Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկցին պահանջում է իր «տրցակով ոսկեղենը» (Տեսանյութ)

Հուլիս 05,2016 13:32

«Կառավարության որոշման մեջ խոսքը գնում է ոչ թե վնասի փոխհատուցման մասին, այլ աղետից տուժած բնակիչներին, տվյալ դեպքում 12 բնակարանների բնակիչներին աջակցություն հատկացնելու մասին է: Որոշում է կայացվել, որ աջակցություն կստանան այն անձինք, որոնք ունեն աղետի հետեւանքով վնասված բնակմակերես, այն բնակիչները, որոնք ունեն վնասված ցանքատարածքներ եւ գյուղատնտեսական կենդանիների կորուստներ:

Ուսումնասիրություններն, իրականում, հանձնաժողովի կողմից կատարվել են ամենայն մանրամասնությամբ: Օբյեկտիվություն ապահովելու համար նկարահանվել է հանձնաժողովի գործունեության ամբողջ պրոցեսը»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Բնակիչներն անընդհատ դժգոհում են իրենց տրամադրված փոխհատուցումների չափից: Քաղաքապետը չհամաձայնեց արթիկցիների այն դիտարկումների հետ, որ վնասները ճիշտ չեն հաշվվում. «Բոլոր տուժածների բնակարաններում եղել եմ, վստահեցնում եմ, որ հատկացած օգնությունը բավարար է, որ տները վերանորոգվեն ու լինեն այն վիճակի, ինչ մինչ հեղեղն էր»,-ասաց նա՝ հավելելով, որ բնակարանները հիմնականում 50-60-ականների կիսաքանդ բնակարաններ են եղել: Այլ հարց, որ բնակիչները կարծել են, թե իրենց նոր բնակարաններ պետք է տրամադրվեն:

Արսեն Աբրահամյանն, ի դեպ ասաց նաեւ, որ երբեմն բավական աբսուրդ պահանջներ են ներկայացնում: Բնակիչներից մեկն, օրինակ, հայտարարել է, որ տրցակով ոսկեղեն է կորցրել:

Ինչ վերաբերում է ահազանգին, որ ջուրը սկսել է նեխել, Արսեն Աբրահամյանը նկատեց, որ ջուրն ամբողջությամբ մաքրվել է, ուսումնասիրություններ են կատարել ինչպես ԱԻՆ-ի մասնագետները, այնպես էլ համաճարակային կենտրոնից, եւ վարակի տարածման հետ կապված որեւէ խնդիր չկա:

Քաղաքապետը վստահեցրեց, որ ունի համապատասխան փաստեր` հեղեղատարի հունը մաքուր է եղել, պարզապես շահագործված քարհանքերից ձեւավորված թափոններն են ամբողջությամբ թափվել եւ գումարվել են աննախադեպ տեղումները: «Ապրուստի, վերականգնման խնդիրներին քաղաքապետարանով, համայնքի ուժերով կկարողանանք աջակից լինել: Ոչ մեկն առանց շաքարավազի ձմեռնամուտի չի մնա, առանց կահույքի չի մնա, բարերարների կողմից կլինի աջակցություն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ, Արթիկում ջրհեղեղի հետեւանքով տուժած բնակիչներին կտրամադրվի 22,350.0 հազար դրամ, գյուղատնտեսական անկած կենդանիների դիմաց՝ 684.2 հազար դրամ, եւ մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց՝ 1,746.0 հազար դրամ, իսկ սելավատարների մաքրման եւ վերականգնման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար՝ 16,965.8 հազար դրամ:

«Հենարան» մամուլի ակումբում Արսեն Աբրահամյանն այսօր ներկայացնում էր քաղաքի իրավիճակը: Աղետի պատճառները վեր են հանվել, սակայն գումարային վնասները առումով դեռ հնարավոր չէ հաշվել, աշխատանքների ամբողջական ավարտից հետո:

Քաղաքապետի խոսքով՝ այսօր կավարտվի մանկապարտեզի հարակից տարածքի մաքրման, եւ կսկսվեն դպրոցի տարածքի մաքրման աշխատանքները, կփոխվեն նաեւ կոյուղագծերը: Այս պահին ջուրն այլեւս հեռացված է բնակարաններից, երկու բնակարաններում դեռ լրացուցիչ ուսումնասիրություն կիրականացվեն: Այս պահն Արթիկում երեք ծանր տեխնիկա`էքսկավատորներ են աշխատում, ութից ավելի բեռնատարներ, մաքրվում են քաղաքի հեղեղված փողոցները:

Քաղաքապետը տեղեկացրեց նաեւ, որ բժշկական ծառայությունների հարցն էլ աղետի օրից սկսած անընդհատ եւ օպերատիվ ռեժիմով լուծվում է: Բայց սելավի կրկնվելու վտանգը դեռ առողջությամբ վերացած չէ: Ավելի թույլ մասշտաբի տեղումների պարագայում, Արթիկի քաղաքապետի կարծիքով, հնարավոր են նոր հեղեղումներ:

Հարցին`փոխհատուցումների չափից գոհ հեղեղներ կա՞ն, քաղաքապետն ասաց, որ այդ մասին ոչինչ ասել չի կարող, իր մոտ միայն դժգոհներն են գնում:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031