Լրահոս
Օրվա լրահոսը

Լարսում տեղի ունեցածի պատճառով Սոչիում մնացած երեխաները վերադարձան Երևան (տեսանյութ)

Հուլիս 01,2016 15:35

ՌԴ Սոչի քաղաքում «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցած  «ՀայԱրտ» համույթի  25 երեխաները,  48 ծնողները և մանկավարժները, ովքեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով մնացել էին Սոչիում,  վերադարձան Երևան։

Խումբը Սոչիից  նավով եկել է Բաթումի։ Այնտեղից, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ,  երեխաներին, նրանց  ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով տեղափոխել  է Երևան։

Երեխաներին դիմավորելու եկած ծնողներն ու հարազատները՝ չնայած մի քանի օրերի անհանգստությանը, տոնական տրամադրությամբ դիմավորեցին միջազգային փառատոնից գլխավոր մրցանակներով վերադարձած «ՀայԱրտ» համույթին։

«Դժվարություններով, բայց հաղթանակներով ենք վերադարձել։ Երկու առաջին մրցանակ ենք նվաճել, մի քանի՝ 2-րդ։ Շատ լավ եկել, հասել ենք։ Կարևորը՝ հաղթանակած ենք եկել։ Սոչիից Բաթումի եկել ենք նավով, այնտեղից մեզ դիմավորել է մեր Տրանսպորտի և կապի նախարարության բարձրակարգ մեքենան, որը մեզ շատ լավ, բարեհաջող բերել, հասցրել է տեղ։  Իրենցից անչափ շնորհակալ ենք»,- ասում է համույթի երաժշտական խմբի ղեկավար Հովհաննես Հարությունյանը։

erexaner1

Երեխաների հետ Սոչիում գտնվող  ծնողներից Զարուհի  Սարիբեկյանն էլ, ներկայացնելով իրավիճակը, նշում է. «Խնդիրն առաջացավ նրանից, որ Լարսի ճանապարհը փակվեց և մենք հավելյալ երեք օր մնացինք Սոչիում: Հետո իմացանք լավ լուրի մասին, որ Հայաստանից դիմավորելու են մեզ։ Որոշում կայացրինք, որ ամենահարմար ճանապարհը նավով դեպի Բաթումի ճանապարհվելն է: Եկանք Բաթումի, հարմարավետ էր նավը, հետո տեսանք մեր ավտոբուսը: Ուզում եմ ասել, որ առաջին այդ պահից վստահություն առաջացավ։ Որովհետև հավելյալ այդ երեք օրը, որ մնացինք այնտեղ,  ճնշված էինք, արկածային էր մի փոքր թվում այս ուղևորությունը։ Բայց, երբ տեսնում ես  պետության կողմից աջակցությունը, այն վստահություն է տալիս քաղաքացուն: Տեղավորվեցինք մեզ տրամադրված ավտոբուսում, որն ի դեպ շատ հարմարավետ էր, ու թեթև վերադարձանք Հայաստան։  Հիմա՝ մեր մայրաքաղաքի սրտում ենք ու շատ ուրախ ենք, որ անվտանգ եկանք հասանք տուն»:

«Վանք» պարային համույթի ղեկավար Էդգար Դանիելյանի խոսքով, երբ իմացել են  Լարսում տեղի ունեցածի մասին և տեղեկացել, որ իրենց ավտոբուսով չեն կարող վերադառնալ, արագ   կազմակերպել են ևս  երեք օր   Սոչիում մնալու խնդիրը։  «Այնտեղի հայ համայնքը մեզ շատ օգնեց. նավով հասանք Բաթումի։ Բաթումիից Երևան հասնելու համար ունեինք տրանսպորտի խնդիր, որը հոգաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, ինչի համար շատ շնորհակալություն նրանց՝ բոլորիս կողմից»:

Ծնողներից Ազատուհի  Սանթուրյանն էլ  է փաստում, որ շատ նորմալ եկել, հասել են տեղ: «Բացարձակ ոչ մի խնդիր չի եղել։ Հայ համայնքից սկսած մինչև այստեղ հյուրասիրություններով մեզ ուղեկցել, դիմավորել, շատ նորմալ մեզ տեղ են հասցրել»,- ասում է նա։

Նշենք նաև, որ նմանօրինակ մեկ այլ խումբ էլ հյուրախաղերով գտնվում է Աբխազիայում: Խումբը, սակայն, առայժմ չի ավարտել իր ելույթները, բայց երբ ավարտի՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կզբաղվի նաև նրանց վերադարձի հարցերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031