Լրահոս
Օրվա լրահոսը

Թումո Բանակ ծրագիրը Արցախում

Մայիս 08,2017 16:48

Այսօր Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության և Թումոյի համագործակցությամբ իրականացվող Թումո Բանակ ծրագրի արցախյան փուլի պաշտոնական մեկնարկը: Ծրագրի մեկնարկը հայտարարեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Արցախի ՊՆ նախարար Լևոն Մնացականյանի և ՀԲԸՄ ներկայացուցիչներ Լենա Բաղդասարյանի և Սասուն Բաղդասարյանի մասնակցությամբ։

Ծրագրի պիլոտային փուլի շրջանակներում Ստեփանակերտի Թոմոյում, որը բացվել և գործում է Թումոյի և ՀԲԸՄ համագործակցությամբ, կրթական ծրագրին են մասնակցում մոտակա զորամասերի շուրջ 150 ժամկետային զինծառայողներ: Նրանք հմտություններ ձեռք կբերեն համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության, համակարգչային գրաֆիկայի և թվային երաժշտության ստեղծման ոլորտներում:

Թումոյի և Պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող ծրագիրը ընթանում է փետրվարից ի վեր, մեկնարկելով Դիլիջանի Թումո կենտրոնում, որտեղ զինվորները արդեն հաղթահարել են կրթական ծրագրով նախատեսված շարունակական ինքնուսուցման առաջին փուլը և անցնում են առաջին մակարդակի իրենց դասընթացներին:

Մարի Լու Փափազեանը ծանոթացրեց նախագահին և նախարարին Թումո Բանակ ծրագրի ընթացքի մանրամասներին և համաձայն ծրագիրը ընդլայնելու վերաբերյալ Վիգեն Սարգսյանի հետ անցկացրած քննարկումներին, առաջարկեց դրա իրականացման լուծումներ։ Վիգեն Սարգսյանը իր հերթին հաստատեց պաշտպանության նախարարության մտադրությունը ՀՀ և ԼՂՀ բանակների բոլոր խոշոր զորամասերում Թումո կենտրոններ ունենալու վերաբերյալ, ինչպես նաև ողջունեց սահմանամերձ Կողբում Թումոյի կառուցման նախագիծը, նշելով դրա կարևորությունը Թումո Բանակ ծրագրի իրականացման տեսանկյունից։

Այցի մասնակիցները ուսումնասիրեցին Ստեփանակերտի Թումոյի և Արցախի մշակույթի նախարարության համատեղ ծրագրի արդյունքում ստեղծված՝ Շուշիին նվիրված ինֆոգրաֆիկաները, որոնց դիզայնը արել են կենտրոնի ուսանողները լիբանանցի մասնագետ Ահմադ Էլ Ղարիբյեի վարած աշխատացնի ընթացքում։ ՀՀ ՊՆ նախարարը համոզմունք հայտնեց, որ համակարգչային գրաֆիկայի դասընթացները անցնելուց հետո զինծառայողներն էլ կհմտանան այդ ոլորտում և գրաֆիկական նյութեր կպատրաստեն բանակի համար։

Թումո Բանակ ծրագիրը հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա յուրահատուկ կրթական միջավայրում ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց մրցունակությունը թե՛ ծառայության ընթացքում, և թե՛ զորացրվելուց

հետո։ Ծրագիրը կօգնի բացահայտել զինվորների ներուժը, ովքեր այլ դեպքում կարող էին չունենալ հնարավորություն սովորելու և հետազոտելու իրենց հետաքրքրությունները՝ ֆորմալ կրթական համակարգից դուրս։
Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031