Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

Սեպտեմբեր 02,2016 18:55

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը այսօր՝ 2016թ. սեպտեմբերի 2-ին, ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեա Խալուպովային:

Վահրամ Շահինյանը Պյոտր Սվիտալսկու խնդրանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները իրավապահ այլ մարմինների համակարգում՝ ընդգծելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հանդիսանում է օրենքի հիման վրա ստեղծված, անկախ և գերատեսչական կախվածությունից զերծ նախաքննական մարմին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Մասնավորապես՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել իրավական համագործակցության կազմակերպման և քննության մեթոդիկայի կատարելագործման եվրոպական փորձի ուսումնասիրման վերաբերյալ, ինչպես նաև կողմերը կարևորել են ՀՀ հատուկ քննչական ծառայության և Եվրամիության երկրների համապատասխան կառույցների միջև կառուցողական համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին հետաքրքրվել է Երևանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձություններին առնչվող քրեական գործերի նախաքննության ընթացքից:

Զրույցի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը փաստել է, որ հարուցված և քննվող քրեական գործերով կատարվում է լրիվ, անաչառ և բազմակողմանի քննություն: «Նշեմ, որ հանրությանը պարբերաբար ԶԼՄ-ների միջոցով տրամադրվում է տեղեկատվություն՝ իրականացվող անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների մասին: Կատարված առերևույթ հանցագործությունների բոլոր հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրվում են, լայնածավալ աշխատանքներ են տարվում մեղավոր անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծել է Վահրամ Շահինյանը:

Հանդիպման ավարտին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ կարևորելով ՀՀ հատուկ քննչական ծառայության առաքելությունն ընդգծել է.  «Բարձր եմ գնահատում ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքը և հորդորում եմ  ՀՀ իշխանություններին  արժանահավատ, արդյունավետ և թափանցիկ քննություն իրականացնել հուլիսյան դեպքերի առնչությամբ: Կարևորում եմ նաև քրեական գործերին վերաբերող թույլատրելի տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը»:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930