Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղման նպաստ ստացողների շրջանակը կնեղանա, առնվազն 500 դրամով կավելանա ցանկացած աշխատանքային կենսաթոշակ. Անահիտ Գալստյան

Հոկտեմբեր 02,2026 11:55 Share

«Շրջանառվում է նախագծերի փաթեթ, եւ առանցքայինն այդ փաթեթում պետական նպաստների մասին օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը:

«Բնականաբար, առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը: Որպես ցանկացած նպաստ, այն ունի շահառուների շրջանակ, դիմելու եւ վճարման կարգ եւ ժամկետներ: Այսինքն՝ այս 4 հարցերին արդեն անդրադարձ է կատարվում նոր համակարգով, եւ 4 հարցերից առանցքայինը դա շահառուների խմբի շրջանակի նեղացումն է: Այսօրվա գործող օրենսդրությամբ թաղման նպաստի իրավունք ունի այն անձը, ով կազմակերպում է կենսաթոշակառուի, անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի հուղարկավորությունը:

Նոր կարգավորումներով նախատեսվում է թաղման նպաստ տրամադրել միայն անապահովության համակարգում նպաստ ստացող ընտանիքի անդամի հուղարկավորությունը կազմակերպած անձին: Օրենսդրական փոփոխությունների առանցքային փոփոխությունը սա է, դրանից հետո նախատեսում ենք, որ նպաստը կվճարվի, եթե անձը մահացել է եւ հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում: Սա հնարավորություն կտա առցանց դիմումներով իրացնել թաղման նպաստի իրավունքը: Իհարկե, այսօր էլ կա առցանց դիմումի միջոցով թաղման նպաստի ստացման իրավունքի իրացում, բայց առանձին դեպքերում անհրաժեշտ է լինում թղթային դիմում ներկայացնել: Արդեն կփորձենք բացառել թղթային դիմումը, որովհետեւ թաղման նպաստի ամբողջ իմաստը օպերատիվությունն է»,-հավելեց Աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետը:

Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, այս մասին էլ Անահիտ Գալստյանը նշեց, որ զուգահեռաբար շրջանառվում է այլ նախագիծ, որի համաձայն թաղման նպաստներից խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը: «Խնայելու ենք մոտ 4,3-4,4 միլիարդ դրամ, խնայողություններին կհավելենք 1,1-1,2 միլիարդ դրամ եւ հունվարի 1-ից կավելանան կենսաթոշակների չափերը: Աշխատանքային կենսաթոշակների դեպքում կավելանա հիմնական կենսաթոշակի չափը, 34000 դրամը կդառնա 34500 դրամ, ինչը նշանակում է, որ ցանկացած աշխատանքային կենսաթոշակ առնվազն պիտի ավելանա 500 դրամով, ավելացնում ենք նաեւ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 46000 դրամը կդառնա 47000 դրամ: Սա նշանակում է, որ ներառյալ 14 տարվա ստաժ ունեցողների կենսաթոշակը կավելանա 1000 դրամով, ավելի շատ կավելանան հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները»:

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031