Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրում Մայր Աթոռը օգտվելու է «Մաքքինզի ընդ Քոմփանի» խորհրդատվական ընկերության ծառայություններից

Սեպտեմբեր 08,2016 15:36

Սեպտեմբերի 6-8-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ստեփանակերտում և Գանձասարի վանքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

Հայոց Հովվապետի գլխավորությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները գոհունակություն հայտնեցին ԼՂՀ անկախության հռչակման 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Արցախում ժողովի գումարման առիթով և իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված արցախահայության խաղաղ, ապահով և անվրդով կյանքի համար։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև իր շնորհակալությունը հայտնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Արցախ այցելելու հրավերի և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։

Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական և թեմական կյանքին վերաբերող հարցեր։

Ժողովի նիստերն ատենապետեցին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ժողովականներին նախ իրազեկվեց նախորդ ժողովում քննարկված հարցերի և դրանց վերաբերյալ կայացրած որոշումների կատարման ընթացքի մասին։ Այս առիթով Գերագույն հոգևոր խորհրդին տեղեկացվեց, որ համաձայն նախորդ ժողովում կայացված որոշման, նկատի ունենալով Տիրոջ Ս․ Գերեզմանի նորոգության հրատապությունը, ընդառաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմումին, Մայր Աթոռ Ս․ Էջմիածինն իր ընթացիկ բյուջեից կատարել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումարի փոխանցումը Պատրիարքարանին։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից շրջաբերական է ուղղվել թեմերին՝ հանգանակելու և լրացնելու արդեն հատկացված գումարը, ինչին ի պատասխան որոշ թեմեր և անհատ բարերարներ արդեն փոխանցումներ են կատարել, տվել նաև խոստումներ։

Ժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ փոխանցեց օգոստոսի 17-27-ը Հնդկաստան կատարած իր այցի վերաբերյալ։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հնդկաստանի բոլոր հայկական եկեղեցիները և եկեղեցապատկան կալվածքները Կալկաթայի Ս․ Նազարեթ եկեղեցու վարչության բացառիկ խնամատարության ներքո են։ Վեհափառ Հայրապետն անդրադարձ ունեցավ նաև Հայոց մարդասիրական ճեմարանի գործունեությանը, կրթօջախի ուսումնական գործընթացին և պատանիների կացարանային պայմաններին՝ հավելելով, որ անհրաժեշտ բոլոր թելադրություններն արվել են անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու ուսումնական հաստատության կարգավիճակի ու կրթական մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Ազգային-եկեղեցական ժողովի և Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների մշակման հանձնախմբի աշխատանքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Զեկույցի շուրջ լրացումներ կատարեցին հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և հանձնախմբի անդամ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով ներկայացված փաստաթղթերի հայեցակարգը, գնահատանքով ընդունեց հանձնաժողովի զեկույցը և հորդորեց շարունակել կանոնադրությունների մշակման աշխատանքները։

Նկատի ունենալով ս/թ աշնանը գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին ներկայացվելիք վերոհիշյալ կանոնադրական նյութերի աշխատատարությունը՝ խնդրանք ներկայացվեց երկարաձգելու փաստաթղթերի լրամշակման ժամկետը։ Գերագույն հոգևոր խորհուրդը, ընդառաջելով հանձնախմբերին, որոշեց ժողովը գումարել 2017 թվականի առաջին կեսին։

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության փոփոխությունների մասին զեկուցեց Գերաշնորհ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։ Ժողովականները գնահատանքով ընդունեցին կատարված աշխատանքը և հանձնարարեց թեմերից ներկայացված առաջարկների հիման վրա նախապատրաստել և ներկայացնել կանոնադրական փոփոխությունների նախագիծը։

Ժողովին «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը զեկույց ներկայացրեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի մասին։ Տիար Դավիդյանն իրազեկեց, որ ընդառաջ Վեհափառ Հայրապետի առաջարկին ստանձնել է ծրագրի աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը և արդեն իսկ հանդիպումներ է կազմակերպել թեմակալ առաջնորդների, եկեղեցական կառույցներում ծառայող հոգևորականների և աշխահականների հետ։ Ծրագրի իրագործման համար ձևավորվելու են գործադիր և խորհրդատվական երկու մարմիններ, որոնք քննության են առնելու ծրագրի իրականացման ուղղություններն ու եղանակները։

Տեղեկացվեց նաև, որ Եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրում Մայր Աթոռը օգտվելու է «Մաքքինզի ընդ Քոմփանի» խորհրդատվական ընկերության ծառայություններից։

Շնորհակալություն հայտնելով տիար Դավիդյանին Եկեղեցուն մատուցվող իր նվիրյալ ծառայության և կարևոր հանձնառության համար՝ Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց ներկայացված զեկույցը և կատարելով անհրաժեշտ դիտարկումները՝ թելադրեց կատարել անհրաժեշտը ծրագրի բարեհաջող իրականացման համար։

Արցախի թեմի գործունեության մասին զեկույց ներկայացրեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Ներկայացվեց, որ 1930 թ․ Բաքվի իշխանության ճնշման ներքո փակված պատմական Արցախի թեմը, որն ուներ այդ ժամանակ գործող 18 վանք, 112 եկեղեցի և 276 հոգևորական, վերաբացվել է 1989 թ․ օրհնությամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի ։ Ցայսօր թեմում կառուցվել և վերանորոգվել է 70 վանք, եկեղեցի և մատուռ, կառուցման ընթացքում են 9 եկեղեցիներ և մատուռներ։ Հրատարակվել է 86 կտոր հոգևոր գրականություն։

Պարգև Սրբազանը մասնավոր անդրադարձ կատարեց եկեղեցաշինական ծրագրերին՝ ներկայացնելով նաև Ստեփանակերտի առաջնորդանիստ տաճարի կառուցման ընթացքը։ Խոսվեց նաև թեմի հոգևոր սպասավորների հովվական գործունեության և նոր հոգևորականների նշանակման անհրաժեշտության մասին։

Գոհունակությամբ ընդունելով զեկույցը՝ Գերագույն հոգևոր խորհուրդն իր բարձր գնահատանքը հայտնեց Արցախի թեմի առաջնորդին և հոգևոր դասին՝ իրենց նախանձախնդիր և նվիրյալ ծառայության համար։

Ժողովին Հայաստանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Գերաշնորհ Տ․ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը հաղորդեց ԳՀԽ անդամներին Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանության խմբագրական աշխատանքների ավարտի ու այս առիթով նշանակված մասնագիտական հանձնախմբի դրական եզրահանգման մասին՝ հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը Աստվածաշունչ մատյանի վերախմբագրված թարգմանության տպագրության համար։ Ողջունելով կատարված աշխատանքը՝ Նորին Սրբությունը կատարեց անհրաժեշտ թելադրությունները Ս․ Գրքի նոր տպագրության կազմակերպման համար։

Գերագույն հոգևոր խորհուրդը լսեց նաև Եկեղեցական տոնացույցի բարեփոխման հանձնախմբի աշխատանքների մասին զեկույցը։ Կատարվեց նաև Կարգապահական հանձնախմբի կազմի փոփոխություն։

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով։

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930