Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն`ապարանցի կնոջը. «Ստեղից գնում ես ԿԸՀ, Տիգրան Մուկուչյանի մոտ» (Տեսանյութ)

Մարտ 13,2017 14:25

«Լսի ինչ եմ ասում այսքանի ներկայությամբ`հիմա դու ստեղից գնում ես ԿԸՀ, Տիգրան Մուկուչյանի մոտ ու ասում ես պարոն Մուկուչյան, տղաս այս վիճակում է: Դիմեցի Ծառուկյանին, իսկ ինքն ասեց, որ Դուք թույլ չեք տալիս, որ Ծառուկյանն այդ երեխային օգնի: Համարում եք դա ընտրակաշառք»,- այսօր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում մի կնոջ այսպես դիմեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ԲՀԿ առաջնորդն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում: Ապարանում, մի կին դիմում էր Գագիկ Ծառուկյանին`որդու առողջական խնդրով: «Հենց հիմա էրեխուդ վերցրու ու գնա, ասա ես դիմեցի այս մարդուն, բայց դուք թույլ չեք տալիս, որ օգնի, եթե դուք թույլ տաք ինքն անմիջապես հարցը կլուծի: Հենց ինքը թղթի վրա գրեց ու դու եկար, ես խնդիրը կլուծեմ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը` հանձնարարելով գործող պատգամավոր, այդ ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրած թեկնածու Լյովա Խաչատրյանին` զբաղվել հարցով եւ ԿԸՀ նախագահի համապատասխան գրավոր թույլտվության դեպքում աջակցել կնոջը:

Մինչ այդ ամբիոնից Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հայտարարել էր. «Մուկուչյանը թույլ չի տալիս օգնեմ, ժողովուրդ ջան: Ասում ա`օրենք ես խախտում: Ասում ա`խոստումն էլ չի կարելի: Լավ, ոչ մի բան չեմ խոստանում, ժողովուրդը թող մեռնի»:

«Այսօր մենք ներկայացնում ենք մեր ծրագիրը, իսկ որոշ մարդիկ փնովում են, թե պոպուլիզմով ենք զբաղված: Բայց ի՞նչ պոպուլիզմի մասին է խոսքը, երբ մենք մեր գործունեությամբ ենք ապացուցել այն, թե ինչ կարող ենք անել ու ինչ փոփոխություն կարող ենք բերել, քանի որ մենք գործի մարդ ենք»,- շարունակեց Գագիկ Ծառուկյանը: Նա նաեւ բավական ուշագրավ հաշվարկ ներկայացրեց`եթե ամեն տարի նախատեսված է 5-7 տոկոս տնտեսական աճ, ինչը գումարով անում է 26 մլրդ, դա հնարավորություն կտա թոշակներ ու աշխատավարձեր բարձրացնել: Բայց, օրինակ, 2016-ին տնտեսական աճ չի եղել. «Անհնար է պատկերացնել, թե ինչպես է ժողովուրդը գոյատևում 16 հազար դրամ թոշակով…. Ճար չկա, որովհետև մարդիկ էլ բան չունեն վաճառելու, ոչ էլ բանկերում գրավ դնելու և անհամբեր սպասում են՝ հույսով, հավատով, որ ինչ-որ բան կփոխվի: Մենք պատրաստ ենք, մեզ հնարավորություն տվեք օրենք ու երկիր փոխենք: Սիրելի ժողովուրդ, ես գործի մարդ եմ ու ինչ խոստացել եմ՝ իրականություն եմ դարձնելու: Ինչ ասել ենք՝ քիչ ենք ասել, ավելի շատ ենք անելու, մեր գործունեության հիմքում սրտացավությունն է»:

Անդրադառնալով այն խնդիրներին, որոնք հատկապես հուզում են մարզի բնակիչներին, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն 2-5 տոկոս, իսկ նրանք, ովքեր տուժել են կարկտահարությունից կամ ցրտահարությունից, պետք է նաև արտոնություններ ստանան: Միայն այդպես է հնարավոր թեթևացնել գյուղացու հոգսը ու խթանել գյուղատնտեսության զարգացումն ու արտահանումը. «Անցած տարիների ընթացքում Հայաստան մեծ գումարներ են եկել՝ գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, և բանկերը կարող էին տալ գյուղացուն 3-4 տոկոսով: Բայց իրականում գյուղացիներին վարկեր են տրվել 24-30 տոկոսով: Եթե բիզնեսի շահույթը 7-15 տոկոս է, իսկ ձեզ 24-30 տոկոսով են վարկ տալիս, ապա նշանակում է, որ խորտակման եզրին կանգնած՝ վերցնում եք, աշխատում եք բանկի համար, ձեր ունեցվածքն էլ մնալու է»: Այս համատեքստում Գագիկ Ծառուկյանը խոսեց «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ 15 քայլերից, որոնց կյանքի կոչման դեպքում գյուղատնտեսական վարկերը կլինեն 2-5 տոկոս:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031