Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կներդրվի այնպիսի բնավճարների համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը

Փետրվար 02,2017 16:28

Կբացառվի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու պրակտիկան

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են հասարակության լայն խմբերի մոտ հետաքրքրություն ներկայացնող և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հերթական հարցերը: Հասարակական խորհրդի նախորդ նիստում արծարծվել էր Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքից Մատնունի ծիրանավոր կարմիրգրքային բուսատեսակի տեղափոխման հարցը: Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրավաբանական վարչությունն ուսումնասիրել էր վերոհիշյալ գործընթացի կարգավորման իրավական հիմքերը: Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը խորհրդի անդամներին հայտնել է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շրջանակներում Մատնունի ծիրանավոր բուսատեսակի տեղափոխումը չի հակասում ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին:

Հասարակական խորհրդի անդամ, «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը ներկայացրել է լուսանկարներ, որոնք փաստում են, որ հանքավայրի տարածքից տեղափոխված Մատնունի ծիրանավոր բուսատեսակը հարմարվել է նոր միջավայրում: Վերջինս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է մինչև Ամուլսարի նախագծի վերաբերյալ հրապարակային դիտարկումներ անելը` մասնագիտական քննարկումներ կազմակերպել «Լիդիան Արմենիա» ընկերության գրասենյակում` բնապահպան-մասնագետների մասնակցությամբ:

Խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը` նկատելով, որ Ամուլսարի նախագծային և ՇՄԱԳ փաստաթղթերը և ուսումնասիրությունները ծավալուն են /մոտ 8000 էջ/, անհարժեշտ է համարել այն հանրությանն իրազեկելը, իսկ դրանց հիմնավոր ուսումնասիրությունը մասնագետներին հնարավորություն կտա ավելի փաստարկված հանդես գալ: Առաջարկն ընդունվել է նաև հասարակական կազմակերպությունների անդամների կողմից:
Խորհուրդը հրատապ կարգով քննարկել է հասարակական կազմակերպությունների բարձրացրած Հրազդանի և Գետառի սելավատարների և Երևանի սելավընդունիչների խնդիրները: Ներկայացնելով հարցն օրակարգ արտահերթ ընդգրկելու առաջնայնությունը` Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած մտահոգության ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքելու է և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մշակելու է դրանց լուծման մեխանիզմներ: Խնդիրը ներկայացրել է ԵՊՀ դասախոս Թրահել Վարդանյանը, ով, հիշատակելով համամոլորակային կլիմայական փոփոխություններով պայմանավորված երևույթները, մասնագիտական փաստարկներով մտահոգություն է հայտնել Երևանի սելավատարների և սելավընդունիչների համակարգի անբավարար հզորությունների և ենթակառուցվածքների վերաբերյալ: Բանախոսը նշել է, որ մեծ են ռիսկերը, որ սելավի դեպքում էական վնասներ կհասցվեն մայրաքաղաքին:

Նիստին հրավիրված Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի բյուջեով նախատեսված գումարներով յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին իրականացվում է հեղեղատարների մաքրման աշխատանքներ: Հասարակական խորհրդի անդամներն իրենց ելույթներում շեշտել են, որ խնդիրն ունի նաև քաղաքաշինական բաղադրիչ: «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Կարապետ Օհանյանը ներկաներին տեղեկացրել է ընկերության կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, բայց նաև նկատել, որ Երևանի սելավատար համակարգը նախորդ դարի հիսունականների հնացած նախագծի վրա է կառուցված: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են նաև Հրազդան և Գետառ գետերի` կոյուղաջրերով և կենցաղային աղբով աղտոտվածության հիմնահարցը: Արծվիկ Մինասյանն առաջարկել է Հասարակական խորհրդի հաջորդ նիստի օրակարգ կրկին ընդգրկել քննարկվող հարցը, հրավիրել մասնագետներ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և այլ լիազոր մարմիններից, մշակել և ներկայացնել լուծումների մեխանիզմներ: Հասարակական խորհրդի նախագահը նաև տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջիկայում նախաձեռնելու է «Անաղբ Հայաստան» միջոցառումների ծրագիր, որ կընդգրկի նաև այն գետավազանները, որտեղ առկա է ռեկրիացիոն միջավայր, այդ թվում նաև Հրազդանի կիրճը: Միջոցառումների շրջանակներում կդիտարկվեն նաև բարձրացված հիմնահարցերը: Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության գործունեության 2017թ. ծրագրում ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ընդգրկված է ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակում, որը նույնպես նպատակաուղղված է վեր հանված խնդիրների լուծմանը:

«Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների համակարգը և դրա կատարելագործման, հասցեական օգտագործման հնարավորությունները: Բանախոսը շեշտել է, որ ներկայում գործող վճարների համակարգը ձեռնարկողներին չի ստիպում առաջնորդվել բնապահպանական առաջնահերթություններով և պետք է վերանայվի այն:
Հասարակական խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանն հավելել է , որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում և դրա լուծման նպատակով նախատեսվում է ՀՀ բյուջե մուտքագրված բնապահպանական, բնօգտագործման վճարներն ամբողջովին ուղղել բնապահպանական ծրագրերի իրականացմանը` համայնքների աջակցմանը, կանաչ աշխատատեղերի, տեխնոլոգիաների ներդրմանը: Այս գործընթացում ակնկալվում է նաև միջազգային դոնոր կառույցների կողմից ծրագրերի 50 տոկոսի չափով համաֆինանսավորում, ինչը լրացուցիչ միջոցների ներհոսք կապահովի Հանրապետության բնապահպանության ոլորտ: ՀՀ բնապահպանության նախարարն առաջնային է համարել Անկախության հռչակագրում ամրագրված դրույթը, ըստ որի` Հանրապետության բնական պաշարները համաժողովրդական սեփականություն են, և նախարարությունը իր բյուջետային ծրագրերում առաջնորդվելու է վերոհիշյալ դրույթով: Արծվիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ ներկայում մշակվում է բնավճարների այնպիսի համակարգ, որը չի խոչընդոտի տնտեսվարողի գործունեությանը, սակայն կխթանի արդյունավետ բնօգտագործումը, կբացառի ձեռնարկողի կողմից շրջակա միջավայրին վնաս հասցնելու և դրա դիմաց անհամաչափ տույժեր մուծելու տարբերակը: Ըստ նախարարի, այդ նպատակով կմշակվի նաև տույժերի վճարման այնպիսի համակարգ, որը կնախատեսի նաև վերահսկողական գործընթացում հասարակության ակտիվության խթանում` նյութական խրախուսման միջոցով:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը Հասարակական խորհրդի քննարկմանն է ներկայացրել Օրհուսի կոնվենցիայի առնչությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համապատասխանության վերաբերյալ Համապատասխանության կոմիտեի V/9a որոշման կատարման առաջընթացի հարցը: Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Խաչատուր Խաչատրյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ Համապատասխանության կոմիտեի բարձրացրած բոլոր հարցերով ձեռնարկվել են քայլեր, մշակվել են համապատասխան օրենքների փոփոխությունների նախագծեր:

Քննարկումների ավարտին, հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացվող բազմաթիվ բնապահպանական խնդիրները և դրանց լուծման հրատապությունը, որոշվել է ավելի հաճախ հրավիրել ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստերը:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728