Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին. «Էս ի՞նչ ա եղել, ինչո՞ւ եք դուք լռում»

Ապրիլ 28,2016 13:50

«Էս ի՞նչ ա եղել, ինչո՞ւ եք դուք լռում, երբ որոշ քաղաքական գործիչներ կամ պատգամավորներ ասում են, որ լավ չի, այսպես չպիտի լիներ, մենք այսքան զոհեր տվեցինք…»,- այսօր լրագրողների հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի`ՀՀԿ-ականներին երեկ ուղղված նախատինքներից մեջբերեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը:

Հիշեցնենք, երեկ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության պատգամավորներին անակնկալ հանդիպման էր հրավիրել: Այսօր մամուլում հրապարակումներ կային, որ Սերժ Սարգսյանը խիստ դժգոհել է իր կուսակիցներից, խիստ քննադատության է ենթարկել նրանց:

Vazgen_Karaxanyan

Վազգեն Կարախանյան

«Ես ինչքան որ հասկացա, խնդիրն այս էր` երբ փնովում են, թե զոհեր եղան ու դրա պատճառներից էր, էականների մեջ, ռազմական ղեկավարության բացթողումները… այս կարճատեւ չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ մտորելու շատ հարցեր ունենք»,- ասաց պատգամավորը` հստակեցնելով, որ նախագահը նախատել է ոչ միայն նրա համար, որ ՀՀԿ-ականները պատշաճ չեն հակադարձել հնչող քննադատություններին, այլ նաեւ, որ իրականությունը չեն ներկայացրել. «Շատ թե քիչ մենք ինֆորմացված ենք եւ ես կարծում եմ, որ իսկապես ասելու բան ունեինք, որ կարծում եմ, լավ չկատարվեց»:

Լրագրողներից մեկի հարցին`եթե բացթողումներ եղել են, ինչի մասին ողջ հասարակությունն է խոսում, ինչպե՞ս պետք է ՀՀԿ-ականներն ասեին, թե չեն եղել, ամեն ինչ լավ էր: Վազգեն Կարախանյանն արդեն հետին թվով նախագահի նախատինքին ականջալուր, հայտարարում է, որ բացթողումներ եղել են, բայց ինքը չի կարծում, թե դրանք այնքան հզոր էին, որ կարելի էր ցեխ շպրտել:

Արդյոք բացթողումների արդյունք չէին ՊՆ-ում պաշտոնանկությունները`հարցին էլ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Կարծում եմ, այո»: Aravot.am-ի հարցին` նոր պաշտոնանկություններ կլինե՞ն, պաշտոնանկ արվածները պատասխանատվության կենթարկվե՞ն, ի՞նչ ասաց նախագահն այդ մասին, Վազգեն Կարախանյանն ասաց. «Չէ, ինքն այդ մասին ոչինչ չի ասել: Բայց ասաց, որ սա պարբերաբար լինելու է եւ եթե մարդիկ չեն կարողանում իրենց տեղում իրենց աշխատանքը կատարել, ուրեմն նրանք տեղ չունեն մեր պաշտոնական դիրքերում»: Եվ հստակեցրել է`դա բոլորին է վերաբերվում, նաեւ պատգամավորներին:

«Մի այսպիսի մեջբերում արեց`իմացեք, որ սա էլ ձեր խրամատն է, ձեր դիրքերն են, ճակատային դիրքերը….»,- նախագահի ասածը մտաբերեց Վազգեն Կարախանյանը: Aravot.am-ի հիշեցումը, որ դեռ երկու տարի առաջ, ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը զգուշացրել էր խրամատը չլքելու մասին, ինչո՞ւ ականջալուր չէին եղել, անպատասխան մնաց:

«Հրազդան ցեմենտ» գործարանին արտոնություններ տալու նախագիծը տապալելու մասին Սերժ Սարգսյանն, ըստ Վազգեն Կարախանյանի, ոչինչ չի ասել. «Բայց, չգիտես ինչո՞ւ, պատգամավորների կողմից… նրանք մտածում էին, թե հենց դրա համար է այս հավաքը եւ իրենք սկսեցին փնովել էս մարդուն, էն մարդուն, պատգամավորներին, որոնց բացակայության պատճառով տապալվեց նախագիծը»: Նախագահը մի հատ էլ դրա համար է նախատել. «Ես ուրիշ բաների մասին եմ խոսում, դուք ի՞նչ եք…»: Հետո, հավելել է, որ դա էլ է կարգապահական ռեժիմի խախտում. «Ձեր աշխատավայրն ԱԺ-ն է: Դուք պարտավոր եք լինել աշխատավայրում: Ձեզ աշխատավարձ են տալիս դրա համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930