Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերս երգարվեստում մեծ ժառանգության կրողներ ենք»

Մայիս 13,2017 13:30

Երգչուհի Սոնա Ռուբենյանի դիտարկումները

«Եվրատեսիլ» երգի մրցույթում, որը գործում է 1956 թվականից, հայերս հայտնվեցինք 2006-ից: Մայիսի 9-ին մոսկվաբնակ մեր հայրենակից Արծվիկը իսկապես հիանալի ներկայացավ Կիեւում կայացած մրցույթի կիսաեզրափակչում՝ Ավետ Բարսեղյանի ու Դավիթ Ծերունյանի խոսքերով, Լիլիթ եւ Լեւոն Նավասարդյանների երաժշտությամբ՝ «Fly with me» երգով ու անցավ 13-ին կայանալիք եզրափակիչ փուլ: Միանշանակ, ողջ հայությունն այս անգամ էլ հույսով է, որ Արծվիկը գալիք տարի այս մրցույթը «կգործուղի» Հայաստան: Մինչ եվրատեսիլյան մրցույթի երգի եւ կատարողի ընտրությունը, բնականաբար, հոլովվում են տարբեր անուններ, այս տարի նրանք էին Սոնա Ռուբենյանն ու Էրիկը:


«Առավոտի» հետ զրույցում Սոնա Ռուբենյանն ասաց, որ եթե «Եվրատեսիլը», օրինակ, Դանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Իտալիայի, Գերմանիայի համար հերթական միջոցառում է, հայերիս համար մեր երկիրը ներկայացնելու, ավելին՝ կրկին գովազդելու հարթակ է: Հենց այդ նպատակով էլ մշտապես մրցութային (նկատի ունի Հ1-ով հեռարձակվող «Դեպի «Եվրատեսիլ» նախագիծը) լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սոնայի հավաստմամբ՝ Արծվիկը իսկապես լուրջ մրցակից է:
Իսկ Սոնա Ռուբենյան անունը մեզ հայտնի դարձավ «Շանթ» TV-ի մրցույթներից: 2013թ. երգչուհին «Պրեմիերա» նախագծում առաջինը ճանաչվեց Էլիտա Հարությունյանի եւ Վազգեն Քոլոյանի երաժշտությամբ «Աշնան սերենադ» երգով, 2012թ. նա դարձյալ առաջինն էր, այս անգամ՝ «Հայ սուպերսթարում», որից հետո երգչուհուն հանդիպեցինք «Շարմ» հոլդինգի «Սիրո կամուրջ» մյուզիքլում՝ Աննայի դերերգով, որը նվիրված էր Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Ի վերջո, Սոնան արժանացել է «Հանդիսատեսի համակրանքին»՝ Յուրմալայում կայացած «Նոր ալիք» մրցույթում, որտեղ ժյուրիի գնահատականը դերակատարում չուներ:


Սոնան 5 տարեկանից հաճախել է Երգի պետական թատրոն, ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան իբրեւ ջազ-դաշնակահար՝ Մարտին Վարդազարյանի դասարանը: Հավանաբար դա է պատճառը, որ վերջերս մեր կոմպոզիտորների երգերի կատարմանը զուգահեռ, երգչուհին ներկայանում է նաեւ սեփական ստեղծագործություններով: Եվ ամենակարեւորը՝ եզակի արվեստագետներից է, որը թեկուզեւ բեմական-ստեղծագործական կարճ ժամանակահատվածում չվազեց գումար վաստակելու, էժանագին ծափերի հետեւից՝ ներկայացնելով, ցավոք, այսօրվա մեր հանդիսատեսի մեծամասնությանը հաճո «տաշի-տուշիներ»: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց՝ «Դա իմ հոգու ու խղճի թելադրանքն է»: Հավելեց նաեւ, թե սիրով է մեկնաբանում Բաբաջանյանի, Ամիրխանյանի, Գրիգորյանի, Գյանջումյանի արդեն ծանոթ երգերը: Ի դեպ, տարեսկզբին Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին հրավիրված բելգիաբնակ երգչուհի Զառա Տոնիկյանը հիացմունքով արտահայտվեց երիտասարդ կատարողներից մի քանիսի հասցեին, այդ թվում՝ Սոնա Ռուբենյանի:
«Երգասերներին ծանոթ Սասուն Պասկեւիչյանի մեկ-երկու երգ կատարել եմ «Երգ երգոց» հաղորդաշարի թողարկումներում: Ինձ համար հայտնաբերել եմ, որ դա սիրված ստեղծագործությունները փոշոտ պահոցից հանելու եւ մատուցելու մի հարթակ է: Հայերս մշակույթում, այս դեպքում՝ երգարվեստում, մեծ ժառանգության կրողներ ենք…»,- նշեց երգչուհին:


Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս նա հայտնեց, որ մոտ օրերս հրավիրված է Մոսկվա, հանդես է գալու «Մեր մանկության տանգոն» խորագրով համերգային ծրագրում, որտեղ կհնչեն սիրված երգեր անիմացիոն եւ խաղարկային ֆիլմերից: Ինքը հանդես է գալու ամիրխանյանական երգերով: Պատրաստում է CD, որտեղ ընդգրկված կլինեն ժողովրդական եւ էստրադային սիրված երգեր՝ Գարիկ Պապոյանի գործիքավորմամբ: Մոտ ժամանակներս էլ շոու-բիզնեսի ներկայացուցիչները եւ օպերային երգիչները հանդես կգան Շառլ Ազնավուրի երգերի դուետային կատարումներով: Իսկ Սոնան պատրաստում է դուետներ օպերային թատրոնի մեներգիչներ Սարգիս Աղամալյանի եւ Հայկ Տիգրանյանի հետ:


Ինչ վերաբերում է «Եվրատեսիլին» իր մասնակցությանը, Սոնայի պատասխանը հակիրճ էր՝ «որոշում կայացնում է ժյուրին եւ հանդիսատեսը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝  Սոնա Ռուբենյանն իր կոլեգաների եւ անվանի դեմքերի հետ:

 

«Առավոտ»

12.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031