Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը ընդհատեց եւ նկատողություն արեց Զուրաբյանին. «Սա պառլամենտի նիստը չի ու ելույթի ժամ չի»

Ապրիլ 25,2017 11:05

«Բարձր դատարան, սիրելի ժողովուրդ, այս պահին ես ունեմ դեժավյուի զգացում: 2012-ին ես ներկայացնում էի հենց այս դահլիճում ՀԱԿ դաշինքի դիմումը Սահմանադրական դատարանում՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցում: Հինգ տարի անց մենք նորից գտնվում ենք այս դահլիճում՝ նույնաբովանդակ հարցում»,- այսօր Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ իր ելույթում ասաց Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա, ամբողջ հանրապետությունն այսօր ունի այդ դեժավյուի զգացողությունը, որովհետեւ պարբերաբար ՀՀ-ում ընտրություններ են անցկացվում, որոնք ոչ թե դառնում են ժողովրդի կամարտահայտությամբ իշխանության ձեւավորման, այլ այդ կամարտահայտության մերժման եւ իշխանությունների ապօրինի վերարտադրման միջոց: «Ամեն անգամ ընտրությունները կեղծվում են եւ ամեն անգամ ընդդիմությունը դիմում է ՍԴ: Իսկ ՍԴ-ն գտնում է, որ արձանագրված խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա եւ մտացածին պատրվակներով ընդհանրապես չի քննում ներկայացված փաստերն ու ապացույցները: Արդյունքում՝ ժողովուրդն անընդհատ հիասթափվում է պետական հաստատություններից»:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընդհատեց. «Դուք դիմել եք ՍԴ՝ կոնկրետ գործի քննության համար: Սա պառլամենտի նիստը չի ու ելույթի ժամ չի, որ քաղաքական ելույթ ունենաք: Օրենքը դա արգելում է: Դատարանի որոշումը համարժեք է այն փաստարկներին, որը ներկայացվել է ՍԴ: Կոնկրետ խոսեք ձեր դիմումի մասին, ոչ թե քաղաքական ելույթ ունեցեք, այլ փորձեք հիմնավորել: Հիմնավորեք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կայացներ այլ որոշում, քան կայացրել է, որպեսզի մենք սկսենք քննել»:

Լեւոն Զուրաբյանը չհամաձայնեց, ըստ նրա, ինչ ասում է ինքը, հենց գործի էությանն է վերաբերում: Խնդիրը վերաբերում է այն ճգնաժամային վիճակին, որում հայտնվել է մեր ընտրական համակարգը: Խնդիրը լայն է, կրում է համակարգային բնույթ. «Վստահ եղեք, ես խոսելու եմ գործի էության մասին: Ինչ ես ասացի՝ հաստատվում է փաստերով: Այդպես է եղել 2003-ի ընտրությունից հետո, 2007-ի խորհրդարանական, 2008-ի նախագահական, 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններից հետո»:

Ըստ նրա, նույնը տեղի ունեցավ նաեւ Սահմանադրական հանրաքվեից հետո: Ընտրական գործընթացները մշտապես զուգորդվել են ընտրակեղծարարությունից դժգոհ քաղաքացիների բազմահազարանոց ցույցերով, հանրության մեջ խորը անվստահություն է ձեւավորվել՝ ընտրությունների նկատմամբ: Այդ արատները տեւական համակարգային բնույթ են կրում, որոնք հաղթահարումը անհնար է, եթե անցած ընտրությունների արդյունքները չքննվեն ավելի լայն համատեքստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930