Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Բագրատյանի աշխատողը չեմ եղել, ինքը սաղ խառնել է»

Հունիս 25,2016 16:00

Հրանտ Բագրատյանն ու Սուքիաս Ավետիսյանը
անցյալի հաշիվներն են պարզում

Գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում նախկին իշխանություններին մեղադրեց. «Աշխատատեղերի խնդիրները հենց իրենց ժամանակվանից են եկել, երբ գործարանները սեփականաշնորհեցին, առաջին անգամ Համաշխարհային բանկից միլիոններով վարկը վերցրեցին եւ որեւէ պատասխանատվություն չդրեցին սեփականատիրոջ առաջ: Էսօր ո՞ւր են էդ գործարանները, ո՞ւր է ձեր ասած Անալիտիկ սարքերի գործարանի՝ ՀԲ-ի վարկով կառուցված մոդուլը: 4 վարկը որ վերցրեցիք Գյումրիի համար, ոչ մի գործարան այդ վարկերից չի աշխատում»:

Նա ասաց, որ խոսքը 95 թ.-ի մասին է: Այդ ժամանակ, հայտնի է, որ վարչապետ է եղել Հրանտ Բագրատյանը, որը պաշտոնավարել է 93-96-ին:

Ուստի «Առավոտը» պարոն Բագրատյանին խնդրեց պարզաբանել: Նա պատասխանեց. «Մենք վերցրել ենք Գյումրիի համար «Աղետի գոտու վարկ» 94-ի փետրվարին՝ 28 մլն դոլար, որը եղել է երբեւիցե ծախսվող ամենաարդյունավետ վարկը: Կոնկրետ Գյումրիում կառուցեցինք «Ստրոմմաշինան», որը հիմա թալանված վիճակում է, կառուցել ենք արդուկի գործարանը Գյումրիում, Անալիտիկ սարքերի գործարանը, որն ամբողջությամբ ավարտվել է, գուլպա-նասկեղենի գործարանների մի մասը: Ես վստահաբար եմ ասում՝ գործարանները շահագործման են հանձնվել եւ չէին կարող կիսատ-պռատ հանձնվել, որովհետեւ մոնիտորինգը ՀԲ-ն էր անում: Ես 96-ին թողել գնացել եմ, եւ մեկն եկել է կառավարություն ու գողացել է»:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանին հաջորդել են Արմեն Սարգսյանը՝ 1 տարի ժամկետով, այնուհետեւ՝ Ռոբերտ Քոչարյանը:

Բագրատյանի խոսքերով՝ «Սուքիաս Ավետիսյանն այն մարդն է, որին գործի եմ նշանակել, ու իմ իշխանության օրոք երբեք հարց չի բարձրացրել, թե ախպեր, էսպիսի պրոբլեմ կա: Ինքը եղել է Գյումրիի պատասխանատուներից մեկը բոլոր հարցերում, այդ թվում՝ այդ վերցրած վարկի»:

Սուքիաս Ավետիսյանը մեզ հետ զրույցում շատ կոշտ արձագանքեց Բագրատյանի խոսքերին. «Ես իր աշխատողը չեմ եղել երբեւիցե, ինքը չարաչար սխալվում է: Ես եղել եմ Գյումրու փոխքաղաքապետը եւ ոչ թե իր աշխատողը: Փոխքաղաքապետին նշանակողը վարչապետը չի եղել, քաղաքապետն է եղել: Ինձ միշտ Գյումրիի ժողովուրդն է ընտրել: Նենց որ՝ ինքը խառնել է սաղ, թող մի հատ իր անցյալը լավ վերհիշի վարչապետ եղած ժամանակ»:

Մեր դիտարկմանը, որ ըստ Հրանտ Բագրատյանի՝ Դուք եղել եք Գյումրիում նաեւ այդ վերցրած վարկի պատասխանատուն, Սուքիաս Ավետիսյանը վրդովվեց՝ ասելով, թե Բագրատյանը «հիվանդ երեւակայություն ունի». «Չէր կարող Գյումրու փոխքաղաքապետը արտադրական ձեռնարկության վարկի պատասխանատուն լինել, էդ վարկի պատասխանատուն եղել է ինքը՝ էկոնոմիկայի նախարարի հետ»:
Սուքիաս Ավետիսյանը պնդում է, որ Բագրատյանը ոչ մի գործարան էլ չի սարքել Գյումրիում այդ վարկով, ընդամենը մետաղական կոնստրուկցիաներով արտադրամաս է կառուցել, ամրակներն է տեղադրել. «Ո՞ւր են Բագրատյանի սարքած գործարանները: Արտադրամաս կառուցելը դեռ չի նշանակում գործարան սարքել: Գուլպա-նասկեղենն էլ չի եղել, իր ասածը ձեռնարկությունների մասին չէ: Անալիտիկ սարքերի գործարանն էլ չի սարքել, ընդամենը մի հատ կորպուս՝ մետաղական կոնստրուկցիաներով, որի անհրաժեշտությունը չի էլ եղել»:
Սուքիաս Ավետիսյանը հերքեց, որ այս իշխանությանը հավատարմությունն է ուզում ապացուցել. «Ես որեւիցե խնդիր չունեմ ինչ-որ մեկին մի բան ապացուցելու: Բոլորն էլ ինձ շատ լավ գիտեն»:

Իսկ թե ինչու է Սուքիաս Ավետիսյանը առաջ միշտ գովացել Բագրատյանին, ոչ մի բողոք չի ունեցել՝ նա արձագանքեց. «98-ից ես էդ հարցը միշտ բարձրացրել եմ, եթե ուզում է, կարող է վերցնել՝ ԱԺ արխիվներում իմ ելույթները նայել, որ ես ասում եմ՝ անարդյունավետ են եղել էդ վերցրած վարկերը»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

24.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930