Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ցանկալի կլիներ, որ պարոն Մարգարյանը գար բանավեճի» (Ֆոտոշարք)

Մայիս 03,2017 18:28

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 3-ին քարոզարշավ էր իրականացնում Կենտրոն վարչական շրջանում: Քարոզարշավը սկսվեց ավտոերթով, որը կանցկացվի Երևանի կենտրոնական փողոցներով:

Լրագրողների հետ զրույցում կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ավտոմեքենայի գույնը իր խորհրդանիշը ունի. «Սպիտակը մեր մաքրության և արդարության նշանն է: Եվ մենք գալիս ենք և սկսելու ենք մեծ մաքրությունը, որը վերաբերվում է կոռուպցիային, գողությանը և այս հսկայածավալ աղբին, որը կուտակվել է այս 20 տարիների ընթացքում և այն կեղտը, որը գորշ է, սև է, պետք է մաքրել: Եվ մենք ասում ենք՝ արևի քաղաքին, մարդկային ջերմություն: Արևը լույսի նշան է, և մենք այլևս չենք ցանկանում ապրել խավարի մեջ, ցանկանում ենք լույս, և ասում ենք՝ չի եղել գիշեր, որ չլուսանա»:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Մենք գիտենք, որ մեզ սիրում են մեր ընտրողները, մենք գիտենք, որ մեր ծրագիրը նրանք ընդունում են, լուրջ են վերաբերվում: Ոչ միայն ընտրողները, այլ նաև համայն հայությունը, ոչ միայն երևանցիները, այլ համայն հայությունը մեզ աջակցություն է ցուցաբերում և այդ աջակցության ներքո մենք վերակառուցելու ենք մեր քաղաքը»:

Լրագրողները խնդրեցին նրան նաև անդրադառնալ Տարոն Մարգարյանի քննադատություններին. «Ցանկալի կլիներ, որ պարոն Մարգարյանը գար բանավեճի և բանավեճի միջոցով որակումներ տար և նաև քննադատեր մեր ծրագիրը կամ ասեր, որ դրանք իրոք լոզունգներ են, այլ ոչ թե այսպիսի հեռակա բանավեճի միջոցով փորձեր մեզ հետ հաղորդակցվել: Եթե նա այդքան ինքնավստահ է, և կոնկրետ իմ ծրագիրը փորձում է քննադատության ենթարկել, թո՛ղ գա բանավիճենք, և հանրությունը ականատես լինի, թե ով ինչ ծրագրով է հանդես գալիս, ով ինչ ուղերձ է հղում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031