Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է կանգնելու երաշխավոր կարգավիճակի դիմաց տարածքների համար, Ռուսաստա՞նը». Անուշ Սեդրակյան

Հունիս 16,2017 14:40

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չի բացառում, որ կարող են սկսվել ավելի ծանր մարտական գործողություններ, քան ապրիլին էին, որոնք, սակայն, պատերազմի վերաճելու միտում չեն ունենալու:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Խառատյանը, անդրադառնալով Ադրբեջանի վերջին հայտարարություններին, թուրք-ադրբեջանական զորավարժություններին Նախիջևանի տարածքում և խորհրդարանականների այցին Արցախ, նշեց, թե նույնիսկ մեր ներքին խնդիրների տեսանկյունից ելնելով՝ Հայաստանին շատ դժվար է բանակցություններ վարել պատասխանատվության զգացում չունեցող երկրի հետ: Դառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «միթիզհողականներ» արտահայտությանը՝ ազգագրագետն ասաց. «Ախր այս միթիզհողականներ արտահայտությունը, որ ասում են, տպավորություն է  ստեղծվում, թե մարդիկ ծայրահեղական են: Բայց ոչ թե խոսքն առհասարակ զիջումային քաղաքականության մասին է, այլ Ղարաբաղի անմիջական, հստակ, հավաստի, երաշխավորված կարգավիճակի: «Ոչ մի թիզ հող» ասողները խոսում են այն մասին, որ ցանկացած զիջումի հնարավորությունը պետք է կշռվի Ղարաբաղի անմիջական կարգավիճակով»:

Տիկին Խառատյանը վստահ է, որ Ռուսաստան-Թուրքիա սիլի- բիլին միշտ է լինելու, պարզապես մտահոգված է, որ դրանց մեր խնդիրների մի զգալի հատված մասնակից չդառնա: Ըստ Հրանուշ Խառատյանի՝ Ալիևի ռազմավարական հեռանկարն է այն, որ Արցախը ստանա փաթեթով:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզին՝ քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը նկատեց, թե առաջին հայացքից այն գրավիչ է հնչում, սակայն ունեցել ենք բազում սադրանքներ հենց այդ ռազմավարության տիրույթում. «Կամ առաջին նախագահը չի պատկերացնում իրավիճակը, իհարկե, հաշվի առնելով նրա մտավոր ունակությունները՝ մի քիչ կասկածելի է, կամ էլ դիտմամբ խեղաթյուրում է իրավիճակը, որն այս պարագայում հանցավոր քայլ է: Խաղաղության թեզն այլընտրանքային արտաքին քաղաքականության հայտ է: Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չպետք է նույնականացվի աշխարհում գոյություն ունեցող և ոչ մի հակամարտության հետ: Շատ է խոսվում տարածքների մասին` կարգավիճակի դիմաց։ Ես նախկինում կողմ էի այդ մոտեցմանը, սակայն ապրիլյան պատերազմից հետո հասկացա` 800 հա հող տալ թշնամուն, նշանակում է երկու-երեք սմ ավելի թռչող փամփուշտ։ Ըստ այդմ` ոչ մի փոխզիջման այլեւս կողմ չեմ։ Ո՞վ է կանգնելու երաշխավոր կարգավիճակի դիմաց տարածքների համար։ Ռուսաստա՞նը: Աշխարհում ո՞ւմ համար է նա երաշխիք կանգնել ու այնտեղ պատերազմ չի եղել։ Չկա նման երկիր։ Հակամարտության կարգավորման բոլոր փաստաթղթերը պետք է դնել մի կողմ, քանի դեռ դրանք կետ առ կետ բացահայտված չեն լինի։ Եվ, ընդհանրապես, ո՞ւր է նայում մեր դիվանագիտությունը»։

Քաղաքական վերլուծաբանը մտահոգություն հայտնեց, որ մեր դիվանագիտությունը դուրս չի գալիս «Ռուսաստանը չի թողնի»-ի շրջանակներից ու տեղեկացրեց. «Նույնիսկ փորձագիտական ֆորումներում, երբ ասում ենք, որ ԱՄՆ-ից կա էներգետիկ անկախության փաթեթ, ասում են, թե ՌԴ-ն չի թողնի, ասում ենք` կա զենքի ավելի լավ առաջարկ, նորից ասում են՝ ՌԴ-ն չի թողնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930