Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոերաժշտություն քարոզող փոքրաթիվ անսամբլներից մեկը Երեւանում է

Մայիս 12,2016 15:30

Կարծիք կա, որ կինոյի ստեղծման հիմքը, արտահայտչական հիմնական միջոցը երաժշտությունն է: Դրա ապացույցը համր ֆիլմերն են: Ասում են նաեւ, թե ֆիլմի հաջողության գրավականը բարձրարվեստ երաժշտությունն է: Գուցե ասվածի հետ չհամաձայնեն կինոռեժիսորները, բայց որ երաժշտության դերը ֆիլմում մեծ է, սա անվիճարկելի է: Օրինակ, մեր հայկական ֆիլմերում, ասենք՝ առաջին հնչյունայինում՝ «Պեպո»-ում, որը 1935թ. նկարահանել է Համո Բեկնազարյանը, երաժշտության հեղինակն էլ Արամ Խաչատրյանն է, Պեպոյի երգը հետագայում ձեռք բերեց այնպիսի ժողովրդականություն, որը մինչ օրս էլ լայն ունկնդրին թվում է, թե այն ժողովրդական ստեղծագործություն է: Կինոերաժշտության հեղինակներ են Կոնստանտին Օրբելյանը («Ճանապարհ դեպի կրկես»), Արտեմի Այվազյանը («Ինչու է աղմկում գետը», «Մոր սիրտը»), Առնո Բաբաջանյանը («Երջանկության մեխանիկա», «Սպիտակ անուրջներ»), Ռոբերտ Ամիրխանյանը («Տղամարդիկ»), մի քանի տասնյակ ֆիլմերի հեղինակ է ճանաչված կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը եւ այլն: Կինոնկարներից դուրս սիրված ֆիլմերի ոչ ավելի պակաս սիրված երաժշտությունը պետք է պրոպագանդվի: Վերջին շրջանում հայկական եւ համաշխարհային ճանաչում վայելող ֆիլմերի երաժշտությանն է անդրադառնում մեկ համերգի ընթացքում, օրինակ, Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Հայաստանյան իրականությունում առաջին անգամ 2010թ. միայն տեղական եւ արտասահմանյան ֆիլմերից երաժշտության կատարմամբ հանդիսատեսին ներկայացավ «Արտ սինեմա» անսամբլը, որը բաղկացած է 4 երաժիշտներից՝ առաջին ջութակ՝ Աշոտ Խոյեցյան, որը նաեւ գեղարվեստական ղեկավարն է, երկրորդ ջութակ՝ Հայկ Վարդանյան, թավջութակ՝ Լեւոն Առաքելյան եւ դաշնամուր՝ Կարեն Սարաֆյան:

«Առավոտի» հետ զրույցում անսամբլի տնօրեն Հայկ Վարդանյանը նշեց, որ ստեղծման օրվանից կվարտետն իր երկացանկը համալրել է շուրջ 150 հայկական եւ համաշխարհային ֆիլմերի համար գրված երաժշտությամբ, որոնց մշակումներն ու փոխադրումները կատարել է Աշոտ Խոյեցյանը: Ասաց նաեւ, թե հաճախ է հանդիպում, երբ նույնիսկ հանրահայտ ֆիլմի երաժշտությունը նոտայագրված չի լինում եւ հենց այստեղ իրենց անսամբլի դեպքում մեծ է գեղարվեստական ղեկավարի դերը:

Մեր զրուցակիցը հայտնեց, թե մշակույթի նախարարության հրավերով մասնակցել են «Ոսկե ծիրան», «Ես եմ» կինոփառատոների եւ այլն: «2012թ. հյուրախաղերի ենք մեկնել Բեյրութ, հաջորդ տարի՝ Ռուսաստան, անցյալ տարի էլ՝ Գերմանիա»,- հավելեց տնօրենը: Վերջինս փաստեց նաեւ, որ աշխարհում ներկայումս կինոերաժշտություն պրոպագանդող անսամբլներ են գործում 7 երկրում, այդ թվում՝ Իտալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում:
Հետաքրքրությանը, թե համեմատաբար նորաստեղծ անսամբլը հազիվ թե ճանաչում ունենար արտասահմանում, հետեւաբար, ինչպե՞ս են իրականացել նշյալ հյուրախաղերը, տնօրենը ժպիտով պատասխանեց, թե ժամանակակից նամակագրության միջոցով, հետո էլ մանրամասնեց. «Վերջերս համակարգչով շփվում ենք բրիտանացի կոմպոզիտոր Ադամ Գրիգի հետ, որը աշխարհահռչակ ֆիլմերի երաժշտության հեղինակ, այդ թվում՝ «Տիտանիկ», «Խիզախ սիրտը», «Զորրոյի դիմակը», Ջեյմ Հորների մտերիմներից է, այս պահին սպասում ենք Ադամի հեղինակային երաժշտությունը, որը կգործիքավորի, ինչպես միշտ, Աշոտը, եւ բանավոր պայմանավորվածություն ունենք այն Երեւանում ձայնագրելու»: Դիտարկմանը, թե երեւանյան համերգները չեն հավաքում մեծ թվով հանդիսատես, Հայկ Վարդանյանը հավաստիացրեց, որ իրենց նախորդ համերգին, որ կայացել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, 50 աթոռ են ավելացրել, հետո էլ ասաց, որ նույն դահլիճում իրենց առաջիկա համերգը նշանակված է հուլիսի 18-ին, որի ընթացքում առաջին բաժինը միայն հայ հեղինակների կինոերաժշտությունից են կազմել, իսկ երկրորդում կհնչեն Նինո Ռոտայի, Լ. Բոնֆայի, Է. Մորիկոնեի գործերը՝ համապատասխանաբար «Կնքահայրը», «Սեւ Օրփեոս», «Ծովահրեշը» եւ այլ կինոֆիլմերից: Տնօրենի հավաստմամբ՝ մեծ ցանկություն ունեն ելույթ ունենալու Արցախում, ինչպես նաեւ մարզերում:

Իմիջիայլոց, «Արվեստագիր» առցանց մշակութային հանդեսի կինո բաժնի սյունակագիր Միքայել Մարգարյանը մշտապես ներկայացնում է լեգենդար ֆիլմերի սաունդթրեքեր:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` «Արտ սինեմա» անսամբլը:

 

«Առավոտ» օրաթերթ
11.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031