Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը դեմ է, որ կոռումպացված չինովնիկից են մարդիկ փող ուզում

Նոյեմբեր 11,2016 17:41

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում արտահերթ նիստ էր հրավիրվել՝ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1000 դրամ պահելու աղմուկ հանած որոշման հետ կապված:

Խաչատուր Քոքոբելյանը նախագիծը զեկուցող ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին ասաց, որ սա հարկատեսակ է. «Չպետք է վախենանք, պետք է հստակ ասենք, որ սա հարկ է՝ բանակի համար»:

Հետո նա հարցրեց՝ դուք իրո՞ք արդարացի եք համարում, որ 70 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդուց էլ, ԱԺ պատգամավորից էլ, որի աշխատավարձը 400 հազար դրամ է, կառավարության անդամներից էլ նույն մասհանումն արվի:

Խաչատուր Քոքոբելյանն ասաց,որ խնդիրը պետք է լուծվի, բայց փողը կա, տեղն էլ կա: Նա ստվերի տեղը ցույց տվեց՝ ասելով, որ 35 տոկոս ստվեր կա, դա բոլորը գիտեն: Ինչ վերաբերում է նրան, որ այդ 1000 դրամը բեռ չի, ապա դա ուսանողի համար 1 շաբաթվա տրանսպորտի փող է:

Նախարարը չհամաձայնեց, որ սա հարկ է, նա ասաց, որ նվազագույն աշխատավարձ ստացողից այդ 1000 դրամը չի պահվելու: Նա ասաց, որ նվիրատուների համար հեշտ էր Երեւանում տարածել իրենց նվիրատվությունները, քան՝ հեռավոր մարզերում եւ մարզից նույն հաշմանդամությունը ստացած զինծառայողն ու իր ընտանիքը զուրկ էր մնում այս կարգի օգնություններից:

Վիգեն Սարգսյանը խոսեց պաշտոնյաների բարեգործությունների մասին: Նրա խոսքերով՝ «Երբ մենք անընդհատ խոսում ենք այն մասին, թե ինչու այս գործարարը չի լուծում այդ խնդիրը, մենք իրականում ամբողջ ճշմարտությունը չենք ասում: Ես ձեզ կոչ եմ անում նայել «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին տարիների կուտակված միջոցների բացվածքները: Դրանք շատ բան կասեն ձեզ: Ես չեմ ասում, որ սա արդարացնում է որեւէ մեկի՝ հարկ վճարելու կամ չվճարելու, նամանավանդ՝ ապօրինի հարստանալու ցանկությունը, բայց դրա համար կա Քրեական օրենսգիրք»:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ եթե մենք շարունակենք խոսել, որ ովքեր կոռումպացված են, ավելի շատ ներդրում պետք է ունենան այդ ամեն ինչին, մենք ոչ թե պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, այլ՝ կոռուպցիան սոցիալական արդարություն ենք կոչելու. «Ինձ համար դա ընդունելի չի: Հասարակությունը պետք է նվազեցնի իր կախվածությունն այն մարդկանց փողերից, ում փողերի հանդեպ չունի վստահություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահագն says:

    Վիգեն Սարգսյանը երևի իր ապագան է ապահովագրում….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930