Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ նախագահի հրամանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին և 209-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին»

Փետրվար 09,2017 13:39

Փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով, առաջիկա խորհրդարանական ընտրությունները պատմական են թե՛ բովանդակային, թե՛ ձևական առումով։

«Նոր սահմանադրությամբ կիսանախագահական համակարգից անցում է կատարվել խորհրդարանական կառավարման համակարգի։ Նոր Ընտրական օրենսգրքի նոր իրավակարգավորումներով արմատապես փոխվել է բարձրագույն իշխանություն ձևավորելու ընթացակարգը։ Խորհրդարանը դառնալու է իշխանության հիմնական կենտրոնն ու առանցքը, հետևաբար նրա կշիռն ու ազդեցությունն ավելի քան մեծանալու է։ Կարծում եմ, որ առաջիկա ընտրությունների կիզակետը, որոշիչ մեխը կամ պատկերավոր ասված, կուսակցությունների հաղթանակի սուրը լինելու են այսպես կոչված տարածքային ընտրական ցուցակները։ Այդ ցուցակներով առաջադրված անձինք էլ, մեծ հաշվով, ապահովելու են իրենց կուսակցությունների ձայները»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Ըստ նրա` վարկանիշային քվեարկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քողարկված մեծամասնական համակարգ, որի պայմաններում իսկապես պատուհան է բացվելու բոլոր նրանց համար, ովքեր ունեն կասկածելի հեղինակություն, քրեածին հակումներ, լոկալ ազդեցություններ, ֆինանսական ահռելի ռեսուրսներ, որոնց գործադրման միջոցով էլ փորձելու են ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա. «Մեծ հաշվով, սա պայքար է հարուստների և շատ հարուստների միջև։ Այստեղ գաղափարները ոչ միայն պարտություն են կրել, այլև առհասարակ տեղ չունեն։ Այլ կերպ ասած, Հայաստանի Հանրապետության առաջիկա հինգ տարիներին իշխանության ձևավորման հիմքում առանցքային դերակատարություն են ունենալու վերը նշված սուբյեկտները, եթե չասենք, որ իշխանությունն ամբողջությամբ պատկանելու է հենց իրենց»:

Պարոն Նորիկյանը, անդրադառնալով Ընտրությունների օրվա մասին քննարկումներին,  ասաց. « ՀՀ նախագահի թիվ 1260-Ն հրամանագիրը՝ այս տարվա ապրիլի 2-ին Ազգային Ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին, հակասում է ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին և 209-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին։ Խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային ապրիլի 21-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։ Ըստ ամենայնի, այպիսի որոշում ընդունվել է այն բանի համար, որ օրենքի ուժով Երևանի ավագանու ընտրությունները պետք է նշանակվեն ապրիլի 30-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում։ Եվ ինձ համար իսկապես ցավալի է, որ այսօր բերվում են տարբեր պատճառաբանություններ՝ պնդելու համար, որ սահմանդրության խախտում չկա և այնպիսի մարդկանց կողմից, որոնք հավակնում են կոչվելու սահմանդրության հայրեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728