Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը ծրագրում է Հայաստանը ուխտագնացության երկիր դարձնել

Հունիս 19,2017 17:33

Կառավարությունը մտադիր է Հայաստանը ուխտագնացության երկիր դարձնել. Սա նախատեսվում է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրով:

Կառավարության այս նոր ծրագրի՝ զբոսաշրջության ոլորտի հայեցակարգով նախատեսվում է՝ «Մինչեւ  2017 թվականի ավարտը մշակել եւ ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը»:

Կառավարությունը մտադիր է 2017-2022 թվականներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի: Սրա համար, ինչպես գրված է ծրագրում, կառավարությունը նախատեսում է՝ մինչեւ այս տարվա վերջ մի շարք նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանել կամ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը դյուրացնել, ինչպես նաեւ՝  զբոսաշրջային տրանսպորտային միջոցների համար սահմանային անցման դյուրացում:

Կառավարությունը մտադիր է զբոսաշրջային ծառայությունների որակական նոր պահանջներ սահմանել մինչեւ 2018-ի վերջը: Ինչ որակների մասին է խոսքը, ծրագրում նշված չէ:

Ըստ ծրագրի, մինչեւ 2019-ի  ավարտը նախատեսվում է ներդնել զբոսաշրջության ռեգիստր, իսկ մինչեւ 2020-ի վերջն ավարտել հանրապետության տարածքում ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական միասնական ցանցի ստեղծման աշխատանքները:

Կառավարությունը կաջակցի մարզերում ամենամյա ավանդական փառատոների, տոնակատարությունների եւ այլ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը:

Մարզային զբոսաշրջության ընդլայնման համար ծրագրվում է միջազգային մրցաշարեր կազմակերպել:

Կառավարության ծրագրով նաեւ նախատեսվում է 2017-2022 թվականների ընթացքում ամրապնդել, զարգացնել եւ խթանել համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով եւ զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագիրը:

Զբոսաշրջության ճյուղերից՝ էկոտուրիզմի մասով էլ կառավարությունը մտադիր է մինչեւ 2020 թվականի վերջը ընդունել էկոտուրիզմի զարգացման հայեցակարգը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930