Լրահոս
Օրվա լրահոսը

Արսինե Խանջյանը զրկված է եղել իր նվազագույն իրավունքներից. Արամազդ Կիվիրյան

Հուլիս 28,2016 16:31

Ինչպես հայտնի է, ոստիկանները բերման էին ենթարկել նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին: Aravot.am-ը նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանին խնդրեց ներկայացնել դեպքի մանրամասները:

«Նրան բերման են ենթարկել ոստիկանության զորքերի զորամաս, որը գտնվում է Իսակովի պողոտայում: Ճիշտն ասած, տեղեկություն չունեմ՝ միանգամից են այնտեղ տարե՞լ, թե՞ ոչ, որովհետեւ ի սկզբանե տեղեկություն չկար, թե որտեղ է գտնվում ինքը: Տարբեր ոստիկանական բաժանմունքներ գնալուց եւ պարզելուց հետո, որ ինքը չկա, հետագայում պարզեցինք, որ այնտեղ է գտնվում: Բերման են ենթարկել առանց որեւիցե պարզաբանման, ինչպես նաեւ բազմաթիվ այլ քաղաքացիների, ուղղակի զուտ այն փաստի համար, որ անձը գտնվում է այնտեղ, այսինքն՝ որեւիցե պարզաբանում, թե ինչու են բերման ենթարկում չի ներկայացվել: Չի պարզաբանվել նաեւ որեւիցե իրավունք, այսինքն՝ անձը զրկված է եղել իր նվազագույն իրավունքներից, որ իրավունք ունի այդ ընթացքում իրացնել, թեկուզ առնվազն 1 զանգի իրավունքը, փաստաբանի հետ կապվելու եւ այլն: Ձեռքից խլել են նաեւ հեռախոսը: Այնտեղ պահել են անօրինական ձեւով երկարատեւ ժամանակ, դրանից հետո ազատ են արձակել»,- ասաց նա:

Արամազդ Կիվիրյանը նշեց, որ որպես փաստաբան սահմանափակվել են նաեւ իր իրավունքները. «Մենք, որ եկանք, մեզ ի սկզբանե չէին թողնում: Սկզբից նույնիսկ ասացին՝ ինքն այստեղ չի գտնվում: Ուղղակի մենք համակարգի նկատմամբ այդքան հավատով լցված չէինք, եւ բնականաբար, չհավատացինք նրանց խոսքին եւ պնդեցինք, որ, այնուամենայնիվ, մենք ունենք տվյալներ, որ նա այստեղ է գտնվում, որ իրենց վերադասին զեկուցեն, որ մենք գտնվում ենք այստեղ: Այդ ժամանակ, ինչպես ասաց Արսինե Խանջյանը, ինքը գտնվում էր ներսում, վերադասի հետ միասին, մոտեցել եւ զեկուցել են, որ փաստաբանները ներքեւում սպասում են, իրենց ազատ են արձակել:

Arsine_Khanjyan_2

 

Ես նույն պահին զանգահարել եմ 102 եւ հայտնել, որ որպես փաստաբան ցանկանում եմ իրավական օգնություն ցույց տալ իմ վստահորդին, սակայն այդ հնարավորությունը ինձ չեն ընձեռում, որովհետեւ ոստիկաններն արգելում են մուտք գործել: Նշեմ, որ այնտեղ կային այլ իրավաբաններ, որոնք նույն կարգավիճակում էին գտնվում, այսինքն՝ չէին թողնում, որպեսզի վերջիններս կարողանան վերեւ բարձրանալ: Ավելին՝ կրկին նույն սցենարն էր տիրում՝ բազմաթիվ մարդիկ այնտեղ հավաքվել էին եւ փորձում էին ճշտել՝ արդյոք այս ինչ այսինչյանը այդտեղ է գտնվո՞ւմ, թե՞ ոչ, սկզբից ասում էին՝ ո՛չ, այստեղ այդպիսի մարդ չկա: Իրականում, դա կատարվում էր բացառապես այն նպատակով, որ քաղաքացիները այդտեղից հեռանան»:

Արամազդ Կիվիրյանը մեզ հայտնեց, որ Արսինե Խանջյանին էլ են սպորտային դահլիճում պահել: Նա ոստիկանության գործողությունները առեւանգում որակեց եւ նշեց, որ որեւէ օրինական գործառույթ չի տեսնում. «Ոստիկանությունը գործում է անօրինական ձեւով եւ այդ անօրինականությունները ժամանակի ընթացքում ավելի են խորանում: Այսինքն՝ եթե առաջ այդ անօրինականությունները որոշակի չափով ոչ այդքան մեծ էին, հիմա այս օրերին մենք կարող ենք ասել, որ դրանք հասել են առավելագույնի. ես չեմ պատկերացնում, թե սրանից հետո ինչ է հետեւելու, որովհետեւ տարբեր տեղեկություններ կան, որ ոստիկանությունը անձանց գրպանը անօրինական զենքեր է գցում: Չգիտեմ, իհարկե՛, թե ինչքան են այդ լուրերը ճշտված, սակայն ես կոնկրետ հավատում եմ, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ, որովհետեւ, համենայնդեպս, մեր ոստիկանությունից դա սպասելի է:

Բնականաբար, շատ ցավալի է, որ ոստիկանությունը կոնկրետ նմանատիպ գործողություններ է կատարել նաեւ Արսինե Խանջյանի նկատմամբ, սակայն որեւէ քաղաքացու իրավունք չպետք է խախտվի, այդ թվում՝ նաեւ Արսինե Խանջյանի, բայց նաեւ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացու, որովհետեւ այդ առումով բոլորը հավասար են օրենքի առաջ: Չնայած՝ իհարկե՛, հաշվի առնելով Արսինե Խանջյանի անձը, կարծում եմ՝ ոստիկանությունը նմանատիպ գործողություն ընդհանրապես չպետք է կատարեր: Բայց դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում, այսինքն՝ այնտեղ այնպիսի բարդակ է, ես ուրիշ բառով չեմ կարողանում որակել, որ իրենք պատրաստ են բերման ենթարկել անխտիր բոլոր քաղաքացիներին, որոնք որ ինչ-որ ձեւով փորձում են օժանդակել այն անձանց, որոնք այնտեղ ցույց են իրականացնում եւ պայքարում են այնտեղ»:

Արամազդ Կիվիրյանը անդրադարձավ նաեւ իրավական մեխանիզմներին. «Բնականաբար, ոստիկանության գործողությունները կարելի է բողոքարկել վարչական կարգով, սակայն այստեղ վարչարարության հարց չէ: Այստեղ առաջնահերթ խորհուրդ կտամ հաղորդում ներկայացնել ոստիկանության համապատասխան բաժին. թո՛ղ Հատուկ քննչական ծառայությունը զբաղվի այդ հարցով, որովհետեւ, ըստ էության, ոմն անձինք դիմակներով փաստացի առեւանգում են ինչ-որ անձանց եւ տանում են այլ վայլ, ոչ ոստիկանության բաժին, տանում են ոստիկանության զորքեր, այնտեղ պահում են անօրինական ձեւով, խլում են իրենց գույքը, ինչ-որ անօրինական խուզարկություններ են կատարում, եւ այլն, եւ այլն …

Բնականաբար, դա ի սկզբանե ենթակա է որակման քրեաիրավական առումով: Եվ ես խորհուրդ եմ տալիս բոլոր այն քաղաքացիներին, որոնք տուժել են ոստիկանության գործողություններից, դիմել համապատասխան մարմիններին: Իհարկե՛, հույս ունենալ, որ համապատասխան մարմինները որոշակի գործողություններ կկատարեն, ես չեմ կարող, որովհետեւ ստացվում է՝ դուք դիմում եք այն մարմնին, որը կատարել է ապօրինություն: Բայց, այնուամենայնիվ, դա չպետք է կանգնեցնի, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել, այնուամենայնիվ, պետք է պայքարել մինչեւ վերջ»:

Հետաքրքվեցինք նաեւ, թե Արսինե Խանջյանի գործով որո՞նք են լինելու փաստաբանի գործողությունները, Արամազդ Կիվիրյանը պատասխանեց.  «Ճիշտն ասած, վերջին մեր զրույցի ժամանակ պայմանավորվեցինք, որ այսօր կքննարկենք այդ հարցը եւ կհասկանանք հետագա մեր գործողությունները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031