Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ-ի պաշտոնանկությունները «կողոպուտի սրբազան օրենքները խախտելու համար» էին»

Հուլիս 15,2016 15:30

Ազատամարտիկ Արամ Մանուչարյանի կարծիքով`
մեծ պատերազմը դեռ առջեւում է

– Պարոն Մանուչարյան, վերջին շրջանում խոսակցություններ շրջանառվեցին, որ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հենակետերից հավաքել են լրացուցիչ զենք-զինամթերքը: Տեսակետներ են հնչում նաեւ, որ այդ պատերազմն, այսպես ասած, պայմանավորված պատերազմ էր: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կատարվեց ապրիլի 2-4-ը:

Aram_Manucharyan

– Նախ եւ առաջ՝ չկա ոչ մի քառօրյա պատերազմ: Մեր ժողովրդի ոչնչացմանը ուղղված բացահայտ գործողությունները սկսվել են 1988 թվականից եւ շարունակվում են առ այսօր: Ո՞վ է սկսել եւ ինչո՞ւ՝ խորը ուսումնասիրության եւ առանձին խոսակցության խնդիր է: Այն նույնը, ինչը կատարվել է 1894-1923թթ. եւ հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն, նույնությամբ կրկնվում է նաեւ հիմա, ընդհուպ մինչեւ համաշխարհային ազդեցիկ պետությունների եւ ուժերի վերաբերմուքը, միջազգային հանրության անտեղյակությունը, նպատակային ապատեղեկացումը եւ անտարբերությունը: Փոփոխվում են հարվածների ձեւերը, ինտենսիվությունը, նենգության աստիճանը մեզնից դուրս գործողների: Եվ 88-ի փետրվարյան առաջին իսկ ջարդերի օրերից, երբ հայ մարդը Սումգայիթում, Բաքվում, Նախիջեւանում… Նախկին Ադրբեջանական ԽՍՀ իր բնօրրան համարյա բոլոր բնակավայրերում իր ընտանիքը ջարդարարներից փրկելու համար բարձրացրեց իր բռունցքը, ձեռքը վերցրեց փայտը, դանակը, իսկ հետո, ցավոք, շատ ավելի հետո` հազարավոր սպանություններից, անարգանքներից, բռնություններից հետո եւ հրազենը, սկսվեց եւ մինչ այսօր շարունակվում է պատերազմը: Միայն վերջերս Իրաքում եւ Սիրիայում ծավալված զարհուրելի բարբարոսություններից հետո իմացանք, որ միջազգային հանրությունը նման տիպի քայլեր իրականացնող համակարգը անվանել է Իսլամական Պետություն, բայց մեր դեպքում շարունակում է այն քողարկել «Ադրբեջան», «կոնֆլիկտ» եւ այլ բարբարոսությունները քողարկող բառերի շղարշի ներքո:

Ինչ վերաբերում է «լրացուցիչ զենք, զինամթերք հավաքելուն», ապա Հայաստանում վաղուց արդեն բոլոր «լրացուցիչ»` ժողովրդին պատկանող հանքերն ու դպրոցները, գործարաններն ու դաշտերը, հազար ու հազար ուրիշ այլ բարիքներ վաղուց հավաքվել եւ բանկային հաշիվների են վերածվել իշխող հրոսակախմբի կողմից: Անհասկանալի է՝ ինչո՞ւ պիտի դրանից դուրս մնային բանակային հրոսակախմբերը:
Ինչ վերաբերում է «պայմանավորված պատերազմին», ապա Հայաստանի ղեկավար կողոպտիչները համաշխարհային թելադրանք իրականացնող տիրակալների հետ վաղուց արդեն պայմանավորվել են իրենց հավերժ հպատակության հիմնական սկզբունքների մասին. այն է՝ սեփական երկիրը անպատիժ թալանելու, սեփական ժողովրդին գնդակահարելու, ազատազրկելու, բռնությունների ենթարկելու իրավունքի դիմաց՝ այդ տիրակալներին հազար մեծ ու փոքր ծառայություններ մատուցելու մասին նույն այդ ժողովրդի ու երկրի հաշվին: Եվ ինչո՞ւ այդ գործարքների շրջանակից պետք է դուրս մնար ռազմական ոլորտը:

-ՊՆ-ում պաշտոնանկություններ եղան չարաշահումների գործերով, նոր նշանակումներ եղան, դրանց ինչպե՞ս եք վերաբերվում: Համաչա՞փ էին պաշտոնանկությունները եւ պատիժները իրավիճակին, վստահություն ներշնչո՞ւմ են նոր նշանակումները:

– Հայաստանում վերջին երկու տասնամյակում հավերժ է միայն կողոպուտը: Բոլոր նշանակումները կատարվում են միայն այն կատարելագործելու նպատակով: Բոլոր պաշտոնանկությունները հետեւանք են որպես պատիժ՝ կողոպուտի սրբազան օրենքները խախտելու համար, օրինակ՝ ղեկավարից թալանածի չափը եւ վերջինիս հատկացվող մասը կեղծելու, փոքրացնելու համար: Չեմ կարծում, որ վերջին տեղափոխությունները որեւէ իրական շեղում են գրանցել նշված օրինաչափություններից:

– Բոլոր կանխատեսումներով մեծ պատերազմը դեռ առջեւում է. համամի՞տ եք: Ի՞նչ զարգացումներ են սպասվում:

– Ցավոք սրտի, մեծ պատերազմը, ըստ ամենայնի, իրոք, դեռ առջեւում է: Բայց այդ մեծ պատերազմի մասին Հայաստանում ոչ ոք դեռ չի խոսում, ավելի շատ՝ հայ-ադրբեջանական ինչ-ինչ բախումների մասին: Մինչդեռ մեծ տարածաշրջանային, դեպի գլոբալը սրընթաց ծավալվող պատերազմը կարող է սկսվել աշնանը սպասվելիք Իսլամական Պետության դեմ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի կողմից հուժկու հարվածներ իրականացնելուց հետո: Իսլամական Պետությունը փաստացի կվերանա, եւ տասնյակ հազարավոր ծայրահեղական գրոհայիններ եւ փախստականներ կսկսեն իրենց մահացու ընթացքը տարածաշրջանում: Առաջին հերթին Թուրքիայի ուղղությամբ: Այնտեղ նորանոր բախումներ հրահրելով թուրքական բանակի եւ հատուկ ծառայությունների, քրդերի հետ եւ վերջիններս միմյանց հետ` արյունալի հրապտույտի մեջ ներգրավելով միլիոնավոր եւ տասնյակ միլիոնավոր մարդկանց: Հարցերի հարցն է, թե ո՞ւր կուղղորդվեն այդ խելակորույս, բռնություն տարածող հոսքերը: Եվրոպան արդեն խուսափելով այդ հոսքերից՝ փակեց իր սահմանները Թուրքիայի հետ, փոխարենը իր սահմանները ուզում է բացել Հայաստանը: Դե ի՞նչ, իսկ ինչո՞ւ չփորձել սահմանի վաճառքի դեմ փող կորզել: Մնացած ամեն ինչ կարծես վաղուց արդեն վաճառել են: Բոլոր դեպքերում դժվարանում եմ նկարագրել իրավիճակը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, իսկ հետո նաեւ Ռուսաստանում, եթե այդ հոսքը ուղղեն այս ուղղությամբ: Սա է սցենարը իրական մեծ պատերազմի:

– Տարածքների վերադարձի կրկին վերակենդանացած խոսակցություններին ինչպե՞ս եք նայում:

– Որպես կանոն, երկրի կառավարիչները երկրի տարածքները շռայլում են իրենց արտաքին կառավարիչների հանձնարարականով՝ որպես վարձ Բաղրամյան 26-ում իրենց զբաղեցրած ծառայողական տարածքները պահպանելու դիմաց: Իսկ ժողովրդի առաջ, ինչպես 96-ին, ինչպես Մեղրիի տարածքը հանձնելու 99-2001 թվականներին, կրկին նույն խնդիրն է՝ պահպանել տարածքները իշխող կառավարիչի եւ հանձնել երկրինը, թե՞ հանձնել կառավարիչի տարածքները` կառավարիչի հետ միասին, իրեն հովանավորող արտաքին տիրակալներին՝ պահպանելով միայն ժողովրդին պատկանող հայրենի տարածքները:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

«Առավոտ»

14.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031