Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքական մթնոլորտը հույս չի ներշնչում

Մայիս 26,2017 16:30

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը`
Սերժ Սարգսյանի ելույթի մասին

– Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանում ունեցած ծավալուն ելույթում ասաց, որ մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչությունը կկազմի 4 միլիոն մարդ, նաեւ` արտահանումը կհասնի ՀՆԱ-ի 50-55 տոկոսին: Այդ ամենի նախադրյալները տեսնո՞ւմ եք: Նախագահի խոստումները կարո՞ղ են իրականություն դառնալ` նկատի ունենալով այն, որ իր պաշտոնավարման հենց սկզբից Սերժ Սարգսյանը տարբեր խոստումներ է տվել, դրանք դեռ իրականություն չեն դարձել:

– Ես ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանը նկատի ուներ բնակչության ոչ թե բնական աճը, այլ այն, որ արտագաղթը կկանգնի, եւ հակառակը՝ կաշխատի ներգաղթի գործոնը: Հետեւաբար պետք է նայենք` որո՞նք են արտագաղթի պատճառները, եւ ի՞նչ պետք է անի կառավարությունը, որ արտագաղթը ներգաղթով փոխարինվի: Այ, սրանց նախադրյալները ես չեմ տեսնում: Թե սոցիալական, թե տնտեսական իրավիճակները, թե ամենակարեւորը` քաղաքական մթնոլորտը Հայաստանում հույս չեն ներշնչում, որ քաղաքականության մեջ ընտրվելու են լավագույնները, որոնք կարողանան լուծել այն խնդիրները, ինչի մասին Սերժ Սարգսյանը այդքան երկար խոսում էր:

– Հայաստանի կառավարման համակարգի այլեւս գլխավոր դերակատարը` խորհրդարանը, սկսեց իր աշխատանքը: Վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը տեղի ունեցավ: Ի՞նչ տպավորություններ ստացաք մեր երկրի այլեւս թիվ մեկ ղեկավար մարմնի աշխատանքից:

– Շարունակելով առաջին հարցը եւ երկրորդ հարցի համատեքստում ավելացնեմ` ո՞ւմ միջոցով, ո՞ւմ օգնությամբ եւ ի՞նչ թիմով է Սերժ Սարգսյանն ուզում իրականացնել այն ամենը, ինչի մասին խոսում էր: Հիմա մեկ առ մեկ անունները չտամ, բայց բոլորս գիտենք այն խայտառակ ընտրությունները եւ սկանդալները, որոնք եղել են ռեյտինգային ՀՀԿ-ական թեկնածուների հետ կապված: Այդ մարդկանց մենք ճանաչում ենք, կամ եթե չենք ճանաչում` ավելի վատ. նշանակում է նրանք որեւէ ձեւով աչքի չեն ընկել: Ինչեւէ, այդ մարդկանց միջոցով, այդ «քաղաքական միտքն» օգտագործելով` Սերժ Սարգսյանը փորձում է առա՞ջ տանել այն, ինչի մասին ասում էր:

Խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ բոլորով` հասարակություն, իշխանություն, ընդդիմություն, փորձելու ենք ինչ-որ մի բան կառուցել, եւ միանգամից ցույց են տալիս, որ խորհրդարանն իր մեծամասնությամբ պատրաստ է ճնշել ընդդիմությանը, այս դեպքում՝ «Ելք»-ին, հնարավորություն չտալ որեւէ կերպ մաս դառնալ Հայաստանում իրավիճակի բարելավմանը: Խոսքը մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի մասին է, որը շատ կարեւոր էր ժողովրդավարության, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների զարգացման համար: Այսինքն՝ այն ամենի, ինչի մասին Սերժ Սարգսյանը խոսում էր իբրեւ խնդիրների, որոնք պետք է լուծվեն:

– Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ականները մեկ հարցում իրավացի են` խորհրդարանում համապատասխան հանձնաժողովի գոյությունը չէ, որ պետք է որոշի մեր երկրում մարդու իրավունքների հարցը: Օրինակ՝ նախորդ գումարման խորհրդարանում կար նման հանձնաժողով, բայց դա բնավ չէր խանգարում, որպեսզի Հայաստանում մարդու իրավունքները խոչընդոտվեին: Դրա վառ ապացույցների ականատեսը եղանք թե «Էլեկտրիկ Երեւանի», թե ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ եւ այլն:

– Ես համաձայն եմ, որ նախկինում այդ հանձնաժողովը սիմվոլիկ բնույթ էր կրում: Եվ սիմվոլիկ էր հենց այն պատճառով, որ վերահսկվում էր իշխանությունների կողմից: Սովորաբար մարդու իրավունքների պաշտպանությունը եւ իշխանության շահերը Հայաստանում չեն համընկնում: Իշխանությունն անընդհատ փորձում է ամեն ինչ կոծկել: Սա է պատճառը, որ ես ասում եմ` կարելի էր այդ հանձնաժողովն ընդդիմությանը տալ եւ ցույց տալ, որ կա մի տեղ, որտեղ ոչ թե ֆորմալ ձեւով, այլ իրականում քննարկվում եւ լուծվում են մարդու իրավունքները համակարգային ձեւով: Խոսքը չի գնում իրավապաշտպան կամ օմբուդսմենի աշխատանքի կրկնության մասին: Խոսքը օրենսդրական դաշտում այդ երաշխիքների ստեղծման մասին է: Մի բան, ինչը այդ հանձնաժողովը կարող էր անել:

Ասում են` այդ գործառույթը հիմա պետաիրավական հանձնաժողովում կիրացվի: Բայց իրապես շատ հաճախ հակասության մեջ են մտնում «հանրային գերակա» կոչվող շահը եւ հանրության անդամի, շարքային մարդու իրավունքը: Սա է պատճառը, որ այդ հանձնաժողովները չի կարելի միացնել: Ճիշտ այնպես, ինչպես բնապահպանությունն ու արդյունաբերությունը:

– Այդ ելույթում Սերժ Սարգսյանի կարեւոր արձանագրումներից էր թերեւս այն, որ Արցախի հիմնահարցի կարգավորման միակ տարբերակն ինքը համարում է Կազանյան փաստաթուղթը: Նախագահն, ըստ էության, մերժեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության ձեւավորած Մադրիդյան սկզբունքները, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած խաղաղության պլատֆորմը: Իսկապես չունե՞նք այլ տարբերակներ:

– Հիմա խոսել այն տարբերակների մասին, որոնք այս կամ այն պատճառով գտնվում են արխիվում կամ դիվանագիտական աղբարկղում՝ իբրեւ մերժված, չեմ կարծում, որ ակտուալ է: Իրավիճակն, իրոք, փոխվել է: Եվ այսօր դա չտեսնել ու հետեւություններ չանել՝ նշանակում է տանուլ տալ ի սկզբանե: Այսօր թիվ մեկ խնդիրը միջազգային ատյաններում ավելի ակտիվ աշխատելն է եւ ցույց տալ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ որպես հարցի կարգավորման հիմնական խոչընդոտ: Չեմ կարծում, որ Ադրբեջանը որեւէ ձեւով քննարկում է նույն փաստաթղթերը, ինչի մասին խոսեց Սերժ Սարգսյանը: Եվ մի կարեւոր հարց էլ` Արցախի ակտիվությունը: Ակտիվությունը ոչ միայն հայտարարություններով, այլեւ բանակցային սեղանի շուրջ, ինչի ուղղությամբ ես քայլեր չեմ տեսնում գոնե հայկական կողմից:

– Հետեւաբար ո՞ւմ կամ ինչո՞ւ համար էր Սերժ Սարգսյանն անում այդ հստակեցումները:

– Գիտեք, Հայաստանում արդեն վաղուց մոդելն այդպիսին դարձավ` փաստաթղթերում, օրինակ, ՀՀԿ-ն իր ծրագրային, նախընտրական կամ գաղափարախոսության թղթի վրա գրում է մի բան, իրականում այլ բան է կատարվում: Կամ` պառլամենտում խոսում են մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին, իրականում հակառակն է լինում եւ այլն: Չգիտեմ, երեւի թե խոսքն ուղղված է արտաքին լսողին, իսկ գործողությունները, բացասական ձեւով, իր վրա ընդունում են ներքին լսողը եւ սպառողը` ՀՀ քաղաքացին: Սերժ Սարգսյանի այդ ելույթն էլ այդ շարաններից էր երեւի թե:

– Նաեւ Մինսկի խմբի համանախագահները դիրքորոշում հստակեցրին` ի վերջո հայտարարելով, որ սահմանային գոնե վերջին սրացումների մեղավորն Ադրբեջանն է: Հայաստանում որոշակի շրջանակներ սրանից ոգեւորված են: Կա՞ ոգեւորվելու առիթ, այս հստակեցումը կարո՞ղ է սանձել Ադրբեջանին:

– Ես ոչ թե ոգեւորվելու առիթ եմ տեսնում, այլ գործելու հնարավորություն: Հաջորդ քայլը պետք է արդեն հայկական դիվանագիտությունն անի` բարձրացնի այդ հարցը, պատճառները, հետեւանքները, միջազգային հանրությանը, Մինսկի խմբին, հարցի կարգավորման հետ որեւէ ձեւով կապ ունեցող որեւէ ատյանի պետք է հասցնենք, որ այս իրավիճակում, փաստացի պատերազմական մթնոլորտում հնարավոր չէ բանակցային գործընթաց իրականացնել: Ըստ էության պատերազմ է գնում, եւ պատերազմի կասեցումը, Ադրբեջանի սանձումը չպետք է լինի հարցի կարգավորման վերջին փուլերում, այլ առաջին քայլը պետք է լինի, որպեսզի նաեւ բանակցությունների շարունակման մասին համապատասխան մթնոլորտ լինի: Նախադեպեր կան, երբ կողմերը չեն կարողանում խաղաղություն հաստատել, միջազգային հանրությունը միջամտում է խաղաղության հաստատման հարցով: Առաջին քայլն արվել է` մոնիտորինգի մեխանիզմների ներդնումը, երկրորդը պետք է լինի խախտող կողմին պատժելու մեխանիզմների կիրառումը: Մինչդեռ այսօր եթե Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին դեմքերն են հանդիպում, խոսակցությունը, գոնե Հայաստանի կողմից, գնում է մի բանի մասին` բողոքում ենք, որ Ադրբեջանը զենք է գնում եւ կիրառում է:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

25.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031