Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնով. «Մոսկվան չի ապրում աբստրակտ աշխարհում, գոյություն ունեն հստակ շահեր»

Հոկտեմբեր 06,2016 16:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների համալսարանի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար, դոցենտ, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

– Պարոն Մարկեդոնով, սեպտեմբերի 21-ին Անկախության 25-ամյակի զորահանդեսում ՀՀ զինված ուժերի կողմից ցուցադրված «Իսկանդեր» հրթիռային, «Սմերչ», «Բուկ» եւ այլ համակարգերը, Ձեր կարծիքով, ի՞նչ ռազմաքաղաքական ազդեցություն կունենան տարածաշրջանային առումով, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտության համատեքստում:

– Ես, իհարկե, ռազմական գծով մասնագետ չեմ, դժվարանում եմ գնահատել ու եզրակացություններ անել, թե որքանով այն արդյունավետ կլինի, թե հակառակ կողմը ինչ նմանատիպ զենքեր ունի կամ չունի: Ես կարող եմ իրավիճակը բացառապես որպես քաղաքագետ, որպես քաղաքացիական գծով մասնագետ գնահատել:
Այդ նոր համակարգի ցուցադրումը զորահանդեսում խորհրդանշական քայլ էր: Նախ, առաջին հերթին, 25 տարի է՝ քառորդդարյա հոբելյանը չափազանց կարեւոր է ցանկացած պետության համար, Հայաստանի համար, որը անկախության հասավ բավական ծանր ճանապարհով, շատ ողբերգություններ տեղի ունեցան այդ ճանապարհին:

Ահա, պետության անկախության 25-ամյակն է: Ընդ որում, երկիրն այս պահի դրությամբ քիչ խնդիրներ չունի` Ղարաբաղյան հակամարտությունը, ծայրահեղ ծանր հարաբերություններ Թուրքիայի հետ, տարածաշրջանային մեկուսացումը, խնդիրներ կան այլ գործընկերների հետ, նույնիսկ դաշնակիցների հետ ժամանակ առ ժամանակ ծագում են որոշ հարցեր: Այս առումով այդ զորահանդեսը խորհրդանշական իրադարձություն էր` ցույց տալու համար, որ մենք ընդունակ ենք ապահովել երկրի անկախությունը, որն արդեն 25 տարեկան է, որ մեր թիկունքում է ուժեղ դաշնակից` Ռուսաստանը, չնայած առկա բոլոր խնդիրներին` դաշնակցային հարաբերությունները պահպանվում են: Սա ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային էր ուղղված, այլեւ ողջ աշխարհին` որ պետությունն իր անկախությունը եւ ազգային շահերը պահպանում է: Ահա, այսպես կգնահատեի` որպես քաղաքագետ:

– Իսկ կարո՞ղ ենք նաեւ արձանագրել, որ Ռուսաստանն էլ փորձ է անում վերականգնել հայ-ռուսական հարաբերությունները, որովհետեւ մեզանում շատ է խոսվում այն մասին, որ վերջին տարիներին այդ հարաբերությունները որոշակիորեն խախտվել են:

– Անկեղծ ասած՝ ես մշտապես հետեւողականորեն գրել եմ, որ Ռուսաստանի կողմից կողմնորոշման կտրուկ փոփոխություն չի կարող լինել սկզբունքորեն` Հայաստանից անցում դեպի Ադրբեջանի օգտին: Ռուսաստանն ունի իր շահերը Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մոսկվան չի գործի կտրուկ քայլեր: Ռուսաստանն այն երկիրը չէ, որը կարողանա փոխել ակտիվ դինամիզմն առանց հիմնավոր դրդապատճառների, շարժառիթների: Կարելի է ասել, Մոսկվան փորձեց փոխել ստատուս քվոն 2008-ին Վրաստանում, 2014-ին՝ Ղրիմում, 2015-ին՝ Սիրիայում, բայց եթե դիտարկենք այս եւ նման դեպքերը, ապա կտեսնենք, որ արտաքին շարժառիթներն առավել պարտադիր են: Հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան խնդրի դեպքում հատկապես ես չեմ տեսնում արտաքին այնպիսի շարժառիթներ, որոնք կստիպեին Մոսկվային արմատապես փոխել իր մոտեցումները:

Խոսակցությունները, թե Մոսկվան կբարեկամանա Ադրբեջանի հետ ու Հայաստանին կթողնի` բացարձակապես հիմնավոր չեն, որովհետեւ Մոսկվան չի ապրում աբստրակտ աշխարհում, գոյություն ունեն հստակ շահեր, հետաքրքրություններ, թե ինչ շահ կունենա որեւէ վերակողմնորոշման դեպքում, ես դա չեմ տեսնում: Կարծում եմ, որ Կրեմլում էլ այնքան հիմար չեն, որ տեսնեն ինչ-որ շահեր հնարավոր նման փոփոխություններում: Կլինեն հարաբերություններ Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ, յուրաքանչյուրի հետ՝ տարբեր, յուրաքանչյուրի հետ` առանձնահատուկ փոխհարաբերություններով:

– Պարոն Մարկեդոնով, ի՞նչ փուլում է գտնվում Ղարաբաղյան կարգավորման գործընթացը Ձեր պատկերացմամբ: Օրերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նկատեց, թե կարգավորման համար ներկայումս չի նկատվում հնարավորություն, ինչի պատճառն, ըստ նրա, առաջին հերթին այն է, որ առաջնորդները պատրաստ չեն:

– Սա այն դեպքն է, երբ պարոն Քերիի հետ պետք է համաձայնվել: Այո, իսկապես, առաջնորդները պատրաստ չեն: Այո, գտնվում են մինչապրիլյան սրման եւ դրանից հետո ընկած փուլերի կետում: Ապրիլյան հակամարտությունը փոխեց ինչ-որ բաներ մարտավարական առումով, բայց ոչ՝ ռազմավարական: Ոչ կարգավորման ձեւաչափի, ոչ ռազմաքաղաքական դասավորությունների արմատական փոփոխություններ տեղի չունեցան: Պարզապես ադրբեջանական բանակը ցույց տվեց իր որոշակի հնարավորությունները, որոնք ավելի էին, քան 90-ականներին, իսկ հայկական բանակում եւ քաղաքական համակարգում այն առաջացրեց որոշակի խնդիրներ, որի արդյունքում էլ մենք երկրի ներսում տեսանք ճգնաժամ` կապված «Սասնա ծռերի» հետ, դա որոշակիորեն հետեւանք էր: Բայց արմատապես կարգավորման գործընթացում փոփոխություններ տեղի չեն ունեցել, եւ չեմ կարծում, որ մոտ ապագայում կլինեն փոփոխություններ, որովհետեւ սկզբունքորեն երկար տարիներ նույն բանն է. կողմերը պահպանում են մաքսիմալիստական դիրքորոշումները, ինչ-որ փոխզիջումներ չեն պատկերացնում:
Պարոն Քերիի ճշմարտացի լինելու հետ միասին պետք է հասկանալ, որ նա արդեն հեռացող գործիչ է, ինչպես նաեւ ամերիկյան ներկայիս վարչակազմը, փաստացի Միացյալ Նահանգները հիմա կենտրոնացած է ընտրությունների արդյունքների սպասումների, իշխանության փոխանցման գործընթացի ուղղությամբ, այդ իսկ պատճառով չեմ կարծում, թե Միացյալ Նահանգների կողմից կլինեն նախաձեռնություններ այդ հարցում, առավել եւս, երբ ակնհայտ է, որ ունեն այլ քաղաքական առաջնահերթություններ` Սիրիայի խնդրում:

– Իսկ Ռուսաստանի կողմից նախաձեռնություններ կարելի՞ է սպասել:

– Դե, իսկ Ռուսաստանի կողմից… Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը: Հայերի եւ ադրբեջանցիների փոխարեն իրենց տեղո՞ւմ հայտնվի… Ո՛չ: Մոսկվան չպետք է դրդի դրան, նրան պետք չի: Գիտեք, մի առասպել կա, որն արդեն գրեթե 2 տարի թափառում է` «Լավրովի պլանը», որը ոչ ոք չի տեսել, դրա շուրջ շահարկումներ են:

– Դուք կարծում եք, որ «Լավրովի պլան» գոյություն չունի՞, դրանք շահարկումնե՞ր են ընդամենը:

– Ես չեմ ասի` գոյություն ունի, թե ոչ, ես չեմ տեսել, դա չեն տեսել նրանք, ովքեր հղում են անում այդ փաստաթղթին, նման փաստաթուղթ չկա: Պետք է քննարկել այն, ինչ կա: Գոյություն ունեն Մադրիդյան թարմացված տարբեր սկզբունքներ, դրանք մենք կարող ենք քննարկել, այն, ինչ բանակցությունների սեղանին են, դրանք մոտավորապես հասկանալի են` դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների ապաբռնագրավումը: Սրանք են այն հարցերը, որոնք քննարկվում են, որոնց շուրջ էլ բախվում են կողմերի դիրքորոշումները` հարցը, ով որ քայլը պետք է անի առաջինը, ով` երկրորդ քայլը: Ահա, հարցերի այն փունջն է, որը երկար տարիներ մնում է անփոփոխ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 05.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31