Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ բանակցել, ես հերքում եմ դա». Հայկ Պետրոսյանը՝ «Ելքի» հետ համագործակցության մասին

Հունիս 19,2017 14:39

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը անվստահություն էր հայտնել իր երկու անդամներին՝ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին՝ կուսակցության ծրագրից, սկզբունքներից եւ գաղափարախոսությունից շեղվելու, ինչպես նաեւ երեւանցիների շահերը դավաճանելու համար:

Տեղեկություն կար, որ «Երկիր Ծիրանին» Պետրոսյանին եւ Պարակշիեւին երեւանցու շահերը դավաճանելու, եւ իրենց սկզբունքներից շեղվելու մեջ է մեղադրում, քանի որ նրանք փորձել են համագործակցել «Ելքի» հետ: Իսկ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մեր հարցին՝ համագործակցություն եղե՞լ է «Երկիր Ծիրանիի» այդ երկու անդամների եւ ձեր միջեւ՝ պատասխանել էր. «Ընդհանուր առմամբ՝ այո, մենք էլ ենք քննարկել եւ կարծում եմ, իրենց մոտ էլ են քննարկել՝ որոշակի համագործակցության եզրեր գտնելու համար, բայց պաշտոնական հանդիպումների եւ բանակցությունների մեջ չենք մտել: Դրանք եղել են ցանկություններ՝ քաղաքական հեռատեսության եւ հեռանկարայնության պահով: Բայց ասել, որ հենց դրա համար են իրենց հանել՝ ես չեմ կարող»:

Aravot.am-ը զրուցեց Հայկ Պետրոսյանի հետ: Նա վստահեցրեց, որ այդ տեղեկությունը, որ «Ելքի» հետ համագործակցության համար են իրենց անվստահություն հայտնել՝ իրականությանը չի համապատասխանում: Նա ասաց, որ շուտով հայտարարությամբ հանդես կգան եւ բոլոր հարցերի պատասխանները կտան. «Եթե չեմ սխալվում, ինչ դուք ասացիք՝ ավելի շատ երգիծական հոդված են գրել, տարածել իրենց կողմից, ուստի չեմ ցանկանում մեկնաբանել»:

Հայկ Պետրոսյանը ընդհանրապես հերքեց, որ «Ելքի» հետ համագործակցության համար որեւէ՝ անգամ ոչ պաշտոնական հանդիպում է եղել. «Իմ եւ «Ելքի» հետ քարոզարշավից, նաեւ նիստերից առաջ հանդիպումներ չեն եղել: Ում հետ են քննարկել, չեմ կարող ասել, միգուցե իրենք քննարկել են դա խմբակցության ուրիշ անդամի հետ, ես չեմ կարող ասել: Իրենց հետ կոնկրետ իմ առնչությունը եղել է քարոզարշավի ժամանակ հարցազրույցների, բանավեճերի ժամանակ, իսկ ընտրություններից հետո ես իրենց հետ որեւէ հարցով չեմ բանակցել»:

Հայկ Պետրոսյանի մեկնաբանությամբ՝ սա Հայաստանն է եւ սենսացիոն բաներ են տարածում. «Մարդու հետ ուղղակի զրուցելը, որը ինչ-ինչ պատճառով կարող է այդ խմբակցությունից է, դա իրենց հետ բանակցություն չի կարող դիտվել: Ես չեմ բանակցել, ես հերքում եմ դա: Ուրիշների մասով չեմ կարող ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930