Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ծնողն էլ հավասարապես կերակրողին` որդուն կորցրել են, սակայն կենսաթոշակը միայն մայրն է ստանում

Հունիս 13,2016 14:00

Ռոբերտ Իշխանի Մխիթարյանը 1992թ. մայիսի 15-ին կամավորության սկզբունքով մեկնել է Արցախյան պատերազմ, եւ այլեւս չի վերադարձել։ Ռոբերտն անհայտ կորել է: Պաշտպանության նախարարությունը որդու կորստյան առիթով Ռոբերտի մորը` Սվետլանա Սարգսյանին, նշանակել եւ վճարել է կենսաթոշակ` կերակրողին կորցնելու հիմքով: Տիկին Սվետլանան 2001թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2014թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացել է այդ կենսաթոշակը: Սակայն մի օր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը պարզել է, որ Ռոբերտ Մխիթարյանի` ազատամարտիկ լինելու փաստը հաստատող որեւէ տեղեկանք գոյություն չունի: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ոչ միայն ազատամարտիկի մորը վճարումներն է դադարեցվել, այլեւ հարուցվել է քրեական գործ:

Պարզվել է նաեւ, որ Ռոբերտ Մխիթարյանը՝ որպես Արցախյան պատերազմում անհայտ կորած, ՊՆ Զինվորական սոցիալական ապահովության վարչությունում հաշվառված չէ, իսկ տեղեկանքը, որի հիման վրա Սվետլանա Սարգսյանն այդքան տարի ստացել է կենսաթոշակը, կեղծ է: Այսինքն` տեղեկանքի վրա դրված ստորագրությունը չի պատկանում այդ ժամանակվա վարչության պետ Մյասնիկ Մալխասյանին։

Ըստ գործը վարող ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Բ. Ս. Հարությունյանի՝ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ս. Սարգսյանը կեղծ փաստաթղթի օգտագործմամբ, խաբեության եղանակով 2001թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2014թ. օգոստոսի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից հափշտակել է 3.390.251 ՀՀ դրամ, ինչի առիթով էլ հարուցվել է քրեական գործ:

Սակայն արդեն այս գործը քննելիս քննիչը պարզել է, որ կերակրողին կորցնելու առիթով կենսաթոշակ ստանալու համար Ս. Սարգսյանը 1997թ.-ին դիմել է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն՝ խնդրելով իրեն տրամադրել Արցախյան պատերազմում որդու անհայտ կորելու հանգամանքը հաստատող տեղեկանք։

Նշյալ փաստաթուղթը ազատամարտիկի մորը տրամադրել է այդ ժամանակվա ԶԱՊ վարչության պետի տեղակալ Սուրեն Հարությունյանը: Տրամադրված տեղեկանքը Ս. Սարգսյանը ներկայացնելով ՊՆ՝ 2001թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2014թ. օգոստոսի 1-ը ստացել է 2.369.851 ՀՀ դրամ կենսաթոշակ եւ 1.020.400 ՀՀ դրամ պարգեւավճար։
Ռոբերտ Մխիթարյանի` ազատամարտիկ լինել-չլինելու վերաբերյալ հետաքննությունը իրավապահ մարմինները սկսել են վարել, երբ տիկին Սվետլանան 2010թ. հոկտեմբերի 7-ին թերթում որդուն գտնելու վերաբերյալ հայտարարություն է տվել, հետո դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ որդուն մահացած ճանաչելու համար։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. նոյեմբերի 10-ին կայացված վճռով Ռոբերտ Իշխանի Մխիթարյանը ճանաչվել է մահացած, ինչի հիման վրա նրա վերաբերյալ տրամադրվել է թիվ 046783 մահվան վկայականը։
Ռ. Մխիթարյանի՝ Արցախյան պատերազմում անհայտ կորելու հանգամանքը պարզելու համար որոշումներ են կայացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին:

Ստացված գրությունների համաձայն՝ Ռ. Մխիթարյանը 1992-ին մեկնել է Արցախյան պատերազմ, սակայն այլ տեղեկություններ նրա գտնվելու վայրի եւ անհայտ կորելու հանգամանքների մասին ձեռք բերել չի հաջողվել։

Գրություններ են ուղարկվել ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն եւ ԼՂՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ շնորհող հանրապետական հանձնաժողով, սակայն ի պատասխան՝ հայտնվել է, որ Ռ. Մխիթարյանը Արցախյան պատերազմում որպես անհայտ կորած կամ զոհված հաշվառված չէ։

Որպես վկա տված իր ցուցմունքում Սուրեն Հարությունյանը փաստել է, որ տեղեկանքի վրա դրված ստորագրությունն իրենն է, եւ պնդել է, որ առանց փաստաթղթային հիմքերի ինքը տեղեկանք երբեւէ չի տրամադրել։
Որպես վկա տված իր ցուցմունքում այդ ժամանակվա ԶՍՊ վարչության անհայտ կորածների եւ գերիների բաժնի պետ Արտավազդ Սահակյանը նույնպես նշել է, որ անհայտ կորածների եւ գերիների վերաբերյալ տեղեկանքներ կազմել է իր ղեկավարած բաժինը, եւ փաստել է, որ տեղեկանքները տրամադրվել են բացառապես փաստաթղթային հիմքերի առկայության պայմաններում։

ՀՀ ՊՆ գերիների եւ պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովից գրություն է ստացվել այն մասին, որ 1996թ. ապրիլի 4-ին տպված ցուցակի համաձայն՝ Ռ. Մխիթարյանը 1992թ. մայիսի 21-ից հաշվառված է որպես անհայտ կորած, սակայն այլ փաստաթղթային հիմքեր առկա չեն, իսկ տեղեկությունը հավաքագրողի վերաբերյալ նյութեր առկա չեն։

Եվ քանի որ հիմնավորվել է, որ Ռ. Մխիթարյանը 1992թ. մայիսի 21-ից հաշվառված է որպես անհայտ կորած, քննիչը որոշել է գործը կարճել` հանցակազմի բացակայությամբ` Ս. Սարգսյանի կենսաթոշակի հետագա տրամադրման հարցը քննարկելու համար։

Այս պահին կենսաթոշակի տրամադրման հարցը դատարանում է: Ազատամարտիկի մայրը կրկին դիմել է այն վերականգնելու:

Ազատամարտիկ Ռոբերտ Մխիթարյանի ծնողները բաժանված են, սակայն որդու կենսաթոշակն այդքան տարի միայն մայրն է ստացել եւ որեւէ լումա, ինչպես նախկին ամուսինն է վստահեցնում, իրեն չի տվել: Հայրը` Իշխան Մխիթարյանը, բնակվում է սոցիալական վատ պայմաններում եւ օգտվում է բարեգործական ճաշարանից: Նա նույնպես համարվում է կերակրողին կորցրած, անկախ այն բանից՝ ամուսինները համատե՞ղ են ապրում, թե՞ անջատ, ուստի Իշխան Մխիթարյանին, ըստ օրենքի, պետք է տրամադրվի որդու անվամբ տրամադրվող գումարի կեսը:

 
Սեփ.լր.

«Առավոտ»  

11.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930