Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ընտրական նոր օրենսգիրքը, որպես պիլոտային ծրագիր, հնարավոր է կիրառեն Գյումրիում կամ Վանաձորում». Արամ Մանուկյան

Հուլիս 11,2016 14:51

Այսօր «Հայացք» ակումբում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց իր խոսքերով՝ մեր երկրի տխուր պատկերը . «2015-ին 2014-ի հետ համեմատած ՀՆԱ-ն 11.6 մլրդ-ից իջել է 10.6 մլրդ, այսինքն՝ 1 մլրդ-ով պակասել է: 1 շնչի բաժինը իր երկրի հարստության մեջ 3800 եվրոյից իջել է 3500 եվրո:

Տրանսֆերտները 1 տարվա ընթացքում պակասել 500 մլն դոլարով: Արտահանումը 1.5-ից դարձել է 1.4, ներմուծումն իջել է: Պետական պարտքն ավելացել է շուրջ 1 մլրդ դոլարով: Այսպիսի արագություն պարտքերի մեծացման երբեք չի եղել: Բյուջեն եւ ՀՆԱ-ն մեկ միլիարդով պակասում են, պարտքերը նույնքանով ավելանում են: Ներդրումների առումով էլ տխուր վիճակ է, ներդրումների տոկոսը 20 է: Գործազրկությունը պաշտոնական թվերով եղել է 16 տոկոս, հիմա կազմում է 18.4 տոկոս: Տարեկան 47 հազար պաշտոնապես արտագաղթ ունենք: Շատ վախեցնող թիվ կա, որի համար դեռ ոչ մեկը լուրջ պատասխան չի տվել՝ կապիտալի ապօրինի արտահանումը: Այն կազմել է 1.8 մլրդ դոլար: ՀՀ-ում գումար դնելը, բիզնես դնելն ու ներդրումներ անելը նաեւ հայաստանցիների համար ձեռնտու չէ, գումարները դուրս են գալիս: Մեր կոռուպցիայի դեմ պայքարող հզոր տղերքը իրենց գումարները դուրս են հանում»:

Արամ Մանուկյանը նաեւ ասաց, որ 1 տարվա ընթացքում ՀՀ աշխատողների վարձատրության ընդհանուր գումարը պակասել է 30 տոկոսով ու իրեն հոդաբաշխ բացատրություններ չեն տալիս:

Միակ դրական քայլը, ըստ Արամ Մանուկյանի, Ընտրական օրենսգիրքն էր. «Ես ուզում եմ դրվատանքի խոսք ասել բոլոր այն կառույցներին, կուսակցություններին, որոնք նպաստեցին այս նախագծի 4 կետերի ընդունմանը: Գործընթացը չի ավարտվել, դեռեւս կա իրականացման փուլ, որ 4 մլն եվրոյի կարիք կա: Միջազգային կառույցները ճնշում են գործադրում, որ ՀՀ իշխանություններն իրենց մասնաբաժինն ունենան այդ 4 մլն-ի մեջ: Իշխանության համար սա անկյունաքարային որոշում է լինելու, խնդիրը քաղաքական է, ֆինանսական չէ: Եթե ՀՀ իշխանությունները մերժեն սա, լրջագույն ֆինանսական մարտահրավերներ են ընդունելու իրենց համար դրսից: Իրենք իրենց կզրկեն այն ֆինանսներից, որոնք դրսից կարող են բերել հետագա տարիների ընթացքում: Եթե իրենք հանկարծ չեն գնում դրան, պայքարի շատ մեթոդներ կան: Այս 4 կետերը լրջագույն հաջողություն է, այդ հաջողությունները մենք մեր ձեռքից բաց չենք թողնի: Վճիռը քաղաքական է, ամենեւին այդ 4 մլն եվրոյի մասին չէ խոսքը, ես առնվազն կարող եմ մատնանշել, 4 տարբերակ ասել, թե որտեղից կարող են այդ գումարները վերցնել իշխանությունները»:

Արամ Մանուկյանն ասաց, որ միջազգային արձագանքներն այնպիսին են, որ Ընտրական օրենսգրքի այդ փոխզիջումային տարբերակը դիտարկում են որպես առաջընթաց եւ շահագրգռվածություն կա ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողմից, որ օրենքը գործի. «Եթե արագ լինի, չի բացառվում, որ այդ օրենքը, որպես պիլոտային, օգտագործվի, կիրառվի Գյումրիում կամ Վանաձորում: Այս պահին իշխանությունները պարտավոր են դրան կոնկրետ լուծում տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031