Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի նշած տնտեսական դրական ցուցանիշները փուչիկի նման պայթելու են

Օգոստոս 15,2016 21:30

Սարգսյան-Պուտին հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից այնպիսի տպավորություն է, որ

ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը սկսել է ոտքի կանգնել: Նախագահ Սարգսյանը միայն դրական ցուցանիշներ ներկայացրեց, որոնք գրանցվել են ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո:

Հիշեցնենք, նախագահն ասել է. «Ես գոհունակությամբ եմ ուզում փաստել, որ չնայած համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական խնդիրներին, վեց ամսվա ընթացքում մեր առեւտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90%-ով եւ, փաստորեն, հասել է կիսամյակի ընթացքում իր պատմական առավելագույնին: Դա, իհարկե, նաեւ ԵԱՏՄ կողմից տրամադրվող հնարավորությունների շնորհիվ է, ինչը, անշուշտ, շատ լավ է»:

Իսկ ի՞նչ վնասներ է կրել Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, այս մասին ոչինչ չասաց նախագահ Սարգսյանը: Գրանցած դրական ցուցանիշներն էլ տնտեսագետները կասկածի տակ են առնում:

Aravot.am-ի հետ զրույցում «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանն ասաց, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո բացասական հետեւանքները պարզելու համար լուրջ  եւ պրոֆեսիոնալ կառույցի կողմից հետազոտություններ են հարկավոր, քանի որ այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել (Ուկրաինայի հետ պատերազմը, ԵՄ, Թուրքիա պատժամիջոցներ, նավթի գնի ռեկորդային անկում ), եւ առանձնացնել ու նշել որեւէ բան, որը բացասական արդյունք է թողել, հնարավոր չէ.«Պրոֆեսիոնալ ինստիտուտ է պետք, որպեսզի կարողանա ուսումնասիրել ու գնահատել՝ ի՞նչ շահեցինք կամ ինչպես տուժեցինք, կամ, եթե այդպես չլիներ, ինչ կշահեինք, կամ ինչպես կտուժեինք: Փոխկապակցված եւ շատ բարդ մոդելավորման խնդիր է»:

Գեւորգյանի կարծիքով՝ ԵԱՏՄ-ի արդյունքներին անդրադառնալիս, պետք է  երկարաժամկետ եւ կարճաժամկետ հեռանկարներով դիտարկել:

«Կարճաժամկետ առումով, այսպես, թե այնպես, պետք է լավ լիներ, որովհետեւ Հայաստանի համար մի մեծ շուկա է բացվել, եւ այդ շուկան շատ ավելի մեծ է քան մերը: Բայց նաեւ պետք է դիտարկել մեր տնտեսության վրա որակական ազդեցությունը: Այս իմաստով մենք դառնում ենք մի փակ համակարգի մեջ  փոքր տնտեսություն, որտեղ դոմինանտը Ռուսաստանն է: Եւ, փաստորեն, մենք մեր տնտեսական օրենսդրությունն ու ամեն ինչ հարմարեցնում ենք Ռուսաստանի շահերին: Ռուսաստանը բնական ռեսուրսների՝ նավթի, գազ վրա նստած տնտեսություն է, անորակ, անհեռանկար տնտեսություն, եւ մենք այդ տնտեսության մաս ենք կազմել, եւ այդ տնտեսությունը մյուսների համար փակ է: Այսինքն՝ նախկին Սովետ միությունն է, որտեղ մենք երազ էինք արտադրում, ու հիմա պարզապես չենք արտադրում»,-ասաց Գեւորգյանը:

Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել, թե Ռուսաստան արտահանված որ ապրանքների գծով է աճ գրանցվել: ԱՎԾ-ից մեզ վստահեցրին, որ նման ցուցանիշներ տարին ամփոփելուց հետո կլինի:

Հայկ Գեւորգյանն այն կարծիքի է, որ տարին ամփոփելուց հետո, ԱՎԾ-ի ներկայումս հրապարակած այս տարվա 6 ամսվա դրական ցուցանիշները փուչիկի նման պայթելու են, եթե, իհարկե, վստահելի վիճակագրական ծառայություն ունենանք:

Տնտեսական մեկնաբանը, որպես օրինակ է բերում պաշտոնական այն վիճակագրությունն, ըստ որի Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 20 հազար տոննա լոլիկ: Ըստ Գեւորգյանի, սա անհնար է. «20 հազար տոննա պոմիդորի համար լրացուցիչ 150 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով  ջերմոցներ են պետք, իսկ Հայաստանում նման ջերմոցները 90-100 հեկտարից չեն անցնում: Այսինքն, եղած 90-100 հեկտարից բացի, նաեւ 150 հեկտար էլ պետք է լիներ, որ այդ 20 հազար տոննան ապահովվեր:  Ով ասում է, որ 20 հազար տոննա լոլիկ ենք արտահանել, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ուրեմն այդ անձը պարզ թվաբանություն չգիտի»:

Ինչ վերաբերում է այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան արտահանման 90% աճին,Գեւորգյանն ասաց, որ այս ցուցանիշն այդպես ակնհայտ, ու կարելի է ասել աչք է ծակում, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում

արտահանումը  նվազել էր 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ 34%-ով` 134 միլիոն դոլարից հասնելով 89 միլիոնի:

ԱՎԾ տվյալներով, կաշվի հումք,կաշի, մորթի եւ դրանցից պատրաստված իրեր, կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, թեթեւ արդյունաբերական ապրանքների արտահանումն էլ, ներմուծումն էլ ավելացել է:

Թե ինչո՞վ են պայմանավորված այս ցուցանիշները, մեր այս հարցին Գեւորգյանն ասաց, որ դրանք պետք է դիտարկել Թուրքիա-Ռուսաստան փոխադարձ արգելքների ֆոնին:

Նշված ապրանքներից մեծ քանակությամբ Ռուսաստան էին ներմուծվում Թուրքիայից, եւ աճ է գրանցվել Թուրքիայի նկատմամբ արգելքների ժամանակ:

Հիմա, երբ Թուրքիան եւ Ռուսաստանը «բարիշել են», արգելքներն էլ վերացվել, ԱՎԾ- ներկայացրած այս պատկերը, ինչպես ասաց Գեւորգյանը, փլուզվելու է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մկո says:

    Զարմանալու բան վաղուց չկա: Գեբելսը (կարծեմ) ասում էր՝ ,,սուտ խոսեք, որքան մեծ այնքան շուտ կհավատան,,

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031