Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն արձագանքել է հողեր հանձնելու մասին խոսակցություններին

Հունվար 21,2017 23:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 20-ին պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը:

Այսօր Panorama. am-ը ներկայացրել է այդ հանդիպումից առավել ուշագրավ  մանրամասներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը զորացրված զինծառայողների  հետ հունվարի 20-ին կայացած հանդիպման ընթացքում «ախմախություն» է որակել առանց ԼՂՀ  կարգավիճակի   Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները:

«Մեզ համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի մենք ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա: Իսկ թե ով է պատրաստվում հող տալ, որ հողի մասին է խոսքը, ինչի դիմաց, դրանք երկրորդական խոսակցություններ են: Մի հավատացեք նման խոսակցությունների»,-ի պատասխան իրեն ուղղված հարցին, ասել է նախագահ Սարգսյանը:

Դիմելով հարցը բարձրացրած երիտասարդին՝ նախագահն ասել է. «Հետո ես ո՞նց պետք է քո աչքերին նայեմ: Չե՞ս ասելու՝ «ես գնացելել եմ, այդ հողը պաշտպանել եմ, իմ ընկերները զոհվել են, իսկ դուք հենց այնպես, ուղղակի վերցում, ետ եք տալիս»: Նորից եմ կրկնում, չափազանց կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն իր ավանդը բերի մեր բանակի մարտունակության բարձրացման, ամրության գործին: Այստեղ դուք և բոլոր այն տղաներն, ովքեր պատվով, բարեխղճորեն ծառայել ու ետ եք վերադարձել, շատ մեծ գործ ունենք անելու: Հինգ, տասը տարի հետո ձեր հասակակիցներն են ղեկավարելու մեր երկիրը և դուք պետք է պատրաստ լինեք դրան: Դուք ձեր պարտքը կատարել եք այդ ժամանակահատվածի մասին, հիմա ձեր պարտքն է զարգացնել մեր երկիրը»:

Սերժ Սարգսյանը՝ «Ազգ-բանակ» գաղափարախոսության մասին

«Մենք Ղարաբաղում ազգ-բանակ էինք, որովհետև վտանգը մեծ էր: Մեր ժողովուրդն ամեն ինչ արեց, որ մենք չկորցնենք Ղարաբաղը, պաշտպանենք մենք սահմանները, և  փառք Աստծո, կարողացանք անել: Մեծ գին վճարեցինք, բայց   կարողացանք մեզ պաշտպանել, իսկ ամենակարևորը դա  է:  Ազգ-բանակի մասնիկները պարտադիր չէ, որ լինեն միայն Հայաստանում Ազգ-բանակի անդամներ են բոլոր նրանք, ովքեր, ապրելով Միացյալ նահանգներում, Ռուսաստանում կամ Արգենտինայում, համակված են այդ գաղափարով»,- ազգի միասնության և «Ազգ-բանակ» գաղափարախոսության մասին իր կարծիքն է հայտնել հանրապետության նախագահը՝ զորացրված երիտասարդների հետ զրույցի ընթացքում:

Կարևորելով հայ զինվորին՝ նախագահ  Սարգսյանը խոսել է նաև բանակում հրամկազմի ունեցած անժխտելի դերի  մասին.  «Առանց զինվորի  բանակ, իհարկե, չի կարող լինել, բայց պատմությունը գիտի դեպքեր, երբ ճակատամարտեր են տվել սպայական գումարտակները: Պատմությունը գիտի նաև դեպքեր, երբ զինվորները կռվել են առանց սպաների, բայց՝ հրամանատարի գլխավորությամբ: Ուզում եմ ասել, որ բանակի ողնաշարը հրամանատարն է,- ասել է Գերագույն գլխավոր հրամանատարը ու պատմել,   որ ինքը մինչև հիմա հիշում է   իր վաշտի հրամանատարին, որը, թեև շատ հաղթանդամ չէր, բայց շատ խիստ զինվորական էր:

Նախագահ. Շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ երբեք չեն ընթացել

«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ չեն ընթանում: Երբեք այդպիսի բանակցություններ չեն եղել: Այն, որ Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումից հետո խաղաղապահ ուժեր ի վերջո տեղակայվելու են, սա միանշանակ է»,-վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ հանդիպման ընթացքում ասել է նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ  կողմերի համար պետք է ընդունելի լինեն խաղաղապահ ուժերի կազմ ու սկզբունքները:

Սարգսյանը նշել է, որ բանակցություններում չենք խորացել այս կետի շուրջ, որովհետև մնացած կետերի շուրջ համաձայնության չեն եկել:

Ի պատասխան հանդիպման մասնակիցների մեկի  հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը տարածքային աճ ունեցավ, արդյոք ժամանակը չէ՞ նրանց  պատժել՝ ստիպելով ընդմիշտ լռել, Սերժ Սարգսյանն ասել է. «Ես երբեք չեմ եղել այն տեսակետի կողմնակիցը, որ մենք կարող են Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել: Ժամանակից աշխարհում ռազմական գործողություններ սկսել և այլ երկրի տարածքներ գրավել և ասել՝ սա իմն է, կարող են անել միայն պետությունները, որոնք աշխարհում եղանակ են ստեղծում, որոնք տասնյակ անգամ գերազանցում են իրենց հակառակորդին:

Ենթադրենք, մենք  ձեռնարկեցինք ռազմական օպերացիա, գրավեցինք ևս երկու-երեք շրջան: Հետո ի՞նչ է լինելու արդյունքում:Ադրբեջանցիները հանձնվելո՞ւ են: Եթե դու այլ բան  նկատի ունես, դա, իհարկե, ևս տարբերակ է: Նկատի ունեմ, որ երբ նրանք սկսում են ռազմական գործողություններ մենք ոչ միայն պաշտպանվենք, այլ նաև գործողություններ նախաձեռնենք: Դա տարբերակ է, և այդ տարբերակը մշտապես մեր կողմից դիտարկվում է: Բայց մեզ համար ընդունելին այն է, որ կարողանանք Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել, վերջնական կարգավիճակ տալ»:

Անդրադառնալով անկախության տարիների մեր ամենախոշոր ձեռքբերման մասին հարցին, նախագահ Սարգսյանը նշել է. «Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր բանակն ապացուցեց, որ կայացել է: Մեր բանակը այն ռեսուրսներով, որ հատկացրել ենք, կարողացել է դառնալ հայրենիքի պաշտպանը: Եվ, չնայած տարբեր հանգամաներին, մեր բանակը սիրված է մեր ժողովրդի կողմից:  Այս 25 տարիների ընթացքում մեր բանակը կրթել և դաստիարակել է  հարյուր հազարավոր երիտասարդների: Ես չեմ բացառում, որ ոմանք դժգոհ են եղել բանակում եղած տարբեր խնդիրների պատճառով: Այո, ունեցել ենք կորուստներ բանակում, ունեցել ենք նույնիսկ անտեղի կորուստներ, բայց հարյուր հազարավորները բանակից քաղել են, երևի, այնքան, որքան տվել են բանակին: Բանակն իր գոյությամբ այսօր ձեռքբերում է»:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ՀՀ նախագահը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը: Հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախագահը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու

Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում խիզախությամբ աչքի ընկած երիտասարդները  հանրապետության նախագահի հետ  հանդիպմանը  հետաքրքրվել են, թե կառավարման խորհրդարանական համակարգին անցումն ինչ ազդեցություն կունենա բանակի մարտունակության վրա, համաձայն որի՝ պաշտպանական խնդիրները վերապահվելու են կառավարությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ազդեցությունը միայն դրական է լինելու: Մինչ այդ փոփոխությունները մանրամասնելը՝  հանրապետության ղեկավարը  նշել է, որ  այսօր արդեն ինքը դրական տենդենց է տեսնում Պաշտպանության նախարարությունում:

«Ուզում եմ գովել Պաշտպանության նախարարին  այն առումով, որ համապատասխան տեղում իրոք համապատասխան մարդիկ են աշխատում: Եվ ընդհանրապես՝   Պաշտպանության նախարարությունում  պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսևորել»,- ասել է նախագահ Սարգսյանը, ապա շեշտել, որ եթե չլիներ այն  համոզմունքը,   որ  սահմանադրական բարեփոխումները  դրական ազդեցություն կունենան բանակի վրա, դրանք երբեք չէին նախաձեռնվի:

Շարունակելով միտքը՝ նախագահը հիշեցրել է, Գերագույն գլխավոր հրամանատարի  պարտականությունն է  մոբիլիզացնել  երկրի ռեսուրսները՝ ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար:   «Իսկ ինչպե՞ս կարող է մոբիլիզացնել, եթե այդ որոշումները կայացնում է կառավարությունը: Պատկերացրեք՝ եթե կառավարությունում այսօր որոշումներ կայացնելու իրավունքը լինի մեկ այլ քաղաքական ուժի: Չի՛ կայացնի այդպիսի որոշում: Ենթադրենք՝  ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար մեզ անհրաժեշտ է 100 միլիոն դոլար՝  50 մլրդ դրամ, իսկ այդ քաղաքական ուժը համարում է, որ   այդ 50 միլիարդը պետք է ծախսել, ենթադրենք՝ աղքատությունը Հայաստանում քչացնելու վրա: Այսինքն, այսօր պատասխանատվությունը Գերագույն գլխավոր  հրամանատարի վրա է, իրավունքը՝ մեկ այլ տեղ: Մինչև հիմա մենք այդ խնդիրը կարողացել ենք լուծել, որովհետև նույն քաղաքական ուժն ենք և՛ նախագահականում, և՛ կառավարությունում: Իսկ եթե այդ բալանսը խախտվի, շատ պրոբլեմներ կարող են լինել:   Արել ենք հետևյալը. պատասխանատու է նա, ով ունի իրավունքներ: Համապատասխանեցրել ենք, և սրանով  մենք բարձրացրել են նաև  Պաշտպանության նախարարի դերակատարությունը»,-մանրամասնել է նախագահ Սարգսյանը և ավելացրել, որ  Պաշտպանության նախարարը  կառավարության հավասարազոր անդամ է:

Նոր Սահմանադրությամբ Պաշտպանության նախարարը խաղաղ շրջանում     գործողությունների  մեծ ազատութուն է ունենալու, իսկ  զորքերը ենթարկվելու են կառավարությանը:  Ռազմական ժամանակահատվածում վարչապետը դառնալու է  գլխավոր հրամանատար, սակայն   բանակի առումով այստեղ, ըստ հանրապետության նախագահի,  որևէ վտանգ չկա:

Սերժ Սարգսյան. «Մեր առաջնագիծն ամբողջությամբ տեսադիտարկվում է»

«Գիշերային տեսանելիության սարքերի խնդիրն այսօր ամբողջովին լուծված է»,-զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել է  նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարող եմ պաշտոնապես ասել, որ մենք չունենք դիրք, որտեղ չլինի գիշերային տեսանելիության սարք, գիշերային տեսանելիության նշանոց: Բացի դրանից, մեր առաջնագիծն ամբողջությամբ տեսադիտարկվում է»,-նշել է Սարգսյանը:

Անդրադառնալով պաշտպանական անձնակազմին տեղափոխող տեխնիկական միջոցների նորացման խնդրին՝ նախագահն ասել է. «Միայն տարեվերջին մի քանի հարյուր «КАМАЗ» ենք ձեռք բերել: Այս տարի ևս գործընթացը շարունակվելու է: Հիմա 6-րդ պաշտպանական շրջանում տեխնիկական ամբողջովին նորացված է»: Օդային և ցամաքային ռադիոհետախուզության  սարքերի արդիականացման մասով էլ նախագահն ասել է, որ այս տարի ունենք պատվիրված շատ ժամանակակից միջոցներ, որոնք չափազանց կարևոր են:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին:

Սերժ Սարգսյանը նշել է այն երեք սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի Հայաստանը ՝ սպառազինություն ձեռքբերելիս

Ծառայության ընթացքում խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի  սպառազինման խնդրին: Նախագահը նշել է, որ   Հայաստանն այստեղ մանրակրկիտ հաշվարկված քաղաքականություն պետք է վարի և առաջնորդվի երեք կարևոր սկզբունքներով:

«Իմ կարծիքով՝ երեք ճանապարհ կա: Ճանապարհներից մեկը հետևյալն է. չկրկնել նրանց (Ադրբեջանին): Այսինքն, եթե նրանք 30 միլիոն դոլար են տալիս և գնում են ինքնաթիռ, ապա մենք պետք է ավելի քիչ գումարով ձեռք բերենք հակաօդային պաշտպանության միջոց: Ես չեմ ասում, որ մենք ինքնաթիռ չպետք է ունենանք:  Մենք պետք է ունենանք նվազագույն անհրաժեշտը: Եթե նրանք 2.5  կամ 3  միլիոն դոլար են տալիս և գնում են  T-90 կամ T-92, մենք պետք է առաջին հերթին հակատանկային միջոցներ գնենք, ինչը շատ ավելի էժան է: Եվ քանի որ մենք հարձակողական գործողությունների նպատակ չունենք, այս պարագայում հակատանկային միջոցները ավելի քան բավարար են»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ կրկնելով, որ իր   ասածը չի նշանակում, թե  մենք տանկ չպետք է ունենանք, այլ նշանակում է, որ  չպետք է կարևորենք միայն քանակը:

Հանրապետության նախագահի  նշած երկրորդ քայլը ազնիվ գնումներն են: Սերժ Սարգսյանը շեշտել է. «Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ բոլոր այդ գնումները լինեն ազնիվ և նույն ապրանքատեսակը, նաև մեր ճկուն բանակցության շնորհիվ,   գնենք  շատ ավելի էժան գնով» :

Նախագահը ներկայացրել է նաև երրորդ սկզբունքը. մեր ունեցած զինատեսակներին պետք է տիրապետենք շատ ավելի լավ, քան ադրբեջանցիները: Ունենանք շատ ավելի պրոֆեսիոնալ անձնակազմ, քան նրանցն է:

«Այլ ճանապարհ չկա: Այս 3 սկզբունքներով առաջնորդվելով՝ ամբողջովին ի վիճակի ենք վիճակը պահել հավասարակշիռ»,-վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սարգսյան. Արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ կարգավիճակով են ուզում ապրել

Զորացրված զինծառայողների հետ Դիլիջանում կայացած հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը կրկնել է իր դիրքորոշումը՝ առնչվող  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: «Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջոցով»,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ ոչ ոք իրավունք չունի արցախցիներին  պարտադրել ապրելու իրենց պայմաններով:

«Այնտեղ ապրողներն իրենք պետք է որոշեն, թե ինչ կարգավիճակով են ուզում ապրել: Որևէ մեկն իրավունք չունի նրանց պարտադրել ապրել իրենց պայմաններով.  ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ ուրիշները: Ես չեմ ասում, որ հայ ժողովրդի կամքը պետք է անտեսել: Բացարձակապես ոչ, որովհետև առանց Հայաստանի, առանց մեր ողջ ժողովրդի, Ղարաբաղում ապրողները բոլոր ժամանակներում չեն կարող այդ խնդիրը լուծել: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է որոշենք իրենց փոխարեն: Մենք պետք է սատարենք, որպեսզի նրանց կամքը կատարվի: Եվ ես վստահ եմ, որ գալու է ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է հենց այդ ճանապարհով»,-հավելել է հանրապետության ղեկավարը:

Անդրադառնալով բանակցային գործընթացին` Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ ամբողջ ընթացքում հիմնախնդրի կարգավորման շուրջ տարբեր մոտեցումներ ու առաջարկներ են եղել, սակայն մենք երբեք այնքան մոտ չենք եղել իր նշած  նպատակին, որքան հիմա,  և միջազգային հանրության մոտեցումներն էլ այսքան հստակ չեն եղել:

«Այսօր միջազգային հանրության մոտեցումն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի  վերջնական  կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից: Բայց խնդիրը նրանում է, որ մենք գործ ունենք մի կողմի հետ, որի նպատակն է   հայության դուրսմղումը Լեռնային Ղարաբաղից: Նրանք կարողացան դա անել Նախիջևանում, նրանք  կարողացան դա անել մնացած հայաշատ վայրերում, և նրանց նպատակը սա է, ուստի բացարձակապես վստահություն չկա: Իսկ եթե վստահություն չկա, ապա մենք պիտի կարողանանք ամրագրել այնքան մանրամասներ, որոնք հնարավորություն չեն տա նրանց՝ կես ճանապարհին կանգնելու»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով, որ մնացած բոլոր խնդիրները հեշտությամբ կլուծվեն, եթե ադրբեջանցիներն իրոք անկեղծ լինեն իրենց մոտեցումներում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է նաև, որ Մադրիդյան սկզբունքների առաջին կետում նույնպես ամրագրված է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության կողմից, ուստի հարց է առաջանում ՝ եթե  ադրբեջանցիներն այս սկզբունքը չեն ընդունել, ապա   վերջին  10 տարիների ընթացքում ինչի՞ շուրջ են կողմերը բանակցել, իսկ եթե ընդունել են, ապա ինչո՞ւ հարցը լուծում չի ստանում: «Ուրեմն՝ կամ մենք կամ էլ իրենք  անկեղծ չեն: Բայց ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ մենք անկեղծ ենք: Այստեղ անհրաժեշտ է կամք, որպեսզի այս խնդիրը կարողանանք լուծել»,- շեշտել  է նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031