Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակին «Santa Fe»-ն, որպես կանաչը պահպանող, նույնիսկ մրցանակ է ստացել

Հունիս 24,2016 15:00

«Այնտեղ կան թփեր, որոնք ուղղակի ոչնչացվել են ասֆալտ-բետոնի պատճառով: Մի քանի չինարենիներ արդեն վնասվել են, ակացիաները` նույնպես»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը, որի խնդրանքով բուսաբան է այցելել տարածք եւ ուսումնասիրել: Տիկին Դանիելյանը մտահոգված է Օպերայի հարակից վայրում գործունեություն իրականացնող «Santa Fe» սրճարանի տարածքում գտնվող ծառերի ու կանաչ գոտիների առնչությամբ, քանի որ տեղում իրականացվող վերակառուցման աշխատանքների արդյունքում հսկայական ծառեր ու թփեր հայտնվել են ոչնչանալու վտանգի տակ:

Երեկ տեղում շրջելիս մենք էլ նկատեցինք, որ մի քանի ծառերի արմատներ կտրատված էին կիսով չափ: Մեր հարցին ի պատասխան՝ տեղում աշխատող վարպետները վստահեցրին, որ շատ զգույշ են աշխատում, որպեսզի հնարավորինս չդիպչեն ծառերի արմատներին, բայց որքան էլ զգույշ լինեն, չեն կարող խուսափել վնասներից, սրճարանի ենթակառուցվածքներն անցկացնելու նախագիծը ծառերի արմատների տակով է անցնում եւ ուզած-չուզած` տեխնիկայի տակ են հայտնվում:
Ի դեպ, տիկին Դանիելյանն ասաց, որ տարիներ առաջ ուսանողները մրցույթ են հայտարարել, որում հաղթողներից մեկը եղել է «Santa Fe» սրճարանը, որը ճանաչվել էր որպես կանաչ տարածքները պահպանած սրճարան, որտեղ շինարարություն չի եղել եւ ամեն բան թեթեւ կոնստրուկցիաներով է հավաքված եղել:
«Իսկ հիմա ոչնչացնում են: Հետաքրքիր է, որտեղ շինարարը մտավ` վերջ կանաչ տարածքին, կարծես թե նրանք չգիտեն, որ արմատներ գոյություն ունեն»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Նշենք, որ Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոններով կանաչ տարածքներում ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է կանաչ տարածքների պահպանման պահանջներին համապատասխան եւ միայն լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունից հետո։

Կանաչ տարածքներում ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արգելվում է պայթյունավտանգ, հրդեհավտանգ եւ թունավոր նյութերի օգտագործում, տարածքի աղտոտում եւ այլ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել կանաչ տարածքների վնասման եւ ոչնչացման։

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

23.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930