Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սիվիլնեթ»-ի լրագրողը կբողոքարկի ոստիկանության գործողությունները

Մայիս 11,2017 14:25

«Սիվիլնեթ»-ի լրագրող Արփի Մախսուդյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բողոքարկելու է ՀՀ ոստիկանության գործողությունները և արդեն դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավաբաններին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ոստիկանության չորս աշխատակիցներ ցանկացել էին մուտք գործել Արփի Մախսուդյանի բնակարան և խուզարկել այն՝ առանց համապատասխան օրդերի:

Մեզ հետ զրույցում այս առիթով լրագրողը մանրամասնեց. «Առավոտյան 07.30-ին եկան, սկեսրայրս դուռը բացեց, մենք դեռ քնած էինք: Ասացին, թե հանցագործի են փնտրում ու օպերատիվ ինֆորմացիա ունեն, որ մեր տանն է, մենք էլ ասոցացված անձ ենք։ Հետո, երբ պահանջեցի դուրս գալ տնից, որովհետև առանց համապատասխան որոշման տունը խուզարկելու իրավունք չունեն, սկսեցին գոռգռալ, թե իրենք են ասողը, իսկ մենք կատարողն ենք»:

Արփի Մախսուդյանն այս պահին ձեռնպահ է մնում գնահատականներ տալուց, միայն ՀՀ ոստիկանության գործողությունները որակեց որպես ոչ իրավաչափ:

Այնուհետև հակադարձելով ՀՀ ոստիկանության այն պնդումներին, թե իրենց աշխատակիցները Արփի Մախսուդյանի բնակարանը խուզարկելու նպատակ չեն ունեցել, այլ ընդամենն իրենց օպերատիվ աշխատանքն են կատարել, ասաց. «Ես պնդում եմ, որ իրենք ուզեցել են խուզարկություն կատարել, որը թույլ չեմ տվել՝ պահանջելով օրդեր, որից հետո իրենք փոխել են իրենց այցի նպատակը: Սկզբում ասում էին, թե հանցագործ են փնտրում, որը մեր տանն է, հետո ես ասացի՝ օրդեր ցույց տվեք, հակառակ դեպքում մեր տանը տեղաշարժվելու իրավունք չունեք: Ինձ ասացին, թե ես չպետք է իրենց սովորեցնեմ, այդքան իրավագիտակցություն չունեմ: Ասացի, որ կզանգեմ իմ փաստաբաններին, գնացի, որ հեռախոսս վերցնեմ, հետո երբ հետ եկա, իրենք արդեն փոխել էին վարկածը: Ասացին, թե Մոսկվայից հայտնել են, որ ծանր հանցագործություն կատարած անձը մեր wifi-ով կապվել է ինչ-որ մեկի հետ, հարցուփորձ են անում՝ ճանաչո՞ւմ ենք տվյալ ազգանունով անձին, ունե՞նք նման ազգական»:

Արփի Մախսուդյանը տեղեկացրեց, թե սկզբում ուզեցել են սկեսրայրին տանել քաղմաս. «Ասենք գալ մարդու տուն, առավոտյան 07.00-ին առանց որևէ բանի, փորձել տանել քաղմաս, որքանո՞վ է դա մտնում օպերատիվ գործողությունների տրամաբանության մեջ: Կամ քեզ վերաբերվեն այնպես, կարծես թե դու արդեն հաստատված հանցագործ ես, ու իրենք ոնց ուզեն, իրենց կարող են պահել: Գոռում էին, ուզում էին բերման ենթարկել, ասում էի դուրս եկեք տնից, ասում էին՝ դու չպետք է ասես, թե մենք ինչ անենք: Հետո ոստիկաններից մեկը պտտվեց մյուս գործընկերոջն ասաց՝ ի՞նչ անենք, սրանց էլ տանե՞նք քաղմաս: Ինչի՞ համար են տանում քաղմաս, ինչ է, թե ինչ-որ ինֆորմացիա ունե՞ն, ինչի համար ես կասկածում եմ»:

Արփի Մախսուդյանը նշեց, թե ինքն էլ, երեխան էլ, վախեցել են. «Կարծում էի, թե հանցագործներ էին, այդ պահին մտածում էի, թե երեխայիս ոնց եմ պաշտպանելու, քանի որ իրենք քաղաքացիական հագուստով էին: Իրենց վկայականը մի կարճ վայրկյան ցույց տվեցին հեռվից ու արագ դրեցին գրպանը: Ախր ձևն այդպես չէ, հասկացանք օպերատիվ գործողություն»:

«Սիվիլնեթ»-ի լրագրող Արփի Մախսուդյանը շարունակում է պնդել, թե «ոստիկանները, որոնք մեզ հյուր էին եկեք, ուզեցել են խուզարկություն կատարել, թեև ոստիկանությունը պնդում է, որ խուզարկության նպատակ չեն ունեցել, այլ օպերատիվ աշխատանքներ են իրականացրել»:

Արփի Մախսուդյանը պատմում է, որ անգամ իրենց հետ անհարգալից են վերաբերվել, հակադարձողների մասին ասել, թե սրանց էլ չտանենք քաղմաս, կամ Արփի Մախսուդյանի բնորոշմամբ՝ իրենց հետ վերաբերվել են որպես հաստատված հանցագործի:

Նշենք, որ կատարվածի առիթով, օրինակ, Արփի Մախսուդյանի այն պնդումների մասին է, թե ոստիկանները հենց խուզարկության նպատակ են ունեցել, և ինքը բողոքարկելու է ոստիկանության գործողությունները: Aravot.am-ը հարցեր է հղել ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Պատասխանի դեպքում կներկայացնենք նաև ոստիկանության պարզաբանումները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031