Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին անհրաժեշտ են ազատ և արդար ընտրություններ». Գրիշա Սարգսյան

Դեկտեմբեր 04,2016 21:39

Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ,
գնդապետ Գրիշա Սարգսյանի հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ, գալիք համապետական ընտրությունները Հայաստանում, ինչպես ասում են, յոթ սարի հետևում չեն, և դրանց ազատ և արդար անցկացման ելքով է պայմանավորված մեր երկրի ապագան ու Հայաստան պետության զբաղեցրած դիրքը աշխարհի առաջադեմ երկրների շարքում: Սա նշանակում է, որ ժամանակն այլևս չի սպասում և այս մի քանի ամսում հարկավոր են լրջագույն փոփոխություններ ու մոտեցումներ, որպեսզի հերթական անգամ աշխարհի, եվրոպական կառույցների առաջ սևերես չդառնանք և նորից հետ չմղվենք ինչ որ չորրորդական երկրների շարքը:

Ես չեմ պատրաստվում բարձրագոչ ու ամպագորգոռ հայտարարություններ անել և հռետորական համարձակ հարցադրումներով էժանագին հեղինակություն վաստակել, ինչպես դա արդեն սկսել են անել ընտրապայքարի մրցավազք մտած որոշ անձինք: Ես միայն կասեմ հետևյալը. Հայաստանին անհրաժեշտ են ազատ ու արդար ընտրություններ և` վերջ:

Որպես Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ` ես տարվա ընթացքում, ամենատարբեր միջոցառումների մասնակցելու բերումով, բավականաչափ հանդիպումներ եմ ունենում բազմաթիվ երկրների ներկայացուցիչների հետ (ներկայումս աշխարհում Միջազգային ոստիկանական ասոցիացիայի անդամ են 105 երկրներ, որոնցից 72-ը` լիիրավ իրավունքներով, մյուսները` դիտորդի կարգավիճակով):

ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում և եվրոպական մի շարք երկրներում ունեցած վերջին հանդիպումների ընթացքում ես ուղղակի պարտավորություն եմ ստանձնել, խոստացել և արտահայտել իմ հստակ ու աներկբա դիրքորոշումը, որպեսզի Հայաստանում այս անգամ անցկացվեն անաչառ, ազատ և արդար ընտրություններ: Վերջերս նման դիրքորոշումներով հանդես եկան նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նրանք նույնպես համակարծիք են, որ ՀՀ-ում առաջիկա ընտրությունները վճռորոշ կլինեն ինչպես քաղաքակիրթ աշխարհի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրոպական Միության հետ կապերի առումով, և երկրի իրավասու օղակներին, ինչպե ասում են, հասկացնել են տալիս անհաշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ, փողերը քամուն չտալ, և համախմբվել ՀՀ վարչապետի շուրջը, ում գործունեության մեջ արդեն իրավիճակի առողջացման ծիլեր են նկատվում:

Այո, Հայաստանում գալիք ընտրությունների ազատ եւ արդար լինելու ապահովումը վճռորոշ կլինի մեր երկրի ժողովրդավարության ամրապնդման եւ աշխարհի հետ հետագա հարաբերությունների առումով: Մեկ անգամ ևս դիմում եմ ընտրությունների ազատ և արդար ելքի համար պատասխանատուներին. արդար գործեք, Հայաստանին անհրաժեշտ են ազատ ու արդար ընտրություններ: Ուզում եմ բոլորին հասկանալի լինի, որ ես հստակ պայմանավորվածություններ ունեմ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, և պարտավորություն եմ ստանձնել, որպեսզի Հայաստանում արդար ընտրություններ անցկացվեն:

Գործող իշխանությունն այլևս այլընտրանք չունի, քան անաչառ և ազատ ընտրապայքարի ապահովման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Ես և իմ օտարերկրացի գործընկերները խստագույնս հետամուտ ենք լինելու, որպեսզի այս անգամ Հայաստանում միջազգային իրավական նորմերին համապատասխան ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացվեն: Հակառակ դեպքում` կեղծարարներն ու նրանց հովանավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ամբողջ խստությամբ և արդեն` եվրոպական դատարանի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031