Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանյանի խոսքերով՝ Ջհանգիրյանն ասել է՝ 1995-ին ասում էին մինչեւ յոթանասուն քանի չսարքեք, չբերեք

Հուլիս 05,2016 14:08

«Տոն չեմ համարում ինձ համար, որովհետեւ աչքիս առաջ է՝ ինչպես 1995-ին ընդունվեց Սահմանադրությունը»,- հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա նշեց, որ 1995 թվականի հուլիսի 5-ին Սահմանադրությունը կոպիտ խախտումներով ընդունվեց: Ըստ նրա, դա Հայաստանի ժողովրդավարության առաջին քննությունն էր, եւ այդ քննությունը Հայաստանը չանցավ. «Դա դրեց հիմքը այն Հայաստանի, որից այսօր շատ-շատերը դժգոհում են: Կեղծիքների հիմքը դրվեց 1995 թվականին Սահմանադրությունը կեղծելով: Օրինակ ասեմ՝ անձամբ եմ լսել, երբ Զանգեզուրից, Կապանից երկրորդ օրը զանգում էին, ասում էին՝ քսան քանի տոկոս է, ասում էին՝ մինչեւ յոթանասուն քանի չսարքեք չբերեք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բարձր պաշտոնյա է ասել, չեմ ուզում ասել: Եվ այս պայմաններում ընդունվեց այս Սահմանադրությունը»:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, նա պնդեց, որ Ավետիք Իշխանյանը անուններ տա: Վերջինս ասաց, որ Գագիկ Ջհանգիրյանի մասին է, սակայն միայն նա չէ:

«2005 թվին իսկապես փոփոխություն էր, որը ոչ թե Հայաստանի իշխանությունների ցանկությունն էր, այլ Եվրոպայի խորհրդի պահանջն էր, որը մասամբ կատարվեց, երկար ժամանակ էր գնում Վենետիկի հանձնաժողովի ու իշխանությունների հետ, նրանք ասում էին, որ ընդհանրապես պետք է նախագահից հեռացնել դատական իշխանությունը, բայց վերջը, որ նախագահն է ստորագրում, այդ կետը մտավ Սահմանադրության մեջ: Եվ թե 2005 թվականի Սահմանադրությունն ինչպես անցավ, դա նույնպես իմ աչքի առաջ էր եղել, երբ ընդհանրապես դատարկ էին բոլոր տեղամասերը, բայց գրվեցին տոկոսներ»,- ասաց իրավապաշտպանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031