Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը մեծ հարված է իշխանության համար եւ կորուստ. Արմեն Մարտիրոսյան

Հունվար 24,2017 17:55

«Չեմ կարող բացառել, որ Հովիկ Աբրահամյանը կսկսի Սերժ Սարգսյանի դեմ աշխատել, որովհետեւ ՀՀ-ում կառավարման համակարգը ոչ թե գաղափարական սկզբունքների շուրջ է կառուցված, այլ ռեսուրսների բաշխման շուրջ է: Իսկ քանի որ ռեսուրսները քչանում են Հայաստանում, բնական հակասություն է առաջանում անձնական շահերի տեսանկյունից ու համակարգից դուրս է գալիս այս կամ այն անձը»,- «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարությունը:

Ըստ նրա, միայն այն, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում չի լինի, դա մեծ հարված է Սերժ Սարգսյանի եւ իշխանության համար. «Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որը բոլոր համապետական ընտրություններին շտաբի պետն է եղել եւ որեւէ մեկը չկա Հայաստանում, որ իրենից լավ տիրապետի ընտրակեղծարարության մեխանիզմին, թե որտեղ ով պետք է աշխատի, ինչ թիմերով: Ակնհայտ է, որ դա կորուստ է իշխանության համար: Այնպես չէ, որ ինքը միակն է եւ իշխանությունն առանց Հովիկ Աբրահամյանի միայն արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություն է անցկացնելու, բայց իր վարպետությունը, համոզված եմ, որեւէ մեկը չի ունեցել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, կարծում եք, որ սա Սերժ Սարգսյանի սցենարով չէ՞ Հովիկ Աբրահամյանին անջատելու եւ առանձին խաղ տանելու այս ընտրություններում՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող բացառել, բայց հաշվի առնելով, որ ռեսուրսների խնդիր գոյություն ունի երկրում, այդ հակասությունը այսպես թե այնպես պետք է արտահայտվի: Ակնհայտ էր, որ Հովիկ Աբրահամյանին եռյակի դեմ «օգտագործելուց» հետո, երբ արդեն եռյակ չկար, մինչեւ ընտրություններ նա պետք է դուրս գար»:

Ըստ պարոն Մարտիրոսյանի, պարզ է, որ Հովիկ Աբրահամյանը ընդդիմություն չէ, բայց նաեւ ակնհայտ է, որ իշխանություն էլ չէ, ոչ իշխանական է: Բայց մի հարցում Արմեն Մարտիրոսյանը խիստ դժվարանում է պատասխանել՝ ով է լինելու Հովիկ Աբրահամյանի ընտրողը. «Որ գտնեք՝ ինձ էլ ասեք: Չեմ պատկերացնում ով կգնա նրա հետեւից: Նախկին պաշտոնյաներ կան, որոնց պարագայում կարող ես ասել, թե ով կգնա իր հետեւից, իսկ Հովիկ Աբրահամյանի պարագայում դժվարանում եմ ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031