«Լավ չի լինի, չէ՞, որ մտնես տուն, թոռնիկդ կոնֆետ ուզի, չկարողանաս տալ` ամոթով կմնաս». գրավաճառ Սամվել Սարգսյանի խոսքերն են, որը շուրջ 20 տարի աշխատում է Իսահակյան 1 հասցեում գտնվող գրքերի շուկայում։ Այսօր շուկան փակման ռիսկի տակ է։
Օղակաձև այգին, որում գտնվում է շուկան, կառուցապատման իրավունքով հանձնվել է «Ֆլորա-1» ընկերությանը։ Այգում նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ և կառուցել հասարակական նշանակության շինություն։ Գրքերի շուկայի մնալը, և գրավաճառների՝ իրենց գործունեությունը շարունակելը երաշխավորող որևէ փաստաթուղթ դեռևս չկա։
Գրքերի շուկայի հնարավոր փակման մասին լուրերը վերջին շրջանում ակտիվ տարածում էին գտել համացանցում։ Ակտիվիստներ Արաիկ Փահլեվանյանը և Մնացական Կարապետյանը իրենց սոցիալական ցանցերի էջերում սեպտեմբերի 11-ին տեսանյութ են հրապարակել, որում նշում են՝ «SAS Group»-ի պատվերով Օղակաձև այգում կառուցվելու է հասարակական նշանակության օբյեկտ, ինչի արդյունքում Երևանի կոլորիտ հանդիսացող Գրքերի շուկան փակվելու է։ Տեղեկատվության աղբյուրը Կառավարությանն 2026 թվականի հունվարի 15-ի նիստին ընդունված որոշումն է (որոշում 25), ըստ որի՝ «Ֆլորա-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու համաձայնություն է տրվել։
Կարդացեք նաև
Համաձայն Երևանի քաղաքապետարանի ընդունած այս որոշման՝ Մոսկովյան 4, Աբովյան 36/2, Աբովյան 36/3 և Իսահակյան 1/3 հասցեներում գտնվող, «Օրիենթ Կաֆե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող շինությունները քանդելուց, և դրանց նկատմամբ իրավունքները դադարեցնելուց հետո, Երիտասարդության զբոսայգու 3-րդ հատվածում գտնվող 703.6քմ մակերեսով հողամասը առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով կտրամադրվի Գրիգորի Մարտիրոսյանի կողմից տնօրինվող «Ֆլորա-1» ընկերությանը։ Վերջինս պարտավորվում է առավելագույնը 36 ամսվա ընթացքում նշված տարածքում իրականացնել վերանորոգման աշխատանքներ և հասարակական նպատակային նշանակության շինություն կառուցել։ Ծրագրի իրականցման համար ընկերությունը պարտավորվում է կատարել նվազագույնը 650 միլիոն դրամի ներդրում։
Շուկայի գրավաճառները մեր զրույցում նշեցին, որ որևէ պաշտոնական տեղեկություն չեն ստացել շուկան քանդելու մասին։ «Գրքերի շուկան չի փակվելու։ Սա մի վայր է, որ հեշտ ու հանգիստ չի կարող փակվել։ Դրանք ուղակի խոսակցություններ են: Պաշտոնական որևէ թուղթ չի եկել: Ես չեմ էլ հավատում, որ կարող է պաշտոնական հրաման գալ, որ մենք այստեղից գնանք», – նշեց շուկայի տնօրեն Վռամ Մարտիրոսյանը։ Նախատեսվող հասարակական նշանակության շինությունից էլ, ասացին, տեղյակ չեն. «Գուցե այնտեղ, կողքն են կառուցելու»։
Քաղաքապետարանի որոշման մեջ նշված է՝ կկառուցվի գերժամանակակից ճարտարապետական լուծումներով հասարակական նպատակային նշանակության շինություն, վերջինիս բնույթը, սակայն, չի նշվում։ «Հոկտեմբերի 14-ի վերջին հանրային լսումներին պարզ դարձավ, որ կառուցապատողն այգում իրականացնելու է վերանորոգման աշխատանքներ, նաև կառուցելու է ժամանցի կենտրոն։ Թե հստակ ինչ է լինելու՝ չգիտենք, բայց մեր ունեցած տեղեկություններով «SAS Group»-ին է պատկանելու, լինելու է ֆուդ կորտ (սննդի կետ)», – հայտնում է ակտիվիստ Մնացական Կարապետյանը։
«Ես դեմ չեմ, թող վերանորոգեն, բայց գրքերի շուկան պետք է մնա»։ Մնացականի խոսքով՝ կառուցապատողը խոստացել է անվճար որոշակի տարածք հատկացնել Գրքերի շուկային, ստորգետնյա կամ բացօթյա, որտեղ գրավաճառները կկարողանան աշխատել։ Սակայն որևէ երաշխավորող փաստաթուղթ չկա։
«Մենք ուզում ենք վստահ լինել, որ տարածքը կլինի։ Փակ շուկայի պատմությունը կհիշեք, մարդկանց ասացին՝ ձեզ տարածք կհատկացնենք, ու հետո՞, ո՞ւր են էդ մարդիկ», – իր անհանգստությունը հայտնեց Մնացականը:
Հետագա հանրային լսումների մասին տեղեկություն քաղաքապետարանի պաշտոնական կայքում դեռևս չկա։ Մեր հարցմանը՝ արդյոք իրականացվող ծրագրի շրջանակում Գրքերի շուկան փակվելու է, քաղաքապետարանը նշել է, որ շուկայի տարածքը ներառված է վերակառուցման աշխատանքների նպատակով նախատեսված հողամասի սահմաններում:
«Ժողովուրդը իրենց հին գրքերը բերում, հանձնում են մեզ, որ աղբը չնետեն կամ մակուլատուրա հանձնեն, դառնա զուգարանի թուղթ։ Մենք իրենց ենք օգտակար լինում, իրենք՝ մեզ», – նշեց գրավաճառ Սամվել Սարգսյանը՝ կարևորելով շուկայի դերը։ Այժմ, սակայն, շուրջ 20 տարեկան շուկայի և այնտեղ աշխատող գրավաճառների «ճակատագիրը» մնում է անորոշ, տասնյակ հազարավոր գրքերինը՝ նույնպես։
Մերի ԿՈՒՐԵՂՅԱՆ




















































