Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյան. «Գիշերվա մեկին էլ լինի, պատրաստ եմ գալ»

Հունիս 06,2017 16:41 Share

«Ծառուկյան» խմբակցությունը չի պատրաստվում «կողմ» քվեարկել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» նախագծին այն տեսքով, որ ներկայացված է:

Հիշեցնենք, խոսքը 24 կազմակերպությունների մասնավորեցման մասին է, որոնց թվում են «Հայփոստը», «Հայֆիլմը», «Հրազդան» մարզադաշտը, «Ֆանարջյան» ուռուցքաբանության կենտրոնը եւ այլն: Նախագիծն այսօր քննարկվում էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:

«Կան այնպիսի հանրային հնչեղությամբ ընկերություններ, որոնք մենք պիտի մասնավորեցման ստանդարտ ճանապարհով չտանենք: Դա տանելու է մեզ փակուղի, ու մենք ժողովրդին չենք կարողանալու բացատրենք, թե ինչո՞ւ ենք գնացել դրան: Մենք պիտի համոզված լինենք, որ գնալու է էֆեկտիվ օտարման գործընթաց, դա պիտի լինի քաղաքական ուժերի կոնսենսուսով: Բերեք, այս հնչեղություն ունեցող ընկերությունները տանենք կոնսենսուսով»,- առաջարկեց Միքայել Մելքումյանը:

Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Խոսրով Հարությունյանն էլ համամիտ է, ներդրողի հարց պիտի հստակ լինի նախքան մասնավորեցումը. «Անշուշտ, քաղաքական կոնսենսուսը մի բանում պիտի լինի՝ սեփականաշնորհե՞լ, թե` ոչ: Մնացած բոլոր հարցերում պարտադիր չէ ունենալ կոնսենսուս»:

Միքայել Մելքումյանը հստակեցրեց`իր ասածը քաղաքական կոնսենսուսն էր. «Առողջապահության նախարարն էլ այստեղ բացթողում արեց. ասում է՝ չգիտենք՝ ինվեստր կա՞, թե` չէ: Ա~յ քեզ բան, չգիտես՝ ինվեստր կա՞, թե՞ չէ. միգուցե որևէ ներդրում չի լինի ու որպեսզի ապագա ռիսկերից խուսափենք, պիտի նախապես անենք»:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն առաջարկեց ավելի ուշ հավաքվել, քննարկել վիճելի հարցերը: Կառավարության ներկայացուցիչ Արման Սահակյանն էլ արձագանքեց. «Գիշերվա մեկին էլ լինի, պատրաստ եմ գալ»:

Հարցի վերջնական քննարկումն ու քվեարկությունը կլինի վաղը, արտահերթ նիստից առաջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930