Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի՝ Մոսկվա այցի շուրջ

Հունվար 26,2017 13:27

Վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա թեեւ ընդգծված տնտեսական բնույթ ուներ`տեսանք եւ լսեցինք բազմաթիվ տնտեսական բնույթի պայմանավորվածությունների մասին, բայց կար նաեւ այցի քողարկված` քաղաքական բաղադրիչ: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձավ վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի եւ տնտեսական, եւ քաղաքական բաղադրիչներին:

Նա նկատեց, որ  վերջին 10  տարիների ընթացքում ՀՀ վարչապետն առաջին անգամն էր պաշտոնական այցով Մոսկվայում: Սա, բանախոսի հավաստմամբ, ընդգծում էր այցը եւ այն, որ պաշտոնական Մոսկվան գնահատում է նոր վարչապետի անձի դերակատարումը ողջ գործընթացում. «Արարողակարգային բոլոր պայմանները պահվեցին, այցը լայնորեն լուսաբանվեց նաեւ ռուսական լրատվամիջոցներում»:

Այցի տնտեսական մասի գլխավոր ուղերձն, ըստ քաղտեխնոլոգի, Հայաստանում ներդրումների մթնոլորտի ապահովումն էր եւ այն, որ էլիտայում փոփոխություններ են լինելու:

Ի դեպ, երեկ վարչապետը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում էլ հայտարարեց, որ Հայաստանում էլիտայի փոփոխություն պետք է լինի, քանի որ այն երկրի ֆասադն է, իսկ ֆասադից հասարակությունը դժգոհ է:

Քաղտեխնոլոգը առանձնացնում է հայ-ռուսական համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծումը: Կարծում է, որ այն փաստը, որ հիմնադրամը պետական հիմունքներով է, հավելյալ երաշխիքներ է տալիս:

Երկրորդ կարեւոր դրվագը Վիգեն Հակոբյանը համարում է հայ գործարարների բավական ուշագրավ հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին հավատալով՝ գործարարները պատրաստ են ներդրումային ծրագրերին մասնակցել:

Եվ երրորդը`«Տաշիր» ընկերության սեփականատեր, ՌԴ-ում բնակվող հայ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունը եւ խոստումը, որ մի քանի ամսից մեծ ներդրումներ է անելու Լոռու մարզում:

Նա կարեւոր է համարում նաեւ ՌԴ քաղաքացիների համար Հայաստան մուտքը հեշտացնելու մասին պայմանավորվածությունը: ՌԴ քաղաքացիներն այլեւս ներքին անձնագրերով կարող են Հայաստան գալ: Բանախոսի կարծիքով՝ սա տուրիզմի զարգացման առումով  Հայաստանին օգուտ կբերի:

Վիգեն Հակոբյանի տպավորությամբ, առաջիկայում Կարեն Կարապետյանը նմանատիպ այցեր կունենա նաեւ Իրան եւ ԱՄՆ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031