Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության դեսպանը՝ Հայաստանին հատկացված 500 միլիոն եվրոյի ու Երևանում բաժանվող ընտրակաշառքի մասին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 12,2017 19:20

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում համերգային ծրագրով ու տոնավաճառի կազմակերպմամբ նշվեց «Եվրոպայի օրը»։ Այս տարի ևս օրվա տոնակատարությունները սկսվեցին Գյումրիից։ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին գյումրեցիներին բարևեց հայերենով` նշելով, որ հայերը եվրոպական ընտանիքի անբաժան մասն են կազմում։

«Մենք միասին ենք տոնում այն արժեքները, որոնք ընկած են այս տոնակատարության հիմքում․ դրանք են՝ խաղաղությունն, արդարությունը, համերաշխությունը։ Եվ տոնելով այս օրը՝ ևս մեկ անգամ հիշում ենք, թե ինչքան մոտ են հայերը եվրոպացիներին։ Եվրոպայի օրը Հայաստանում տոնվում է «Եվրոպան Հայաստանի համար» կարգախոսի ներքո»,- ասաց դեսպանը։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ շեշտեց, որ գյումրեցիները շատ են տարբերվում մյուս տեղանքների ժողովրդից, իրենց բնույթով իսկական եվրոպացիներ են։

Պյոտր Սվիտալսկին պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Դեսպանը նշեց, որ Եվրամիության կողմից Հայաստանի Հանրապետության զարգացմանը տրամադրվել է 500 միլիոն եվրո և գումարի մեծ մասը ուղղվել է այն ծրագրերին, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից։ «Առաջին հերթին՝ այս գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության բյուջեին, սա բյուջետային աջակցություն է։ Այս գումարից զգալի հատված տրամադրվում է նաև հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին։ Անցած տարի մեզ համար ռեկորդային էր, որովհետև բյուջետային աջակցության միջոցով մենք ՀՀ-ին տրամադրել ենք ավելի քան 60 միլիոն եվրո։ Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող օտարերկրյա աջակցության ավելի քան 50 տոկոսն ապահովում է Եվրամիությունը», -ասաց դեսպանը։

Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով Երևանում սպասվող ընտրություններին, հույս հայտնեց, թե ԱԺ ընտրությունների ժամանակ դիտարկված թերությունները կշտկվեն քաղաքապետի ու ավագանու ընտրությունների ժամանակ։ «Դրանք բացասական երևույթներ են, և եթե դրանք շարունակվեն, Հայաստանի քաղաքական մշակույթի վրա կարող են ունենալ քայքայիչ ազդեցություն։ Մենք պատրաստ ենք Եվրամիության կողմից համագործակցելու մեր հայ գործընկերների հետ նման բացասական գործելակերպն ամրատախիլ անելու համար։ Իհարկե, մենք կսպասենք, որ ընտրվեն լավագույն ճանապարհները, որպեսզի Եվրամիությունն աջակցի Հայաստանին այդ ուղղությամբ, մենք որևէ բան չենք պատրաստվում պարտադրել, ոչ էլ ցանկանում ենք պարտադրված լինել ՀՀ-ի նկատմամբ։ Բայց, իհարկե, շատ սթափ կերպով փորձելու ենք հետևել բոլոր գործընթացներին և բացահայտել այն հատվածները, որտեղ որ Եվրամիությունը կարող է օգնել Հայաստանին ստեղծելու իսկապես առողջ ժողովրդավարություն։ Հուսով ենք, որ ընտրությունները Երևանում հիմքեր կստեղծեն մեզ համար լավատեսության զարգացման առումով»,-ասաց դեսպանը։

Դիտարկմանը, թե Երևանի ընտրություններում բաժանվող ընտրակաշառքի մասին արդեն իսկ տեսանյութեր կան, դեսպանն ասաց․ «Չէի ցանկանա այս պահին որևէ եզրակացություն անել, դեռ շատ վաղ է, ճիշտ կլինի ասել, որ յուրաքանչյուր նման ազդակ արժանանում է մեր ուշադրությանը, մտահոգիչ է մեզ համար։ Իհարկե, կարող եմ ասել, որ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում վատ սովորույթները շատ դժվար են վերանում, բայց լավատեսությունը չենք կորցնում, քանզի համոզած ենք, որ ՀՀ իշխանությունները և բոլոր շահագրգիռ կողմերը հասկանում են, որ քաղաքական մշակույթի ձևավորման խաթարումը լավ հետևանքներ չի ունենա ՀՀ-ի համար ապագայում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031