Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդևան Գրիգորյանը կարող է մեծ խնդիրներ ստեղծել Սամվել Բալասանյանի համար». քաղաքագետի կանխատեսումները

Օգոստոս 11,2016 14:13

Երկու օր առաջ ԲՀԿ-ն հայտարարեց Գյումրու ՏԻՄ ընտրություններին իր մասնակցության մասին՝ համամասնական ցուցակի առաջին տեղում առաջադրելով նախկին ԲՀԿ-ական, Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը վերջերս լքած Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը:

Նկատի ունենալով, որ վերջինս ճանաչված անձ է՝ մեծ շրջապատով, մենք քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ տեսակ ընտրություններ սպասել Վարդեւան Գրիգորյանի առաջադրմամբ, ո՞ր կուսակցությունների միջև հիմնականում կլինի ընտրապայքարը:

«Բոլորը սպասում էին, որ Գյումրիում պետք է տեղի ունենան տխուր ՏԻՄ  ընտրություններ, այսինքն հիմնական թեկնածուն կլիներ Հանրապետական կուսակցության թեկնածու Սամվել Բալասանյանը, իսկ այլ խոշոր դեմքեր չեն մասնակցի: Պետք է նշեմ, որ Սամվել Բալասանյանին հաջողվել էր այն հիմնական թեկնածուներին, որոնք կարող էին մեծ խնդիրներ ստեղծել, կոպիտ ասած խաղից դուրս հանել: Սակայն երկու օր առաջ տեղի ունեցավ շատ հետաքրքիր մի իրադարձություն. ԲՀԿ-ն, որը նախօրոք որոշել էր, որ սեփական թեկնածուով չի մասնակցելու Գյումրիում ՏԻՄ ընտրություններին, հայտարարեց, որ ինքը պաշտպանելու է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Վարդեւան Գրիգորյանին: Պետք է նշեմ, որ Վարդեւան Գրիգորյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, որը միշտ շատ զգույշ է եղել և իր զգուշության շնորհիվ գրեթե 14 տարի ղեկավարել է բուհը: Այստեղ կարող եմ երկու վարկած առաջ տանել, թե ինչո՞ւ Վարդեւան Գրիգորյանն առաջադրեց իր թեկնածությունը: Առաջինն այն է, որ սա կարող է լինել պայմանավորված գործող իշխանությունների հետ, որովհետև իշխանությունները, Սամվել Բալասանյանի դիմացից բոլոր խոշոր թեկնածուներին հանելով, կարող էին այն իրավիճակի հետ առնչվել, ինչ տեղի ունեցավ նախագահական ընտրությունների ժամանակ. Գյումրիում Սերժ Սարգսյանին ընդդիմացող զանգվածը, այլ թեկնածու չունենալով, գնաց, ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Հիմա նույնը կարող էր տեղի ունենալ ՏԻՄ ընտրություններում, այսինքն Գյումրու ընդդիմադիր զանգվածն, այլ թեկնածու չունենալով, կարող էր գնալ, ընտրել, օրինակի համար ԳԱԼԱ կուսակցությանը: Այս վարկածի դեպքում՝ իշխանությունները փորձ են կատարում ձայներ խլել՝ հովանավորելով Վարդևան Գրիգորյանին որպես այլընտրանքային թեկնածու, թույլ են տալիս, որ ինքն ակտիվ մասնակցի ընտրություններին և քիչ, թե շատ ձայներ տանի ԳԱԼԱ կուսակցությունից: Բայց պետք է նշեմ, որ Վարդևան Գրիգորյանը բավական ձայներ կտանի նաև Սամվել Բալասանյանից:

Երկրորդ տարբերակն այն է, որ Վարդևան Գրիգորյանը կարելի է ասել նեղված դուրս եկավ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնից՝ դրա դիմաց չստանալով ոչ մի բան իշխանությունների կողմից: Եվ հիմա սեփական խաղն է առաջ տանում՝ փորձելով ցույց տալ իշխանություններին, թե ինքը ինչ կարող է անել Գյումրիում: Եվ պետք է նշեմ, որ Վարդևան Գրիգորյանը կարող է մեծ խնդիրներ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար Գյումրիում, եթե, իհարկե, ինքը տանի գրագետ ու արդյունավետ քարոզարշավ: Նա այն եզակի գործիչներից է Գյումրիում, որը գրեթե բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունի, ունի իր ընտրազանգվածը, երկար տարիներ զբաղվել է թիվ 33 ընտրատարածքով, որն ընդգրկում է նաև Գյումրիի մեծ մասը, ունի մեծ քանակությամբ ընկերական շրջապատ: Իր տղաներն էլ բավական մեծ ընկերական շրջապատ ունեն և պետք է նշեմ, որ Վարդևան Գրիգորյանը երևի թե հույսը դրել է այս հանգամանքների վրա»:

Մեր դիտարկմանը՝ ուզում եք ասել, որ Սամվել Բալասանյանը պետք է զգուշանա՞ Վարդևան Գրիգորյանի առաջադրմամբ, Գագիկ Համբարյանն ասաց. «Այո, պետք է ասեմ, որ մեր գործող քաղաքապետը, երբ որ ինքը Ազգային ժողովի պատգամավոր էր, իսկ ինքը ընտրվել էր մեր ընտրատարածքից, այլակարծություն ու այլ թեկնածուների առակայություն իր հետ չի տանում: Ինքն այն եզակի քաղաքական գործիչներից է եղել Գագիկ Ծառուկյանի նման, որի դեմ գրեթե ոչ մի անգամ համարժեք ուժով թեկնածու չի առաջադրվել, նույնիսկ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Պարոն Բալասանյանի մոտ ստացվել է այդ խաղը տանել, որ բոլոր խոշոր թեկնածուներին, որոնք կարող են իր համար խնդիրներ ստեղծել, ինքը մաքրում է իր դիմացից: Չգիտեմ նրա մոտ ինչպես է դա ստացվում, բայց միշտ հաջողվել է: Հիմա էլ էր հաջողվում, որովհետև  հիմնական այն թեկնածուները, որոնք կարող էին խնդիրներ ստեղծել Սամվել Բալասանյանի համար, ոչ միայն չեն առաջադրելու իրենց թեկանծությունն, այլ պաշտպանելու են, օրինակ՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Նա, իմ տեղեկություններով, պաշտպանելու է Սամվել Բալասանյանին: Սամվել Բալասանյանին խնդիրներ ստեղծող թեկնածուներ չկային, իսկ դուք շատ լավ գիտեք, որ Գյումրու ընտրազանգվածն անկանխատեսելի է, և եթե մինչև վերջ Վարդևան Գրիգրյանը մնա որպես թեկնածու մրցապայքարում, անկանխատեսելի ընտրություններ կսպասվեն Գյումրիում»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031