Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրը երկու ամիս է՝ չի տեսել իր երեք մանկահասակ երեխաներին

Մայիս 27,2017 14:30

Եզրակացությունն էլ հավասար իրավունքներ չէր ապահովել

Կամո անունով երիտասարդի փոքրիկը երկու տարեկան է, իսկ տասնամյա աղջնակին էլ կկանչեն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ նրա մասին «մոռացել» է Խնամակալության եւ հոգաբարձության տարածքային մարմինը: Մալաթիա համայնքի տարածքայինը մայիսի 22-ին վերջապես տվեց իր եզրակացությունը, ինչին էլ երեկ ծանոթացավ նախկին կնոջ փաստաբան ներկայացուցիչը:

Եզրակացությունից դժգոհ է թե Կամոն, թե նրա ներկայացուցիչը:

Դատավոր Ն.Գրիգորյանի նախագահությամբ ընթացած նախնական դատական նիստի ժամանակ երիտասարդ հայրը խնդրեց, որ երեխաների հետ տեսակցության համար իրեն տրվի շաբաթը երեք օր, ժամն էլ՝ 14.00-21.00-ը: Նախկին կինն առարկեց, ասելով, թե իրենք համաձայն են, որպեսզի տեսակցությունը լինի շաբաթը երկու անգամ, այն էլ իր մասնակցությամբ, եւ ժամն էլ 12-16.00-ն:

Հոր ներկայացուցչի կարծիքով, Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի խնդիրն է «երեխայի՝ ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու իրավունքի ապահովումը», սակայն այս դեպքում, հանձնաժողովը հավասար իրավունքներ չի ապահովել: «Դաստիարակության մասով չկար որեւէ փաստաթուղթ, ապացույց, կային միայն ծննդյան վկայականները»,-ասում է նա:

Ընտանիքի հայրը մինչ դատական նիստը, երկու օր առաջ դիմել էր նաեւ Ակնաշենի գյուղապետարան, որպեսզի մեկ ժամով տեսնի իր երեխաներին. դարձյալ մերժվել էր:
Նախկին կնոջ փաստաբան ներկայացուցիչն ասաց, թե Կամոն «ագրեսիվ» է պահում, գնում է դպրոց, ուսուցիչների ներկայությամբ աղմուկ բարձրացնում, երեխաներին «տալիս կոնֆետներ, ինչ-որ հաց», ինչը, սակայն, կողմը չընդունեց, իսկ Կամոյի փաստաբանն էլ հակադարձեց՝ ասելով, որ «ագրեսիվ» պահվածքը պայմանավորված է երեխաներին չտեսնելու հանգամանքով:

Հայրը դատարան ներկայացրեց երկու երեխաների դպրոց հաճախելու մասին տեղեկատվությունը. վերջին մեկ ամսվա ընթացքում երեխաները դպրոց չեն գնացել, իսկ գնացել են այն ժամանակ, երբ ընտանիքի հայրը աշխատանքի է եղել, հերթափոխում: Ի դեպ, մայրը չի աշխատում, իսկ մինչ մոր մոտ հայտնվելը, երեխաները հոր մոտ են ապրել: Այս գործով կա անգամ կրթության եւ գիտության նախարարին ուղղված մոր նամակը. նա խնդրել էր, որպեսզի երեխաները սովորեն հեռակա, սակայն նախարարը պատասխանել էր, թե դպրոցներում հեռակա կրթություն չկա:

Նախնական դատական նիստերն ավարտվեցին, դատաքննությունը նշանակվեց հունիսի 23-ին: Խնդիրը, սակայն, ոչ այնքան անձնական, ընտանեկան տվյալների հրապարակումն է, որքան Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին կից ստեղծված հանձնաժողովների ամիսներ տեւող քաշքշուկները, եզրակացությունների ձեւական լինելը:
Սահմանված է, որ հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այն անձինք, որոնց վերաբերում է քննարկումը, նրանց օրինական ներկայացուցիչները եւ լիազորված անձինք, սակայն այս դեպքում մոր կողմը չի մասնակցել, ինչի հետեւանքով տուժել է ընտանիքի հայրը:

Հանձնաժողովի նիստին ներկա անդամը կարող է ունենալ «Հատուկ կարծիք», որը կցվում է արձանագրությանը եւ համարվում է արձանագրության անբաժանելի մասը:
Սակայն դա էլ չի եղել, ընդամենը մեկ էջանոց եզրակացություն էր, որին անցյալ տարվա աշնանից սպասել էր Կամոն:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

26.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031