Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Տավուշի ճանապարհները կառուցում դրսի ընկերությունները

Հունիս 19,2017 12:39

2017թ. մարտի 13-ին «ԱրմենՏԵլ» ՓԲԸ-ն գումարի բռնագանձման հայցով «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի դեմ հայց է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հայցի ապահովման համար «ԱրմենՏելը» միջնորդել է ճանապարհաշինական ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն դատարանին հայտնել է , որ Իջեւանի ճանապարհաշինական ընկերության հետ 2014թ. հունիսի 6-ին կնքել է Hi-Line ինտերնետ ծառայությունների մատուցման պայմանագիր: «Իջեւանի ՃՇՇ»-ն ինտերնետ ծառայության դիմաց չի վճարել, նրա պարտքը կազմել է 83 հազար 75 դրամ, որի պատճառով 2015թ. օգոստոսի 26-ին «ԱրմենՏելը» պայմանագիրը լուծել է: «ԱրմենՏելը» դատարանին խնդրել է «Իջեւանի ՃՇՇ»-ից բռնագանձել 83 հազար 75 դրամ, ինչպես նաեւ՝ վճարված պետական տուրքի գումարը՝ 1661 դրամ :

Քանի որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մարտի 29-ի վճռով «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել, ուստի «Սնանկության մասին» օրենքի համաձայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Արման Կուրեխյանը հունիսի 1-ին վճռել է քաղաքացիական գործի վարույթը կարճել:

«Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը խիստ վատացավ 2014թ., երբ փոխվեց Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցապատողը: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն էր պետական բյուջեի միջոցներով կառուցում շրջանցիկ ավտոճանապարհը, սակայն 2014թ. սեպտեմբերին կիսատ մնացած ճանապարհի շինարարությունը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Այդ ճանապարհն այժմ քանդվում է: Նշված ճանապարհին կատարած աշխատանքների համար Իջեւանի ճանապարհաշինական ընկերությունը պետական բյուջեից քիչ գումար ստացավ, ծագեցին հարկային ժամկետանց պարտավորություններ, որոնք հանգեցրին ընկերության սնանկացմանը:

Դիլիջան քաղաքից մինչեւ Դիլիջանի ավտոմոբիլային թունել ճանապարհի ձմեռային եւ ընթացիկ պահպանության աշխատանքները նախկինում Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ն էր կատարում,դրա համար պետբյուջեից ֆինանսավորվում: Այժմ այդ գործը տրված է Տավուշի հարեւան ՝ Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղի ՃՇՇ»-ին:

Վերջերս Հաղարծին գյուղում 5 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի ասֆալտապատումը կատարեցին ճանապարհաշինական 3 ընկերություններ, որոնք Տավուշի մարզից չէին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930