Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում արտահերթ նիստ էր հրավիրվել՝ յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1000 դրամ պահելու աղմուկ հանած որոշման հետ կապված:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ ստեղծված հատուցման համակարգը, համապատասխան աջակցություն ցուցաբերելով զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին, այնուամենայնիվ, ոչ լիարժեք էր. «Ներկայումս գործող հատուցման համակարգը հիմնականում ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներից եւ բացակայում է այն ինստիտուցիոնալ կառույցը, որը համապետական մակարդակով կհավաքագրի հասարակությունից նվիրաբերվող միջոցները, հատուցումները կվճարի մարտական գործողությունների ժամանակ տուժած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին: Ուստի նախատեսվում է ներդնել հատուկ համակարգ»:
Ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որը կհամակարգի թե՛ հասարակությունից, թե՛ պետությունից հավաքագրվող գումարները: Հավաքագրվող վճարումներն ու ապահովագրական հատուցումները յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է լինեն պարզ ու հասկանալի: Հատուցման գումարները կվճարվեն 2017-ի հունվարի 28-ից հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար: Մահվան կամ հաշմանդամության դեպքում միանվագ վճարում է նախատեսվում 10 մլն դրամ, այնուհետեւ ամսական հատուցում 20 տարվա ընթացքում, յուրաքանչյուր ամիս սպայի դեպքում 300 հազար դրամ, ենթասպայի պարագայում՝ 250 հազար դրամ, շարքայինի դեպքում՝ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության պարագայում միանվագ հատուցումը կկազմի 5 մլն դրամ, ամսական վճարները՝ 200, 150 եւ 100 հազար դրամ համապատասխանաբար:
Եթե զինծառայողն ունի 3 եւ ավելի 18 տարին չլրացած երեխաներ կամ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, եթե նրանք հաշմանդամ են սահմանվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը, ապա վճարվող ամսական վճարին ավելացվելու է եւս 100 հազարական դրամ:
Կարդացեք նաև
Այս ամենի համար, Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարումներից, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրատվություններից:
Նախարարն ասաց, որ պայմանագրային զինծառայողների կարիք կա ու նրանք հարցնում են՝ ի՞նչ է լինելու իմ ընտանիքի հետ, ով է կանգնելու նրանց կողքին. «Այս նախագիծը պատասխանում է այդ հարցադրումներին, որ մենք, որպես ժողովուրդ, երկրի քաղաքացիներ, իրենց բարձրաձայն ասում ենք այս քաղաքականությամբ, որ մենք բոլորս ենք կանգնելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































