տոնով հայտարարեց. «Պետք է կույր լինել, կամ համր լինել, կամ խուլ լինել, որպեսզի չզգալ, որ մենք նոր իրողության մեջ ենք ապրում: Ամբողջ տարածաշրջանում քաղաքական քարտեզները ձեւավորման փուլում են: Մենք խնդիր ունենք քննարկելու: Կան պաշտոնյաներ, որոնց պահանջեր ներկայացնելու խնդիր ունենք: Ինչ մենք անում ենք այս 20 օրվա մեջ՝ բավարար չէ: Ո՞ւր է, որ Ադրբեջանին ինչ-որ մեկը ագրեսիայի մեջ մեղադրի, ունե՞նք իրավական գործընթաց, միայն դատապարտելը քիչ է: Այսօր օրակարգում կա տարածքներ հանձնելու հարցը եւ խաղաղապահներ տեղակայելու հարցը: Սա մեզ պարտադրվում է, ո՞վ չգիտի: Լավրովի մինչեւ գալը ամբողջ ռուսական մամուլը այս մասին էր: Եվ սրա մասին ով որ լռում է, միջոցներ չի՛ ձեռնարկում, հենց նրանք են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնում: Հենց դա՛ է պատճառը, որ չունենալով հստակ տեղեկատվություն, ունեցանք առաջին օրը այդքան զոհ: Սա ոչ թե միամտություն է, այլ՝ հանցագործություն»:

Հերմինե Նաղդալյանն էլ փարատեց Փոստանջյանի մտահոգությունը, թե այս տարիներին որեւէ մեկը հենց այնպես տարածքներ չի պատրաստվում հանձնել, եւ խաղաղությունը ԼՂՀ-ում մինչ օրս պահպանվում է մեր բանակի միջոցով, խաղաղապահներ չեն պատրաստվում հրավիրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930