Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հունաստանի ԱԳ նախարարի հետ ասուլիսին. «Երկուստեք շեշտեցինք, որ առկա խնդիրները չունեն ռազմական լուծում» (Տեսանյութ)

Մարտ 10,2017 16:05

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամլո ասուլիսին

 

Սիրելի Նիկոս,

Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը, իմ լավ բարեկամին՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասին, Հայաստանում։ Սա լավ հնարավորություն է շարունակելու մեր ակտիվ երկխոսությունը, քննարկելու մեր երկրների և ժողովուրդների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման ուղիներն ու քայլերը:

Նախ՝ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, մենք քննարկեցինք երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Կարևորեցինք բարձր մակարդակի կանոնավոր փոխայցելությունները, որոնք յուրաքանչյուր անգամ նորովի են հարստացնում երկկողմ օրակարգը և նոր լիցք են հաղորդում տարբեր ձևաչափերում սերտ համագործակցությանը:

Ես և իմ գործընկերը, միևնույն ժամանակ, համակարծիք ենք, որ երկու պետությունների փոխգործակցության ներկա մակարդակը զիջում է մեր ժողովուրդների միջև դարերից եկող ջերմ բարեկամական կապերին, ավանդաբար փոխադարձ խոր համակրանքին: Եվ պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել բոլոր ոլորտներում, ուղղություններով՝ նոր խթան հաղորդելու հարաբերությունների առավել ամրապնդմանը և ընդլայնմանը:

Անդրադարձ կատարեցինք քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում փոխգործակցության առավել խորացման ուղիներին:

Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, դրանց զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Քիչ առաջ նաև դիվանագիտական կադրերի ուսուցման և վերապատրաստման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև։ Սա մեր փոխգործակցության նոր ոլորտ է։

Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ: Անդրադարձանք Կիպրոսի հիմնահարցին: Նախարար Կոձիասը ներկայացրեց դրա շուրջ վերջին զարգացումները:

Ես ներկայացրի ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծման առաջ մղմանը:

Երկուստեք շեշտեցինք, որ առկա խնդիրները չունեն ռազմական լուծում և պետք է կարգավորվեն համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում:

Նորից ողջունում եմ գործընկերոջս:

Նիկոս, խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ։

https://www.youtube.com/watch?v=HejPGTxmai0

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031