Լրահոս
Օրվա լրահոսը

Որ պաշտոնյային չեն սիրում՝ կարող են անանուն նամակ գրել հակակոռուպցիոն հանձնաժողովին ու նրան խայտառակել (Տեսանյութ)

Հունիս 07,2017 12:57

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի եւ կառավարության համատեղ հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծի փաթեթը:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է հայտարարագիր ներկայացնողների շրջանակը ընդլայնել, այսօրվա պաշտոնատար անձանցից մոտ 500-ն են հայտարարատու, հիմա հայտարարատու են դառնալու 2200-ը:

Ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք են համարվում պաշտոնյայի ամուսինը, անչափահաս զավակը, խնամակալության ներքո գտնվող անձինք, տվյալ պաշտոնյայի հետ համատեղ ապրող ցանկացած անձ: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մինչ այս հայտարարագրում էին գույքը եւ եկամուտները, շահերը չէին հայտարարագրում. «Շահերի հայտարարագրման մեխանիզմ չունեինք, նախատեսում ենք ներառել»:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով պաշտոնատար անձանց հայտարարագրերի, ստուգում, դրանց արժանահավատության ստուգում, վերլուծություն է նախատեսվում, խախտումների դեպքում վրա է հասնելու պատասխանատվություն: Պաշտոնատար անձանցից հանձնաժողովը կարող է լրացուցիչ բացատրություններ վերցնել, եթե խախտումները հաստատվեցին, կարող է դիմել դատախազություն:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցրեց՝ պետբյուջեի վրա ի՞նչ բեռ է լինելու այդ հանձնաժողովը, որովհետեւ ահագին մեծ հաստիքացուցակ է նախատեսվում: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ բյուջեի ծախսերը որոշակի ավելանում են, բայց հարցը վերաբաշխումներով կլուծվի:

Անանուն նամակները նույնպես պետք է քննվեն հանձնաժողովում՝ Սամվել Ֆարմանյանն այստեղ մտահոգություն է տեսնում, կարող է Պողոսը չսիրի Մարտիրոսին ու նրա տակը այսպես ասած փորելու համար նամակ գրի, այդ անձի շուրջ հանիրավի աղմուկ բարձրանա: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ սարսափելի տեսարանն օրենքում նկարագրված չէ, ուստի մտահոգություն չկա. «Անանուն ձեւով հանցագործության մասին հաղորդումը գնում է գլխավոր դատախազություն, դա հրապարակային հարթակ չի տեղափոխվում»:

Նա ասաց, որ դատախազությունը կստուգի՝ Պողոսը, եթե Կիրակոսին չի սիրում ու նամակ է գրում նրա մասին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում՝ համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Նամակում չեն կարող գրել՝ ես գիտեմ, որ նա կաշառակեր մարդ է, պետք է լինեն փաստեր:

Սամվել Ֆարմանյանին սա չհամոզեց, ըստ նրա, շատ երկար է պետք մտածել՝ անանուն նամակի ինստիտուտը ներդնելու համար, ԶԼՄ-ների ականջը կարող է ընկնել, դատախազությանը ԶԼՄ-ներից կհարցնեն՝ ճի՞շտ է, որ դուք այսպիսի հարց եք քննում, դատախազությունը չի կարող հերքել ու այդպես այդ պաշտոնյայի անունը այսպես ասած դուրս կգա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930