Լրահոս
Օրվա լրահոսը

«Կատարված ձնամաքրման աշխատանքից գոհ եմ, բայց դժգոհ եմ արդյունքից». Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ

Փետրվար 16,2017 15:43

«Վստահեցնում եմ, որ Երևանի բոլոր բակային տարածքներում իրականացվելու են մաքրման աշխատանքներ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը: Նրա խոսքով` ձնամաքրման աշխատանքները Հայաստանում իրականացնում է «Սանիթեք» ընկերությունը, իսկ քաղաքապետարանը վերահսկում է այդ աշխատանքները, կազմակերպչական աշխատանքների ընթացքում ցուցումներ է տալիս :

«Սանիթեք» ընկերությունը միջազգային ընկերություն է, որը մոտ մեկ տարի առաջ հանձն է առել նաև Երևան քաղաքի ձյան մաքրման աշխատանքները: Անցած տարի, երբ ընկերությունը իրականացրեց ձյան մաքրման աշխատանքներ, եղան բազմաթիվ խնդիրներ: Քաղաքապետի կողմից ստացանք հանձնարարական, կանոնակարգել այնպես, որ այս տարի նման խնդիրներ չառաջանան: Փառք Աստծու այս տարի Երևան քաղաքում մենք չունեցանք անանցանելի փողոցներ, չունեցանք փողոցներ, որոնք աշխատանք չիրականացնելու պատճառով փակվեցին: Դա արդեն իսկ մեր առաջխաղացումն է»,- ասաց նա

Շարունակելով պարոն Անտոնյանն ասաց, որ այս տարին ձնառատ տարի էր և նոյեմբեր ամսին տեղացած ձյան ժամանակ արդեն իսկ աշխատանքներ են տարվել: Այս տարի կրկնակի աղ ու ավազ է ծախսվել, քան անցած տարի. պատճառը ձյան տեղումների առատությունն է:

Խոսելով աշխատանքների կազմակերպման մասին, քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ դրանք արվում են վարչական շրջանների հետ համատեղ: Վարչական շրջաններում նույնպես իրականացվում է վերահսկողություն, և փողոցների մաքրման աշխատանքներից հետո իրականացվում են բակերի մաքրման աշխատանքները:

Անդրադառնալով բակային տարածքներին՝ պարոն Անտոնյանն ասաց, որ Երևանում կա մոտ 5000 բակային տարածք, և այդ բակային տարածքները 3-4 օրվա ընթացքում հնարավոր չէ մաքրել, բայց քանի որ գրեթե ամեն օր լինում են ձյան տեղումներ, արված աշխատանքը չի երևում: «Բակային տարածքներում ունենք խնդիրներ, բայց պետք է գիտակցենք, որ մոտ մեկ ամիս -20 աստիճան է եղել, և կատարված աշխատանքը հաջորդ օրը նորից կատարման կարիք է ունեցել: Կատարված աշխատանքից գոհ եմ, բայց դժգոհ եմ արդյունքից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ է արվում տանիքներից կախված սառցալեզվակները հեռացնելու համար, Հրայր Անտոնյանն ասաց, որ այդ աշխատանքներն իրականացվում են արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Ամբողջ Երևանով թե´ բազմաբնակարան շենքերից, թե´ հասարակական նշանակության շենքերից սառցալեզվակները հեռացվում են: Սառցալեզվակների հեռացումն իրականացվում է թեք լանջավոր տանիքներից, իսկ այն շենքերում, որտեղ մեքենայի մոտենալն է դժվար եղել, համատիրությունների միջոցով բնակիչների պատուհաններից օգտվելով են իրականացվել այդ աշխատանքները. «Բայց ջերմաստիճանի տատանման հետ կապված նույն շենքում հաջորդ օրն էլ առաջանում է նույն խնդիրը: Եղել է, որ նույն շենքում մի քանի անգամ ենք իրականացրել նույն աշխատանքը»:

Հրայր Անտոնյանը հայցեց բնակչության ներողամտությունը կատարված բացթողումների համար, որոնց արդյունքում բնակիչները դժվարություններ են ունեցել թե տուն, թե աշխատանքի հասնելիս:

Իսկ ձյան պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների մասին խոսեց ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը, որն ասաց, որ այս տարի տեղումների ինտենսիվության առումով ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկել է Երևանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վրա: «Այս պատճառով այս տարածքներում է, որ շատացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, և մեքենաները հիմնականում այս վայրերում են ընկնում արգելափակումների մեջ: Անցած տարի արգելափակումների ժամանակ ունեցել ենք 570 տրանսպորտային միջոցի դուրս բերում, իսկ այս տարի` 507: Իսկ այս տարի ճանապարհատրանսպորտային պատահարները 166-ն են, թվային առումով 12 նվազման թիվ ունենք. սա միայն դեկտեմբեր-փետրվար ամիսների վիճակագրությունն է»,- ասաց նա:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728