Լրահոս
Օրվա լրահոսը

Մագնուս Կարլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտի ֆավորիտը նորվեգացի գրոսմայստերն է

Նոյեմբեր 11,2016 10:58

Այսօր Նյու-Յորքում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիղոսի համար նորվեգացի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի հավակնորդ Սերգեյ Կարյակինի միջեւ մրցամարտը:

Կանոնակարգով մրցակիցներն անցկացնելու են 12 պարտիա եւ ամեն մի երկրորդ պարտիայից հետո մեկ օր հանգստանում են: Հավասար միավորների դեպքում՝ նոյեմբերի 30-ին, կանցկացվի թայ-բրեք (չորսական արագ եւ կայծակնային պարտիա), իսկ եթե այդ ժամանակ էլ հաղթողը չորոշվի, «արմագեդոն»:

Մասնագետների ճնշող մեծամասնությունը ֆավորիտ համարում է Մագնուս Կարլսենին՝ նախապատվությունը տալով նորվեգացուն: Սակայն հիմնականում ռուսաստանցիները հավատում են Կարյակինի հաղթանակին: Դա նաեւ իր մեկնաբանությունն ունի. ռուսները երազում են տարիների ընդմիջումից հետո վերադարձնել շախմատային թագը, որը տասնամյակներ շարունակ գտնվել է իրենց ձեռքում: Մի բան, որ հավակնորդի համար ի կատար ածելն անչափ դժվար է լինելու, բայց ամենեւին էլ ոչ անհնար: Կարյակինը պետք է սենսացիա անի:

Ո՞վ կհաղթի այս մրցամարտում: Կարլսենն ու Կարյակինը հասակակիցներ են. երկուսն էլ ծնվել են 1990 թվականին ու երկուսն էլ աճել ու զարգացել են այն տարիներին, երբ համակարգիչը դարձավ շախմատիստների նախապատրաստության անբաժանելի մասը, երբ համակարգիչը սկսեց արագացնել տաղանդների աճը եւ երիտասարդացրեց մարզաձեւը:

Ի՞նչ են ասում թվերն ու վիճակագրությունը:

Կարլսենը ժամանակակից շախմատի անվիճելի առաջատարն է: ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակը գլխավորող Կարլսենի եւ իներորդ տեղն զբաղեցնող Կարյակինի միջեւ 81 միավորի տարբերություն կա: Դա պատկառելի տարբերություն է:
Մրցակիցները միմյանց հետ խաղացել են «դասական» շախմատի 21 պարտիա, որոնցից Կարլսենը հաղթել է երեքում, պարտվել՝ մեկում, ինչը Կարյակինին աշխարհի չեմպիոնի համար անհարմար մրցակիցների շարքին չի դասում:
Կարլսենը չեմպիոնական պարտիաների բավականին մեծ փորձ ունի, սա Կարյակինի առաջին փորձն է: Հենց փորձն էլ այս մրցամարտում համարվում է ծանրակշիռ առավելություն:

Հնարավոր չէ անտեսել նաեւ փորձագետների կանխատեսումները: Նրանց ճնշող մեծամասնությունը, այդ թվում նաեւ Կարյակինին երկրպագողների մի զգալի հատվածը, չեմպիոնի դերում ավելի շատ տեսնում են նորվեգացուն, ընդորում՝ հարյուր տոկոսանոց:
Բայց պատմությունը մեկ այլ ճշմարտություն էլ գիտի: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտը, որքան էլ նախամեկնարկային դասավորվածություն ունենա, միշտ չէ, որ դրա ընթացքը ճշգրիտ է: Օրինակ, 2000 թվականին Վլադիմիր Կրամնիկը, որի հաղթանակին ավելի քիչ էին հավատում, քան այսօր՝ Կարյակինին, ոչ մի շանս չտվեց Գարրի Կասպարովին, որն այն ժամանակ նույնքան անխոցելի էր համարվում, որքան այսօր՝ Կարլսենը: Այնպես որ, շախմատային հասարակությանը խաղատախտակի առջեւ Մագնուս Կարլսենի եւ Սերգեյ Կարյակինի կատարմամբ հետաքրքիր իրադարձություններով լի մեկ ամիս է սպասվում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին արգելել է մուտք գործել Միացյալ Նահանգներ: Շախմատի պատմության մեջ առաջին անգամ շախմատային թագը կխաղարկվի առանց համաշխարհային շախմատի ղեկավարի: Դրա փոխարեն մրցամարտի մեկնարկին ներկա կլինի Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՌՇՖ հոգաբարձուների խորհրդի նախագահ Դմիտրի Պեսկովը:

 

«Առավոտ»

11.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930