Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանը և ընկերները Ստեփանակերտում հանդես են եկել հայտարարությամբ (տեսանյութ). «Արցախպրես»

Ապրիլ 04,2017 12:34

Ստեփանակերտում երեկ՝ ապրիլի 3-ին, տեղի է ունեցել անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի մամլո ասուլիսը:

Արսինե Խանջյանը իր, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի անունից հանդես է եկել աշխարհի արվեստագետներին ուղղված կոչով, որում մասնավորապես ասված է.

«Մեկ տարի առաջ՝ ճիշտ այս օրերին, Արցախյան հակամարտության շփման գիծը դարձյալ բռնկվեց, երբ ադրբեջանական զինված ուժերն անակնկալ հարձակումով կրակ թափեցին ոչ միայն առաջնագծի դիրքերին, այլև խաղաղ բնակավայրերի, դպրոցների և անզեն գյուղացիների վրա: Հայկական զորքերը, սակայն, արդեն որերորդ անգամ, ինքնապաշտպանական գործողություններով կասեցրեցին ադրբեջանական այս ագրեսիան, որի միակ արդյունքը մարդկային և նյութական վնասները եղան՝ երկու կողմերի համար:

1988-ից ի վեր, կամ այն օրից, երբ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Խորհրդային Միության և միջազգային օրենքների տառն ու ոգին հարգելով, որոշեց կերտել իր սեփական ճակատագիրը և գործադրել ազատ ինքնորոշման իր իրավունքը, Ադրբեջանը հակադարձեց պոգրոմներով, տեղահանություններով, հարձակումներով և ռազմական լայնածավալ գործողություններով: Հակառակ այս բոլորին, Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր պապենական հողերը, անկախության հանրաքվե իրականացնել և պետություն ստեղծել: Հակառակ նրան, որ միջազգային հանրությունը այլևայլ պատճառներով դեռևս չի ճանաչել Արցախի պետությունը, հազարավոր տարիներ ի վեր այս հողի վրա ապրող ժողովրդի զավակները շարունակում են ստեղծագործել և արարել, կառուցել և ծաղկեցնել, նույնիսկ երբ սահմանների երկայնքով չեն դադարում ադրբեջանական հարձակումները, ռումբի պայթյունները, զենքերի կրակոցները: Այստեղ՝ այս պատմական հողի վրա, ուր զինադադարի խախտման, վիրավորների և զոհերի մասին լուրերը շատ ավելի են, քան որևէ այլ տեղեկատվություն, հազարավոր երեխաներ ու երիտասարդներ զրկվում են ստեղծագործելու և արարելու իրենց արդար իրավունքից, քանի որ երկիրը դեռևս մնում է շրջափակված, իսկ զինադադարը՝ փխրուն: Հազարավոր տաղանդներ գրիչ և վրձին բռնելու փոխարեն ստիպված են լինում զենք վերցնել և ճակատ մեկնել՝ իրենց տունն ու հայրենիքը պահելու համար:

Ադրբեջանական հարձակումների և այս պարտադրված պատերազմի բերումով, այս երիտասարդները զրկված են խաղաղության մեջ ստեղծագործելու և իրենց տաղանդը բացահայտելու իրավունքից: Սահմանամերձ բնակավայրերում ապրող հազարավոր աշակերտներ դպրոցներում երգ ու երաժշտություն լսելու փոխարեն պայթող ռումբի և կրակոցների ձայներն են լսում: Բայց այս բոլորով հանդերձ՝ մեծ է այն տաղանդավոր երիտասարդների և արվեստագետների թիվը, որոնք շարունակում են գրել, ստեղծել, նվագել և նկարել, նույնիսկ երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և գտնվում են շրջափակման մեջ: Դժբախտաբար, նրանք աշխարհի իրենց գործընկերների հետ շփվելու շատ քիչ առիթ են ունենում, շրջափակումն ու մեկուսացումը խոչընդոտում են փոխադարձ այցելություններին, շփումներին և փորձի փոխանակմանը: Այս ստեղծագործ տաղանդները աշխարհին բացվելու և փոխադարձ ճանաչողության շատ սահմանափակ հնարավորություններ ունեն: Նրանք պարզապես զրկված են արվեստագետի համար կենսական այս իրավունքից:

Ահա այս պատճառով, աշխարհի բոլոր ազատ մտածող արվեստագետներին կոչ ենք ուղղում, որ այցելեն Արցախ, դառնան խաղաղության և համերաշխության գործընկերներ, կապ և շփում հաստատեն տեղի արվեստագետների և ստեղծագործ, տաղանդավոր մարդկանց հետ, աջակցեն, որ նրանք ևս աշխարհին բացվելու հավասար հնարավորություն ունենան և կարողանան իրականացնել խաղաղության մեջ ստեղծագործելու և աշխարհի հետ կիսվելու իրենց համամարդկային իրավունքը»:

«Արցախպրես»-ի թղթակցի այն հարցին, թե առաջիկայում կան արդյո՞ք մշակութային ծրագրեր կապված Արցախի հետ, Սերժ Թանկյանն ասել է, որ ինքն անցյալ տարի արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության վրա է աշխատել:

«Դա իմ առաջին ստեղծագործական կապը եղավ Արցախի հետ, և շատ լավ աշխատեցինք միասին, որից էլ ես շատ ոգևորվեցի: Մտածում էի, որ նման աշխատանքներ ևս կլինեն: Եկել ենք մարդկանց հետ կապեր ստեղծելու»,- ասել է Ս. Թանկյանը և հավելել, որ մտածում է նաև Արցախում համերգ ունենալու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930